Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բազմաժանր ներկայացումներ, սպասված հյուրեր և վարպետաց դասեր. մեկնարկում է հոբելյանական «Հայ ֆեստը»

Բազմաժանր ներկայացումներ, սպասված հյուրեր և վարպետաց դասեր.  մեկնարկում է 
հոբելյանական «Հայ ֆեստը»

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներորդ «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը, կհյուրընկալի տասը երկրից ավելի քան 250 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական «Հայ ֆեստը» կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» (The next 20 years will be better!) խորագիրը: Փառատոնի ընթացքում երևանյան 14 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա բեմադրություններ:

Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ ներկայացումներ կցուցադրվեն ոչ միայն թատրոններում, այլև հրապարակներում և բացօթյա այլ հարթակներում: «Նախատեսվում են  դերասանի վարպետությանը, շարժման թատրոնին, մշակութային քաղաքականությանը, արվեստի կառավարմանը, ոլորտում ժամանակակից մարտահրավերներին վերաբերող վարպետության դասեր: Այս տարի ներկայացումները կլինեն և՛ անվճար, և՛ վճարովի: Վաճառված տոմսերի ամբողջ հասույթը կտրամադրվի «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամին»,-տեղեկացրեց նա և հավելեց, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսի դատին կհանձնեն «Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացումը, որը նվիրված է  Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանին և բեմադրվել է նրա հեքիաթների հիման վրա։

Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, շնորհակալություն հայտնեց Տիկնիկային թատրոնի ղեկավարությանը՝ ներկայացումը կյանքի կոչելու համար: «Ալենը մեծ ոգևորությամբ էր աշխարհով մեկ քարոզում կրթության, գիտության, արվեստի և մշակույթի դերը: Անվախ, քաջ երիտասարդ էր, որը թողեց Բոստոնի համալսարանում կրթությունն ու ապագան ԱՄՆ-ում և եկավ՝ կյանքը տալով իր ազգին, ժողովրդին ու պետությանը: Նա ստեղծագործում էր. գրում էր հեքիաթներ, ֆիլմեր էր նկարահանում, դասախոսում էր, գերազանց տիրապետում էր հինգ օտար լեզվի: Մանուկներն Ալենի հոգում ու սրտում էին, և նա դա ցույց տվեց իր հեքիաթներով»,-նշեց Տերտերյանն ու ընդգծեց՝ համոզված է, որ ներկայացումը երկար տարիներ մնալու է թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների սրտերում, քանի որ յուրօրինակ է և հորդորում է գրքի, ընթերցանության միջոցով բացահայտել աշխարհը, փոխել այն դեպի գեղեցիկը, բարին, վեհն ու ազնիվը:

Փառատոնի սպասված ներկայացումներից մեկը Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» բեմադրությունն է: Երևանյան թատրոններից «Հայ ֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի կամերային, Սոս Սարգսյանի անվան համազգային, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային և «Միհր» թատրոնները: Փառատոնի շրջանակում վարպետության դասեր կանցկացնեն թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):

«Հայ ֆեստի» բացումը կկայանա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիո»-ն (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:

Ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:

Արթուր Ղուկասյանը վստահեցրեց, որ թատերասեր հանրությունը մշտապես մասնակցում է փառատոնների: Կարծում է՝ այս տարին ևս բացառություն չի լինի: «Շատերը գիտեն մեր փառատոնի մասին ու սպասում են բացօթյա, «խուճուճ» ներկայացումների ու կարոտել են, քանի որ երկու տարի փառատոնն օֆլայն չի անցկացվել»,-շեշտեց նա:

Ղուկասյանի  խոսքով՝ «Հայ ֆեստը» և մի շարք այլ փառատոններ մեծ ներդրում են ունեցել Հայաստանում թատերական կյանքի ակտիվացման և զարգացման գործում: Ըստ Ղուկասյանի՝ այժմ կան երեքից հինգ հիանալի ռեժիսորներ, թատերական մրցակցություն, և այդ ամենը նաև «Հայ ֆեստի» շնորհիվ է: Փառատոնի նախագահը հիշեցրեց, որ տարիների ընթացքում կազմակերպել են լաբորատորիաներ, սեմինարներ, վարպետաց դասեր և ծանոթացրել են մարդկանց թատերական զարգացումներին ու նորարարություններին, ինչը չէր կարող արդյունք չտալ:

«Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: 2019-2021 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

20-րդ փառատոնի ծրագրին ծանթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ` https://highfest.am:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]