Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է

Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ապրիլի 19-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերյան էջում հրապարակած տեսանյութով պաշտոնապես հայտարարել է իր՝ ալեւի ուղղության հետեւորդ լինելու մասին։ Նա շեշտել է, թե ինքը մահմեդական է՝ հավելելով, որ մարդուն իր ինքնությունն է ձեւավորում, ինչն արժանի է հարգանքի ու պահպանման։ Նա թեեւ իր հավատքին հազվադեպ է անդրադարձել, բայց երբեք չի ժխտել դա։ Ընտրվելու դեպքում, փաստորեն, առաջին ալեւի նախագահը կլինի։ Նախքան թեկնածության առաջադրումը ոչ միայն վերլուծաբանները, այլեւ անգամ նրա կուսակիցներից ոմանք նշում էին, թե դա կարող է պատճառ դառնալ, որ պահպանողականներն ու իսլամականները հրաժարվեն նրա օգտին քվեարկելուց։ Մինչդեռ, այսպիսով, նա կունենա ալեւիների ձայները, որոնք, ըստ ամենայնի, շատ ավելի մեծ թիվ են կազմելու, քան քվեների հավանական կորուստը՝ հաշվի առնելով, որ ընդդիմության դաշինքի 6 կուսակցություններից 5-ը պահպանողական են, մեկն էլ՝ իսլամական։ Մանավանդ որ նեոօսմանական քաղաքականություն որդեգրած Էրդողանի կեցվածքն ալեւիների հանդեպ եղել է արհամարհական ու խտրական։

Անդրադառնալով ալեւիականության ծագման հարցին, ինչը համարվում է իսլամի շիա ուղղության ճյուղերից մեկը, նշենք, որ առկա են տարբեր տեսակետներ։ Նրանք գլխավորապես ապրել են Օսմանյան կայսրության տարածքում եւ վերջինիս կողմից դարեր շարունակ ենթարկվել դաժան հալածանքների: Նրանք հերետիկոս, անաստված, կռապաշտ պիտակներից խուսափելու նպատակով հաճախ թաքցնում էին իրենց կրոնական պատկանելությունը։ Ալեւիները, թերեւս, նման վերաբերմունքի են արժանանում նաեւ իշխող կուսակցության եւ նախագահ Էրդողանի կողմից։

Սելջուկ թուրքերի իշխանության օրոք սուֆի շեյխերը խիստ ազդեցիկ դեր ունեին, որոնք քրիստոնեության հանդեպ թշնամաբար չէին տրամադրված, ինչը նրանց շփումը դյուրին էր դարձնում։ Սուֆի միստիկ գիտնական Հաջի Բեքթաշ Վալին, որ մեծ հարգանք էր վայելում, քարոզում էր իսլամի նոր տարբերակ, որն իսլամի ու քրիստոնեության ավանդույթների, սկզբունքների համադրություն է: Ինչպես նշում են այդ ուղղության փոքրաթիվ ուսումնասիրողներ, հուսահատ քրիստոնյաները՝ հույները, հայերը, ասորիները, որոնց ստիպում էին իսլամ ընդունել, աստիճանաբար տրվում էին բեքթաշյան քարոզներին եւ ընդունում այդ հավատը (A history of Islamic societies, Cambridge university press, 1988)։ Ահա թե ինչու ալեւիներին նաեւ բեքթաշականներ են անվանում։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում ալեւիների մի հատված ծագումով հույն, հայ եւ ասորի են, անկախ այն բանից, որ այսօր թուրք, քուրդ կամ զազա են համարվում: Հատկանշական է նաեւ, որ ալեւիականության երեւան գալու վերաբերյալ օսմանյան պատմական աղբյուրները եւս նշում են, թե այն ձեւավորվել է իրանցի սուֆի միստիկ գիտնական Հաջի Բեքթաշ Վալիի ջանքերով։  

13-րդ դարի ընթացքում Փոքր Ասիա ներթափանցեցին թուրքական այլ ցեղեր: Նրանք աստիճանաբար հզորանալով՝ դուրս մղեցին սելջուկ թուրքերին եւ 1299 թ. հիմնադրեցին Օսմանյան կայսրությունը, որը հարատեւեց մինչեւ 1922 թ.։ Օսմանյան թուրքերը, ի տարբերություն սելջուկների, իսլամի սունի ուղղության հանա‎ֆի‎ ճյուղի դավանողներ էին, որոնք ալեւիներին մահմեդական չհամարելով՝ անասելի հալածանքների էին ենթարկում, հարստահարում` տարաբնույթ հարկեր գանձելով: 15-րդ դարի վերջին նրանք ալեւիների առաջնորդներին բանակցություններ վարելու պատրվակով հրավիրում են կայսրության կարեւոր քաղաքներից Հալեպ, այնտեղ օսմանյան գործակալները շրջապատում են նրանց, կապում ձեռքերն ու ոտքերը, ապա քաղաքի հրապարակում մեկ առ մեկ գլխատում, որպեսզի դաս լինի բոլորին:

