Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, դեկորատիվ բույսեր. Դենդրոպարկը զբոսանքի լավագույն վայրերից է տարվա բոլոր եղանակներին

Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, դեկորատիվ բույսեր. Դենդրոպարկը 
զբոսանքի լավագույն վայրերից է տարվա բոլոր եղանակներին

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում՝ Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա 35 հեկտար տարածքում տեղակայված է Ստեփանավանի «Սոճուտ» Դենդրոպարկը, որը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից մեկն է տարվա ցանկացած եղանակի։ 

Հսկայական այգու 17.5 հեկտարը բնական անտառներ են, իսկ 15 հեկտարը զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էին բերվում փոխանակման եղանակով, Դենդրոպարկը նաև զբաղվում է բույսերի տեսականու արտադրությամբ: 

Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակը կարողացավ հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին, դրանցից 9 տեսակները գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»: Այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակի, քանի որ ամեն եղանակ իր ձևով «զարդարում» է տարածքի շքեղ բնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը ոլորտը լուսաբանող լրագրողներ համար կազմակերպել էր մեդիա-տուր՝ ներառելով այց Ստեփանավանի Դենդրոպարկ: 

«Ստեփանավանի «Սոճուտ» Դենդրոպարկում աճում են այնպիսի ծառաթփատեսակներ, ինչպիսիք են կեչին, ընկուզենին, հիմալայան մայրին, սեկվոյան և այլն: Դենդրոպարկում աշխատանքներ են ընթանում ծառատեսակների մշակման ու բազմացման ուղղությամբ: Տեղանքի բարեխառն կլիման՝ զով ու խոնավ ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով, նպաստավոր է ասեղնատերևավոր թանկարժեք ու բարձր գեղազարդային ծառաթփատեսակների բազմացման ու տարածման համար»,- նշեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի ավագ գիտաշխատող Գառնիկ Սիրադեղյանը

Դենդրոպարկի ամենահետաքրքիր «բնակիչներից» մեկը կալիֆորնիական Սեկվոյան է: Երեք դեռ երիտասարդ տնկիները բարեհաջող արմատացել և բարձրություն են հավաքում: Հայաստանում միայն այս այգում հնարավոր կլինի հանդիպել դրանց: Սեկվոյաներ եղել են նաև Իջևանի Դենդրոպարկում, սակայն դրանք չորացել են: 

Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ՝ հայտնի կենսաբան Էդմոնդ Լեոնովիչի կողմից: Ներկայումս Դենդրոպարկի տնօրենը նրա որդին է`Վիտալի Լեոնովիչը:

«Դենդրոպարկն իմ ծննդավայրն է, այստեղ եմ աշխատում 1983 թվականից: Եղած ծառաթփատեսակները իմ «զավակներն» են: Դենդրոպարկը Լոռու մարզի այցեքարտն է: Երանի այսքան ծեր չլինեի կամ նորից ծնվեի ու հնարավորություն ունենայի այստեղ ամեն բան նորից կառուցել, այնքան բան կփոխեի»,- նշեց Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը: 

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը բնապահպանական, գիտահետազոտական և գիտաճանաչողական կազմակերպություն է: ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում՝ «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան Կարմիր», «Հանքավանի ջրաբանական», «Ջերմուկի ջրաբանական», «Զիկատար» պետական արգելավայրերը, Ստեփանավանի «Սոճուտ, Բերդի «Սորաններ», Իջևանի «Դենդրոպարկ» և Վանաձորի «Սարուխանյան Ժ.-ի անվան» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառապարկը: Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, բնության ժառանգության պահպանության, գիտական ուսումնասիրություններ և մոնիթորինգ: 

Դենդրոպարկերում և անտառապարկում իրականացնում են արհեստական պայմաններում աճեցված տնտեսական, գեղազարդարային և գիտական նշանակություն ունեցող տեղական և ներմուծված ծառաթփային բույսերի կենդանի հավաքածուների պահպանություն, պաշտպանություն և վերարտադրություն: 

ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը նշեց՝ նպատակ ունեն Դենդրոպարկերում և անտառապարկում զարգացնել ձմեռային և աշնանային տուրիզմը: Այս շրջանում Դենդրոպարկերում մարդիկ կարող են վայելել մաքուր օդը, լռությունը, դե իսկ մշտադալար ծառաթփատեսակները կարող են զարդարել տվյալ եղանակին բնորոշ առանձնահատկությունները՝ ծառերի գունագեղությունն ու ձմռան սպիտակ ձյունը: 

«Ձևավորել ենք մասնագիտական խմբեր, որոնք զբաղվում են Դենդրոպարկերում առկա խնդիրների վերլուծությամբ: Ձեռք ենք բերել նոր գյուղատնտեսական սարքավորումներ, որոնք կթեթևացնեն աշխատանքը և կօգնեն ճիշտ կազմակերպել այն»,- նշեց նա: 

Գաբրիելյանի խոսքով՝ մուտքավճարների, տարբեր համագործակցությունների շնորհիվ գեներացված գումարներն ուղղում են նոր սարքավորումներ ձեռք բերելուն, սեզոնային բանվորներ վարձելուն: Նոյեմբերի մեկից ՊՈԱԿ-ի 74 աշխատակիցների աշխատավարձերը տաս տոկոսով ավելացվել են: ՊՈԱԿ-ը համալրվում է երիտասարդ կադրերով:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Կարինե Տերտերյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]