Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի Ադրբեջանի 
սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է, որ Հայաստանը մշտապես պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիային:

Նա նախ ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ձեռնարկել է հերթական սադրանքը՝ հարձակվողական գործողությունների ձևով, և «Հայաստան» խմբակցությունն ու իրենց բոլոր գաղափարակից ընկերներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈՒ-ին:

«Այս ամենն արդյունք է նրա, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է օղակը սեղմել ՀՀ-ի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը և ինչպես իրենց են ասում «Սյունիքի միջանցքի» բացմանը»,-ասաց Օհանյանը:

Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանի սադրանքները, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները, խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները բավարար չափով չեն դատապարտվել:

«Բայց ամենակարևոր պատճառներից մեկն էլ նա է, որ այսպիսի սադրանքներին մենք մշտապես պետք է պատրաստ լինենք: Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ»,-ասաց Օհանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները, իմանալով իրավիճակը, պարտավոր էին ԶՈՒ-ն, հասարակությանը նախապատրաստել: 

«Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, դիրքային փոփոխությունները, ճշտել գերիների, անհետ, կորածների քանակը, պատշաճ կերպով ներկայացնել հանրությանը, թոթափել բոլոր մտահոգությունները: Եվ պետք է միջոցներ ձեռնարկեն, որ Հայաստանը հաջորդ այսպիսի սադրանքներին կարողանա պատրաստ լինել»,-եզրափակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am