Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից

Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 658 հազար մարդ Թուրքիայում և շուրջ 170 հազարը Սիրիայում զրկվել են ապրուստի միջոցներից փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով: Նման տեղեկություն է հայտնել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար աշխատող չի կարող վաստակել օրվա հացը», - նշել են զեկույցի հեղինակները՝  հավելելով, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ «ավելի քան 150 հազար աշխատատեղ պիտանի չԷ օգտագործման համար»։

ԱՄԿ-ի գնահատումներով՝ տարերքից տուժած շրջաններում աշխատողներից յուրաքանչյուրն ամսական միջինը կորցնում է ավելի քան 230 դոլար, իսկ, ընդհանուր առմամբ, ներկայիս ճգնաժամի հետևանքով եկամուտների կորուստները կազմում են ամսական մոտ 150 միլիոն դոլար:

«Գնահատումների համաձայն՝ Սիրիայում, որտեղ 12 տարվա քաղաքացիական պատերազմն արդեն վիթխարի վնաս է հասցրել տնտեսությանը և աշխատաշուկային, երկրաշարժերի հետևանքով մոտ 170 հազար աշխատակից կորցրել է աշխատանքը», - ասված է զեկույցում։

Դա «ուղղակիորեն ազդել է մոտ 154 հազար տնային տնտեսությունների և ավելի քան 725 հազար մարդու վրա», տուժել է մոտ 35 հազար միկրո, փոքր և միջին ձեռնարկություն։ Փորձագետներն արձանագրել են, որ ժամանակավոր գործազրկությունը «հանգեցրել է աշխատանքային եկամուտների ընդհանուր կորուստների, որոնք համարժեք են ամսական առնվազն 5,7 միլիոն դոլարի»:

ԱՄԿ-ն, որը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է,  կանխատեսում է աղքատության աճ Թուրքիայում և Սիրիայում, եթե երկրաշարժերի պատճառով եկամուտներից զրկված բնակիչներին անհետաձգելի և նպատակային աջակցություն չտրամադրվի։

«Զբաղվածության աջակցումը կենտրոնական դեր Է խաղում այս արհավիրքին հաջող և համապարփակ արձագանքման համար», - հայտարարել Է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն:

«Մարդիկ կարող են սկսել վերականգնել իրենց կյանքը միայն այն դեպքում, եթե նրանք վերականգնել են գոյության միջոցները: Մենք պարտավոր ենք ապահովել..., որ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքներն ամուր խարսխված լինեն վերականգնման և վերակառուցման գործընթացում», - ընդգծել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am