Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Մունդիալ-2022․ Բրազիլիայի հավաքականը «կախարդական երեկո» պարգևեց երկրպագուներին

Մունդիալ-2022․ Բրազիլիայի հավաքականը «կախարդական երեկո» պարգևեց 
երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում  պայքարի մեջ մտավ առաջնության հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկը՝ Բրազիլիայի հավաքականը․ մրցակիցը Սերբիայի ընտրանին էր։

Խաղի մեկնարկին սերբերը փորձեցին համարձակ ֆուտբոլ խաղալ, և սկզբնական հատվածում դա նրանց մոտ ստացվում էր։ Թեև վտանգավոր պահեր բրազիլացիների դարպասի մոտ սերբերը չէին ստեղծում, սակայն նրանց հաջողվում էր պրեսինգի միջոցով կանխել բրազիլացիների առաջխաղացման փորձերը ու որոշակի ճնշում գործադրել։ Սակայն Բրազիլիան աստիճանաբար նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց։ Բրազիլիան ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր գրոհում ու սպառնում մրցակցի դարպասին։ Առաջին խաղակեսում, սակայն, Բրազիլիան այդպես էլ մինչև վերջ չբացվեց։ Խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, իսկ երկրորդ խաղակեսում սերբերը իրենց մաշկի վրա զգացին Բրազիլիայի հավաքականի ամբողջ հզորությունը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն առաջ նետվեցին՝ մրցակի վրա ահռելի ճնշում գործադրելով։ Բրազիլացիները պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը ու անընդհատ սպառնում էին նրանց դարպասին։ Սերբիայի հավաքականը երկրորդ խաղակեսում անօգնական տեսք ուներ և միայն պաշտպանվում էր, սակայն նման խաղով, իհարկե, սերբերը չէին կարող խուսափել բաց թողած գնդակից։ Ի վերջո, մի քանի վտանգավոր գրոհից հետո, որոնցից մեկի ժամանակ էլ Սանդրոյի հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, բրազիլացիները կարողացան իրենց տոտալ առավելությունը գոլի վերածել։ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, ով ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում․ Վինիսիուսի հարվածից հետո գնդակը հետ մղեց սերբերի դարպասապահը, իսկ վրա հասած Ռիշարլիսոնը հանգիստ գրավեց դատարկ դարպասը։  

Գոլից հետո Բրազիլիայի հավաքականն ավելի մեծացրեց առավելությունը․ վտանգավոր գրոհները մեկը մյուսի հետևից հաջորդում էին սերբերի դարպասի ուղղությամբ։ 73-րդ րոպեին բրազիլացիների՝ առանց այդ էլ հիասքանչ խաղը իր ֆանտաստիկ գոլով զարդարեց նույն Ռիշարլիսոնը։ Գրոհի ձախ եզրից Վինիսիուսի կատարած փայլուն փոխանցումից հետո Ռիշարլիսոնը ուղղակի հրաշալի մշակեց գնդակը ու կիսաշրջադարձ հարվածով ծնկի բերեց մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին՝ 2-0։

Բրազիլիան երկրորդ գոլից հետո էլ չէր հանգստացել ու անընդհատ մեծ ցանկությամբ գրոհում էր։ Դրվագներից մեկում Կազեմիրոյի հեռվից կատարած գեղեցիկ հարվածից հետո սերբերին ևս մեկ անգամ օգնության եկավ դարպասաձողը, մի քանի անգամ էլ իր թիմին փրկեց Սերբիայի հավաքականի դարպասապահը։ Խաղավերջում Բրազիլիան հանգիստ ավարտին հասցրեց հանդիպումը։ Խաղն ավարտվեց Բրազիլիայի վստահ ու գեղեցիկ հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Բրազիլիայի ու Շվեյցարիայի հավաքականները 3-ական միավորով գլխավորում են G խմբի աղյուսակը։ Կամերունի ու Սերբիայի հավաքականները միավոր չունեն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]