Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը գումար է հատկացրել Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար

Կառավարությունը գումար է հատկացրել Գյումրու դրամատիկական թատրոնի 
պատուհանների փոխարինման համար

 ԳՅՈՒՄՐԻ,  7  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, թատրոնի պատուհանները վթարային վիճակում են, ինչը ոչ  միայն անվտանգության, այլ նաև ջեռուցման խնդիրների առաջ էր կանգնեցրել թատրոնին: «Շատ երկար ժամանակահատված այս խնդրի մասին խոսել ենք, բայց լուծում չկար։ Նազելի Բաղդասարյանը մարզպետ նշանակվելուն պես այն համարեց իր առաջնային խնդիրը։ Հուրախություն մեզ, այսօր իրականություն դարձավ, սա ամենամեծ նվերն է թատրոնին։ Նազելի Բաղդասարյանի հոգատար վերաբերմունքի շնորհիվ եղավ այս ամենը, գործը շարունակեց ներկայիս մարզպետը»,- լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, տեղեկացնելով, որ պատուհանների խնդիր հետ միասին, լուրջ խնդիր  է  նաև Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը 2016 թվականին տեղափոխվել էր թատրոն:

Նշենք, որ երկար տարիներ որմնանկարը գտնվում էր Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը մասնակի վնասվել էր: Վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թ. որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր:

Որմնանկարի տեղափոխության հարցը  քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում: Թատրոնի տնօրենը Լյուդվիգ Հարությունյանը հուսով է, որ մինչ նոր պատուհանների տեղադրումը կլուծվի որմնանկարի տեղափոխոթյան հարցը: «Հակոբ Հակոբյանի որմնանկարը շատ կարևոր ազգային արժեք է, որը վթարային վիճակում է, այն պիտի իր արժանի տեղը գտնի։ Որմնանկարը հիմա ոչ միայն փակում է թատրոնի լուսավորությունը, այլ ինքն ունի պահպանության անհրաժեշտություն»,-հավելեց տնօրենը:      

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]