Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կարիք է տեսնում՝ կանխելու հայերի դեմ հերթական ցեղասպանությունը

Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կարիք է 
տեսնում՝ կանխելու հայերի դեմ հերթական ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին կարևորում է միջազգային հանրության դերակատարությունը՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել ԼՂ-ի, Հայաստանի հայերի դեմ ցեղասպանական մտադրություններից: Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը ցեղասպանություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և հարցին, թե այս առումով ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը՝ կանխելու նոր ցեղասպանությունը՝ նա ասաց, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելին անել, քան արդեն արել է՝ կանխելու նոր ցեղասպանությունը: Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին ընդգծեց՝ ցեղասպանությունը կարող է կանխվել:

«Ես կարծում եմ, որ այժմ քայլեր ձեռնարկելը կկանխի հայերի դեմ հերթական ցեղասպանությունը: Առնվազն այս սպառնալիքները բավարար են՝ հասկանալու, որ պետք է գործողություններ ձեռնարկել: Հակառակ դեպքում մեր բոլոր «այլևս երբեք» կարգախոսները փուչ կդառնան: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ու Թուրքիան հասկանան, որ անպատժելիության պայմաններում չեն գործում»,-ասաց նա:

Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին ընդգծեց՝ միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ ցեղասպանական հարձակումը հայերի դեմ Արցախում, Հայաստանում կամ այլ վայրում, ուժգին պատասխան կստանա, ծանր հետևանքներ կլինեն՝ հայերի դեմ գործողությունների համար: Եվ այս ամբողջը պետք է արվի դիվանագիտական ճանապարհով, սա համակարգված ջանքեր է պահանջում:

«Ավելին՝ բոլոր այն պատերազմական դաժան հանցագործությունները, որոնք կատարվել են 2020-ին (հեղ.-44-օրյա պատերազմի ընթացքում) և 2022-ի սեպտեմբերին, պետք է քննվեն միջազգային դատարաններում՝ որպես ծանր հանցագործություններ: Այսպիսով մենք պետք է հետամուտ լինենք այդ հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, կարծում եմ, որ որոշ կարևոր երկրներ, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, կարող են սպառնալ՝ չեղարկելու իրենց տնտեսական և ռազմական օգնությունը Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ աշխարհի խոշոր տերությունները սա շատ լուրջ կընդունեն և կձեռնարկեն ամեն ինչ, դիվանագիտական ողջ գործիքակազմը կկիրառեն՝ հասկացնելու Թուրքիային և Ադրբեջանին, որ նրանք պետք է հետ կանգնեն այն ցեղասպանական լեզվից, որը նրանք օգտագործում են՝ ահաբեկելու հայերին, սպառնալու հերթական ցեղասպանությամբ»,-եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am