Մշակույթ

Պապենական  արհեստի պահապանները. գյումրեցի Կոշտոյանները պահպանում են արծաթագործության կանոնները

2 րոպեի ընթերցում

Պապենական  արհեստի պահապանները. գյումրեցի Կոշտոյանները պահպանում են արծաթագործության կանոնները

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օրից Գյումրին հերթական անգամ կտոնի Քաղաքի օրը: Գյումրին պահողն ու քաղաքին համ ու հոտ տվողը վարպետներն են՝ Գյումրիում արհեստը սերնդեսերունդ փոխանցվում ու զարգանում է:

Կոշտոյանների արդեն հինգերորդ սերունդն է, որ զբաղվում է արծաթագործությամբ: էրզրումից գաղթած պապերի արհեստը ոչ միայն ինքը՝ վարպետ Ցոլակն է պահպանել, այլ նաև հաճույքով իր որդին է դրանով զբաղվում: Հիմա արդեն հայր ու որդի միասին սիրով ու հպարտությամբ են շարունակում պապենական արհեստը: Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող կաղապարներով ու գործիքներով այսօր էլ վարպենտներն այնպիսի զարդեր ու Գյումրին խորհրդանշող կլկլաններ (հատուկ գավաթ, որից ջուր խմելիս կլկլոց է գալիս) են պատրաստում, որոնք և՛ երիտասարդներն են հաճույքով օգտագործում, և՛ լավագույն նվեր են քաղաք այցելած հյուրերին:

«Արմենպրես»-ին ներկայացնելով իր ու որդու՝ Արտյոմի պատրաստած արծաթե իրերը, վարպետ Ցոլակը հպարտությամբ է նշում․«Հպարտեմ եմ, որ իմ կլկլանները հայտնի մարդկանց են նվիրել՝ Հռոմի Պապին, Սպիվակովին, Քիմ Քարդաշյանին և Գյումրի այցելած այլ հայտնի մարդկանց: Ինձ համար դա ամենամեծ գնահատականն է։ Մեր գործերի հաջողության գրավականը հնության մեջ է՝ այն նույն գոտիներն ու ապարանջաններն են, ինչ մեր տատերն են կրել: Հիմա էլ մերօրյա աղջիկները սիրով դրանք կրում են»:

Ցոլակ ու Արտյոմ Կոշտոյանները հիմա տան մի անկյունում են աշխատում՝ տան հյուրասենյակում պապի՝ Գերմանիայից 1860 թվականին բերած երկաթյա մամլակն է, որը միայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո է կարճ ժամանակով դադար առել:

Վարպետ Ցոլակը, բացի որդուց, արհեստը նաև ուսանողներին է փոխանցում՝ Շիրակի պետական համալսարանի Կերպարվեստի ամբիոնում դասավանդելով: Առաջին բանը, որ նա իր որդուն ու աշակերտներին սովորեցրել է ՝ պատվիրատուին չխաբելն է : «Եթե ասել ես, որ այս օրը պատրաստ կլինի զարդը՝ գիշերդ ցերեկ արա ու ժամանակին ավարտի, պապերս նաև ասում էին՝ զարդի քաշը միշտ ծանր արա՝ գոտիների, ապարանջանների ու կլկլանների հաջողության գրավականը դա է »,-ավելացնում է վարպետը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում