Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տիեզերքի հետազոտման շնորհիվ մենք կբացահայտենք ինքներս մեզ․ Միջազգային տիեզերակայանի նախկին հրամանատարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին

Տիեզերքի հետազոտման շնորհիվ մենք կբացահայտենք ինքներս մեզ․ Միջազգային 
տիեզերակայանի նախկին հրամանատարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են Միջազգային տիեզերակայանում անկշռության պայմաններում աստրոնավտները, օրինակ, լվացվում, սափրվում կամ լվանում ատամները։ Պարզվում է, որ միկրոգրավիտացիայի պայմաններում պարզապես չեք կարող քամել թաց շորը, իսկ լավ քուն ունենալու համար ձեզ ամենևին էլ հարկավոր չեն լինի մատրասը կամ բարձը։ Եվ եթե ստացվել է այնպես, որ հայտնվել եք անկշռության մեջ ու հուզվել եք, ապա շտապեք չորացնել արցունքներն անձեռոցիկով, քանի որ արցունքի կաթիլները չեն հոսելու ներքև, այլ թույլ գրավիտացիայի պատճառով աչքի վրա վերածվելու են ջրային գնդի ու փակելու են տեսողությունը։

Միջազգային տիեզերակայանում բնակվողների առօրյան Երկրի բնակիչներիս համար հասանելի ու տեսանելի դարձավ կանադացի աստրոնավտ, Միջազգային տիեզերակայանի նախկին հրամանատար Քրիս Հեդֆիլդի շնորհիվ։ Ավելի քան 160 օր տիեզերքում անցկացրած Հեդֆիլդը, ով նաև բաց տիեզերքում քայլած առաջին կանադացին է,  իր երեք տիեզերական առաքելությունների ընթացքում արված տասնյակ տեսանյութերի միջոցով ցույց տվեց, թե ինչպիսին է կյանքը Երկրի ուղեծրում։ STARMUS փառատոնին մասնակցելու նպատակով Քրիս Հեդֆիլդն այցելել էր Հայաստան։ «Արմենպրես»-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Հեդֆիլդի հետ, խոսել Տիեզերքի և տիեզերական հետազոտությունների ապագայի, մարդկային վախերի, երաժշտության ու մարդկանց միավորող արվեստի մասին։

 

Ի՞նչը ոգեշնչեց դառնալ աստրոնավտ 

Նախ և առաջ՝ գիտաֆանտաստիկ գրականությունը։ Կոմիքսները, իսկ հետո գիտաֆանտաստիկ հեղինակների՝ Արթուր Քլարկի, Ռոբերտ Հայնլայնի և Այզեք Ազիմովի գրքերը։ Հետո գիտաֆանտաստիկան էր հեռուստատեսությունում՝ մասնավորապես «Star Trek»-ը, ինչին հաջորդեցին ֆիլմերը՝ «2001: Space Odyssey»-ի գլխավորությամբ։ Սակայն ֆանտազիան իրականություն դարձրած ամենակարևոր գործոնը մարդիկ էին, ովքեր իսկապես առաջին անգամ գնում էին Տիեզերք։ Սկզբում Յուրի Գագարինը և Ալան Շեփհարդը, ապա Ջոն Գլենն ու Ալեքսեյ Լեոնովը։ Այդ ամենը ֆանտազիան վերածեց հնարավորության։ 1969 թվականի ամռանը ես մոտ 10 տարեկան էի։ Դա հենց այն ժամանակ էր, երբ առաջին անգամ մարդիկ քայլեցին Լուսնի վրա։ Դա ինձ համար դրդող ուժ դարձավ։ Ես տեսա, թե ինչպես են մարդիկ ինքնակազմակերպվում և անում մի բան, որը մինչ այդ ֆանտաստիկա էր թվում։ Եվ ես մտածեցի՝ եթե դա հնարավոր է, ես հենց դրանով եմ ուզում զբաղվել։ Սակայն Կանադան այդ ժամանակ չուներ աստրոնավտներ, մենք չունեինք ՆԱՍԱ, չունեինք տիեզերական գործակալություն։ Բայց ես մտածեցի՝ ամեն բան փոխվում է, ես պետք է սկսեմ պատրաստվել։ Եվ այդպես, ես որոշեցի դառնալ աստրոնավտ 1969 թվականի հուլիսի 20-ին՝ այն օրը, երբ նրանք քայլեցին Լուսնի վրա։

 

Ո՞րն էր տիեզերական թռիչքների ընթացքում ամենավախենալու պահը 

Պահերը վախենալու չեն, պարզապես մարդիկ են երբեմն վախենում։ Պահերը պարզապես պահեր են, և մեզնից է կախված՝ վախենալ, թե ոչ։ Մարդիկ գրեթե միշտ վախենում են, երբ պատրաստ չեն ինչ-որ բանի։ Եթե պատրաստ չես, ապա վախենում ես։ Սակայն եթե պատրաստ ես, ապա չես վախենում։ Եվ այս պարագայում իրադարձությունը կարևոր չէ։ Դա նման է, օրինակ, հեծանիվ վարելուն. հեծանիվը երբեք չի փոխվում, իսկ երբ սովորում ես վարել, այլևս չես վախենում։ Տիեզերական թռիչքները նման են հեծանիվ վարելուն։ Եթե գիտես, թե ինչպես, եթե սովորում ես, անգամ եթե դա վտանգավոր է, այլևս չես վախենում։ Իմ շաթլի առաջին թռիչքի ժամանակ մահանալու հավանականությունը 1-ը 38-ի էր։ Դա լավագույն դեպքում։ Սակայն ես իմ ողջ կյանքում պատրաստվել էի դրան՝ նախ որպես ինժեներ, ապա ռազմական օդաչու, ապա փորձարկիչ օդաչու, ապա տարիներով մարզվել էի որպես աստրոնավտ։ Ու անգամ այն պարագայում, երբ դա կյանքումս արած ամենավտանգավոր բանն էր, ինձ հետ շատ ավելին էր տեղի ունենում, քան պարզապես վախենալը։ Բաց տիեզերքում քայլելը ևս վտանգավոր է, սակայն միևնույն ժամանակ այն պարզապես հիասքանչ է և ցնցող։ Եվ ես նախընտրում եմ ապրել կյանքս` պատրաստ տարբեր բաների, քան ուղղակի վախենալ։ Ուստի, ես երբեք Տիեզերքում չեմ վախեցել, սակայն այդ ամենն իսկապես վտանգավոր էր։

Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ Տիեզերքում տեսաք Երկիր մոլորակը 

Այն չափազանց գեղեցիկ է։ Դու այնքան հեռուն ես կարողանում տեսնել։ Երևանի վրայով թռչելիս դու կարող ես տեսնել ամբողջ Ալպյան սարերը, կարող ես տեսնել Կոպենհագենը, Հռոմը, Մոսկվան. այս ամենն ընդամենը պատուհանից նետված մեկ հայացքի միջոցով։ Դու այնքան բան ես կարողանում տեսնել, և այդ ամենն աննկարագրելի գեղեցիկ է։ Սկզբում այն ամենը, ինչ կարող ես տեսնել, այն է, ինչ ակնկալում էիր։ Դու փնտրում ես այն ամենը, ինչ քեզ կարող է ծանոթ լինել, քանի որ դրանից հետո ես փորձում ռացիոնալացնել մնացյալ ամեն բան։ Ես Երկրի շուրջ պտտվել եմ շուրջ 2650 անգամ։ Եվ ամեն անգամ աշխարհի շուրջ պտտվելիս ավելի ու ավելի լավ ես սկսում ամեն բան տեսնել։ Իսկ վերջում, կարծես, առանձնահատուկ փոխհարաբերության մեջ ես մտնում Երկրի հետ։ Եվ իսկապես սկսում ես նկատել դրա գեղեցկությունը։ Երկիրը շռայլորեն ու անչափելիորեն գեղեցիկ է։ Եվ ես այնքան բախտավոր եմ, որ կարողացել եմ այն տեսնել այդպիսին։

 

Տիեզերքի հետազոտումը մարդկությանն ո՞ւր կտանի առաջիկա տասնամյակներում 

Մենք միայն վերջերս ենք Ջեյմս Վեբի աստղադիտակը ուղարկել Տիեզերք, և այն ժամանակի մեջ հետ է նայում։ Աստղադիտակը տեսնում է «մեծ պայթյունից» 250 մլն տարի հետոն։ Մենք կարողացել ենք գալակտիկա գտնել։ Հասկանո՞ւմ եք՝ մի ամբողջ գալակտիկա։  Միլիարդավոր աստղեր, որոնք արդեն ձևավորվել էին «մեծ պայթյունից» 250 մլն տարի հետո։ Եվ մենք այդ ամենը կարողանում ենք տեսնել։  Ուստի երբ հարցնում եք, թե տիեզերական ճանապարհորդությունը մեզ ուր կտանի՝ այն տանելու է ժամանակի մեջ հետ՝ դեպի ժամանակների սկիզբը։ Այն տանում է մեզ նաև մեր ընկալումների խորքից այն կողմ։ Այն նաև մեզ կօգնի պարզել, թե արդյոք մենք Տիեզերքում միայնակ ենք։ Արդյոք սա եղած միակ կյանքն է։ Որևէ այլ տեղում կա՞ այլ բանական կյանք։ Այս պահին մենք չունենք այս հարցի պատասխանը։ Եվ մենք չենք կարողանալու պատասխանել այդ հարցին պարզապես տեղներս նստելով։

Այս պահին մենք հորատման աշխատանքներ ենք անում Մարսի վրա՝ փորձելով գտնել հանածոներ։ Իսկ Ջեյմս Վեբի աստղադիտակը կարող է իրականում վերլուծել այլ մոլորակների մթնոլորտը։ Եվ եթե մենք կարող ենք գտնել մթնոլորտ, որը ցույց կտա արդյունաբերական արտադրանք, ապա այնտեղ բանական կյանքի առկայության հավանականությունը շատ մեծ կլինի։

Այս ամենը մեզ տանում է բացահայտումների չավարտվող մի ճանապարհորդության։ Բացահայտում այն մասին, թե ինչպես է ամեն բան աշխատում, և դրա շնորհիվ մենք կբացահայտենք ինքներս մեզ։ Այդ ամենը մեզ նաև շատ բան է սովորեցնում Երկրի մասին. ինչպե՞ս է աշխատում Երկիրը՝ որպես փակ համակարգ, որպես «տիեզերանավ», որը հոգ է տանում բոլորիս մասին։ Ո՞րն է Երկրի պատմությունը։ Ինչո՞ւ է Վեներան այդքան տարբեր։ Ինչո՞ւ է Մարսն այդքան տարբեր։ Ինչո՞ւ է մեր մոլորակն այնպիսին, ինչպիսին այսօր է։ Եվ ի՞նչն է կարևոր՝ Երկրի վրա կյանքն առողջ պահելու համար։ Տիեզերական թռիչքներն այդ ամենը կանեն մեզ համար։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր ցանկանում են զբաղվել Տիեզերքի բացահայտմամբ 

Կարծում եմ՝ չափազանց կարևոր է լինել հետաքրքրասեր։ Եվ ասելով սա, ես նկատի չունեմ երկու տարեկան երեխայի հետաքրքրասիրությունը, ով պարզապես անդադար հարցնում է՝ ինչո՞ւ։ Պետք է իսկապես շատ աշխատել՝ հասկանալու սեփական հետաքրքրասիրությունների պատասխանը և այդ պատասխանը դարձնել սեփական էության մասը։ Քանի որ որքան ավելի շատ բան ես հասկանում, այնքան ավելի մեծ կարողություններ ես ունենում։ Նաև ավելի պարզ ես սկսում տեսնել քեզ շրջապատող աշխարհը։ Ուստի կարծում եմ՝ առաջինը, շատ կարևոր է մշտապես հետաքրքրվել, թե ինչպես է ամեն բան աշխատում։

Երկրորդը, պետք է առողջ մարմին ունենաս, որպեսզի կարողանաս թռնել հիվանդանոցներից ու բժիշկներից այդքան հեռու։ Պետք է կարողանաս ինքդ քեզ առողջ պահել։ Եվ դա անհատական ընտրություն է։ Պետք է ընտրես այն ամենը, ինչով սնվում ես։ Պետք է ընտրես, թե ինչքան վարժություններ ես անելու՝ մարմինդ առողջ պահելու համար։

Երրորդը, տիեզերանավերը շատ բարդ են ու տեխնիկական, ուստի պետք է հասկանաս, թե ինչպես է այդ տեխնիկան աշխատում։ Այսինքն, հարկավոր է որակյալ տեխնիկական կրթություն։ Հաշվի առնելով, թե հիմա ինչպիսի զարգացած աշխարհում ենք ապրում, դա այսպես, թե այնպես ձեզ հարկավոր է։

Եվ վերջում՝ անհրաժեշտ է սովորել կայացնել որոշումներ ու հավատարիմ մնալ դրանց։ Հեշտ է թևաթափ լինել ու մեղադրել ուրիշներին։ Մինչդեռ ամեն ոք, անկախ տարիքից, կարող է սկսել կայացնել որոշումներ ու ամուր կառչել դրանցից։ Հիմա սեպտեմբերն է, կարող ես ինքդ քո համար որոշել սեպտեմբերին ամեն օր 100 հրում անել, կամ սովորել ճապոներեն հինգ բառ։ Կամ գուցե որոշում ես սեպտեմբերին ամեն օր «Բիգ Մակ» (խմբ. - Big Mac, համբուրգերի տեսակ) ուտել։ Սեպտեմբերի վերջին դու միանգամայն ուրիշ մարդ կդառնաս։ Իսկապես կարևոր է հասկանալ, որ կարող ես մեկ ամսում փոխել ինքդ քեզ՝ պարզապես որոշումներ կայացնելով ու դրանց հավատարիմ մնալով։ Ուստի մտածեք, թե ինչեր կարող եք անել ձեր կյանքի հետ... Եվ եթե ցանկանում եք հրթիռներով թռնել, պետք է իմանաք, թե ինչպես կայացնել որոշումներ ու հավատարիմ մնալ դրանց։

 

Ո՞րն եք համարում 21-րդ դարի ամենամեծ գիտական նվաճումը 

Աստված իմ, դրանք այնքան շատ են եղել... Կարծում եմ՝ այն, թե ինչպես ենք շփվում համացանցում, մեր մեծագույն նվաճումն է։ Մեր մտքերը կիսելու մակարդակն ուղղակի աննախադեպ է մարդկության պատմության մեջ։ Հայտնագործությունների տեմպերն արագանում են, քանի որ մենք կարողանում ենք ողջ աշխարհով մեկ այդպես հեշտորեն կիսվել մեր մտքերով ու հայտնագործություններով։ Խնդիրները լուծելու մեր կարողությունն ավելի մեծ է, քան երբևէ։ Ուստի կարծում եմ, որ հաղորդակցությունն այս դարաշրջանում մինչև հիմա ունեցած մեր մեծագույն նվաճումն է, քանի որ այն մեզ թույլ է տալիս շատ այլ բաներ անել։

 

 

Տիեզերքում Ձեր կողմից Դեյվիդ Բոուիի «Space Oddity» երգի կատարումն այնքան հիշարժան է․ եթե հնարավորություն ունենայիք կատարել այլ երգ, ապա ո՞րը դա կլիներ 

Ես Տիեզերքում գրել ու ձայնագրել եմ մի ամբողջ երաժշտական ալբոմ։ Ես մի երգ ձայնագրեցի, որը կոչվում էր «Is Somebody Singing?» (թագմ. - «Ինչ-որ մեկը երգո՞ւմ է»)։ Եվ ես այդ երգը կենդանի կատարմամբ երգեցի միաժամանակ յոթ հարյուր հազար ուսանողների հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝  նույն պահին յոթ հարյուր հազար ուսանող, և բոլորը երգում են նույն երգը։ Դա երգ է գաղափարների, ավելի լավ մարդ լինելու և այն մասին, թե ինչպես ինքդ քեզ դարձնես այն, ինչի մասին երազում ես։ Մի հայտնի կանադական երաժշտական խումբ կա, ես այս երգը գրել եմ դրա առաջատար կատարող Էդ Ռոբերտսոնի հետ։ Դա հիանալի տարբերակ էր մարդկանց համար՝ կիսվելու տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իրենց փորձառությամբ։ Եվ երաժշտությունը հենց դրա համար է։ Երաժշտությունը հաղորդակցվելու ևս մի տարբերակ է։ Դու կարող ես նվագելու միջոցով ստիպել ինչ-որ մեկին արտասվել կամ ծիծաղել՝ անգամ նրանց հետ նույն լեզվով չխոսելով։ Այդպիսին է արվեստը։ Այդ պատճառով ես տիեզերանավում գրեցի, նվագեցի ու ձայնագրեցի երաժշտություն։ Ես հարյուրավոր երգեր գիտեմ, ես նվագում եմ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, երաժշտական խմբերի հետ գնում եմ շրջագայությունների։ Օրինակ, նախորդ ամիս մենք նվագում էինք Տեխասում։ Երաժշտությունն ամենուր ինձ հետ է, անգամ երբ ես Տիեզերքում եմ։

 

Գտնվելով Միջազգային տիեզերակայանում՝ ի՞նչն էիք ամենաշատը կարոտել Երկրի վրա 

Ես չեմ ապրում կյանքս՝ ինչ-որ բաներ կարոտելով։ Ես փորձում եմ կյանքս ապրել՝ ուշադրություն դարձնելով ու վայելելով այն ամենը, ինչի հասել եմ։ Դու կարող ես ամբողջ կյանքդ ապրել՝ ցանկանալով լինել այլ վայրում, սակայն կարծում եմ՝ դա ապրելու պարզապես խենթ տարբերակ է։

Երբեմն ես կարոտում եմ մարդկանց, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ են մահացել… Ես կարոտում եմ որոշ մարդկանց, կուզեի նրանք դեռ այստեղ լինեին: Սակայն ես չեմ կարոտում իրերը։ Իհարկե, ամեն ինչ, ինչ կցանկանայիր, այդ պահին չես գտնի տիեզերանավում, սակայն դու չես վատնում ժամանակդ այդտեղ՝ ցանկանալով լինել այլ վայրում կամ ինչ-որ բան կարոտելով։ Դու ունես սնունդ, ջուր, օդ։ Ամբողջ աշխարհն ամեն 92 րոպեն մեկ անցնում է կողքովդ, դու անկշռության մեջ ես, հարյուրավոր փորձարկումներ ես անում… Ու եթե այլ կերպ նայես, դու Տիեզերքում ես։ Ես ժամանակ չեմ վատնել ինչ-որ բան կարոտելու վրա։

 

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]