1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՃՇՀԱՀ-ի ուսանողը 1500 եվրոյի չափով կրթաթոշակ է ստացել Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

ՃՇՀԱՀ-ի ուսանողը 1500 եվրոյի չափով կրթաթոշակ է ստացել Յուրգիս Բալտրուշայտիսի 
անվան ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների միջազգային օրը առանձնակի կարևորվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, «Յուրգիս Բալտրուշայտիսի» անվան ամենամյա մրցանակաբաշխությանը Աստղիկ Ղազարյանի՝ «Վարդանանց, Շահինյան, Չարենց փողոցներին հարող տարածքի վերակազմակերպման հայեցակարգային նախագիծը» հաղթող է  ճանաչվել՝ «Պատմաճարտարապետական միջավայրի արդիականացում» անվանակարգում և արժանացել «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից սահմանված 1500 եվրոյի չափով կրթաթոշակի:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Մեդիամաքս» գործակալության կողմից համատեղ իրականացվող լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը կայացել է 2022 թ. նոյեմբերի 17-ին համալսարանի Յ.Բալտրուշայտիսի անվան լսարանում:

Մրցույթի ավարտական փուլին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը, «Պետրոս Ալոյան»  հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, ինչպես նաև համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ուսանողները: Ներկաները բարձր գնահատեցին եռակողմ այս համագործակցությունը և ուրախությամբ ընդգծեցին, որ այն դարձել է ավանդական: Մրցույթի նախնական փուլում հանձնաժողովին ներկայացվել է 17 նախագիծ:

Ավարտական փուլի համար ընտրվել էր 5 ուսանողի աշխատանք: Եզրափակիչ փուլում աշխատանքները ներկայացնելուց հետո հանձնաժողովը քննարկեց նախագծերը և առաջնությունը տրվեց այն նախագծին, որը արդիական է իրականացման և վերակառուցման տեսանկյունից: Ուսումնասիրելով ներկայացված նախագծերը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը առանձնակի կարևորեց այս միջոցառումը նշելով. «Տարեցտարի ընդլայնվում է ուսանողների մասնակցության թիվը: Հուսով եմ, որ գնալով ավելի լավ աշխատանքներ ենք տեսնելու»:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակիցներին համագործակցության համար և ընդգծել մրցանակաբաշխության կարևոր դերը՝  նշելով, որ այն մեծապես նպաստում է հայ-լիտվական բարեկամությանը:

Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակը հիմնադրվել է 2017թ.-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]