Թեեւ քեմալական Թուրքիայում, որտեղ կարեւորվում էր թուրքական ինքնությունը, եւ ջանքեր էին գործադրվում «թուրքացնել» այլ ազգերին ու ազգություններին, ալեւիների հանդեպ ճնշումները մասամբ թուլացել էին, բայց եւ այնպես նրանց հանդեպ խտրականության եւ արհամարհանքի քաղաքականությունը շարունակվում էր։ Դա են վկայում 1937-38 թթ. Դերսիմի 65-70 հազար զազա ալեւիների ջարդերը։ Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների՝ ալեւիները համեմատաբար լավ վիճակում են հայտնվել անցյալ դարի 90-ականներին՝ Թուրգութ Օզալի եւ Սուլեյման Դեմիրելի իշխանության օրոք:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող ալեւիների քանակին, որոնք ազգությամբ արաբ, քուրդ եւ թուրք են, ապա անկողմնակալ եւ գիտական վիճակագրության բացակայությամբ պայմանավորված՝ հստակ տվյալներ չկան: Նրանք դեռեւս 1990 թ. հայտարարել էին, որ 20 միլիոն են, իսկ պաշտոնական Անկարան քաղաքական, շահադիտական նկատառումներով նրանց թիվը կրճատում եւ 1-ից մինչեւ 2-3 միլիոն է համարում: Մինչդեռ որոշ դիտորդների կարծիքով՝ ալեւիների թիվը Թուրքիայում ավելի քան 15 միլիոն է։ Նշենք նաեւ, որ կան այլ տվյալներ, որոնց համաձայն՝ Թուրքիայի բնակչության 25-40 տոկոսն ալեւիներ են, ընդ որում՝ դրանց 40 տոկոսը քրդերն ու զազաներն են։

Թեեւ Էրդողանն ընտրական քարոզարշավների ընթացքում երբեմն ալեւիների հետ հանդիպումներ է ունեցել, խիստ կարեւորել երկրի տարբեր կրոնական համոզմունքներով ողջ բնակչության եղբայրությունն ու հավասարությունը, շեշտել, որ որեւէ մեկն ի զորու չէ վնասել նրանց միասնականությանն ու համերաշխությանը, սակայն նրա որդեգրած քաղաքականությունն ալեւիների հանդեպ ընդգծված խտրականությունն է: Ուստի համայնքից ընտրված պատգամավորները, պաշտոնյաներն ու կրոնական առաջնորդները հաճախ հրաժարվել են մասնակցել նման հանդիպումներին։ Միաժամանակ չեն ողջունել հնչեցված կոչերը՝ շեշտելով, որ դա պետք է ապացուցել գործով, իսկ Էրդողանն ու նրա կուսակիցները ալեւի բառը հաճախ կիրառում են իբրեւ հայհոյանք եւ նրանց ստորացնելու նպատակով՝ դասում հայերի, եզդիների ու զրադաշտականների շարքերին: Ավելին՝ Էրդողանը «ջամավիների»՝ ալեւիների աղոթարանների մասին խոսում է որպես մշակույթի կենտրոնների՝ շեշտելով, թե աղոթելու վայրը մզկիթն է, ինչը նշանակում է, որ նրանց մահմեդական չի համարում: Որոշ մեկնաբաններ անգամ Բաշար Ասադի վարչակարգի հանդեպ Էրդողանի կառավարության դիրքորոշումը պայմանավորում են նրա ալեւի լինելու հանգամանքով։ Հավելենք նաեւ, որ Թուրքիայում գործող ավելի քան 900 «ջամավիներ» համարվում են ապօրինի շինություններ, քանի որ կառավարությունը ոչ միայն մզկիթների օրինակով ֆինանսներ չի տրամադրում, այլեւ շինթույլտվություն չի տալիս։ Եղել են դեպքեր, երբ այն ծաղրել է այդ աղոթարանները, դրանք տգեղ ու նայելու արժանի չի համարել։ Նման պայմաններում ավելի քան ակնհայտ է, որ ալեւիները քվեարկելու են հօգուտ Քըլըչդարօղլուի։

Այլ կերպ ասած՝ «Էրդողանի կայսրությունը» եւ «Սուլթանի աշունը, կամ մտորումներ Թուրքիայի քաղաքական ապագայի մասին» գրքերի հեղինակ, «Վաշինգտոն» հետազոտությունների կենտրոնի թուրքական ուսումնասիրությունների նախագծի տնօրեն Սուներ Չագափթայը միանգամայն իրավացի է։ Նա, արձագանքելով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, իր թվիթերյան էջում շեշտել է, որ վերջինս, այդպիսով, «Էրդողանին ծանր վիճակի մեջ է դրել՝ հողը տանելով նրա ոտքի տակից»։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]