Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Աստղերի էվոլյուցիա». STARMUS-ի շրջանակներում Հայաստան եկած լեհ արտիստները հանդիսատեսին կուղեկցեն խորհրդավոր բեմ

«Աստղերի էվոլյուցիա». STARMUS-ի շրջանակներում  Հայաստան եկած լեհ արտիստները 
հանդիսատեսին կուղեկցեն խորհրդավոր բեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հենց սրտում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հանդիպեցինք լեհ արվեստագետների հետ, ովքեր շուրջ 10 օր է՝ Հայաստանի մայրաքաղաքում են։ «Instytut B61» արտիստական-գիտական միջազգային կոլեկտիվի անդամները դատարկաձեռն չեն եկել. հայաստանյան հանդիսատեսի համար STARMUS VI-ի շրջանակներում 1 ժամ 20 րոպե տևողությամբ խորհրդավոր, գիտական ներկայացում են բերել։ Ու որքան խորհրդավոր է ներկայացումն, էլ ավելի խորհրդավոր է դրա անցկացման վայրը, որն իր պատմության մեջ հանդիսատեսի առջև դռները կբացի առաջին անգամ։ 

Կադր «Instytut B61»-ի բեմադրած «Ոսկե կանոն» ներկայացումից

«Արմենպրես»-ի հետ զրույցում  խմբի պրոդյուսեր, ռեժիսոր Յան Շվիերկովսկին և համադրող Ալեքսանդրա Բեդնաժը  նկատեցին՝ առաջին անգամ են Հայաստանում։ STARMUS-ին մասնակցելու հրավերը ստացել են հիմնադիրներ Գարիկ Իսրաելյանից և Բրայան Մեյից։ 

Հյուրերը հիացած նայում են չորսկողմն ու խոստովանում՝ Երևանը հեքիաթային է, կանաչապատ, հայերն էլ հյուրընկալ են, շփվող, մարդամոտ։ Նաև շտապում են ընդգծել՝ իրենց առավել շատ դուր է եկել այն հանգամանքը, որ հայերը հպարտանում են իրենց մշակույթով ու լեզվով, պահպանում են այն, ինչն իրենցն է:

Լուսանկարում «Instytut B61» խմբի պրոդյուսեր, ռեժիսոր Յան Շվիերկովսկին և համադրող Ալեքսանդրա Բեդնաժն են

Թատրոն-կոլեկտիվ «Instytut B61». տեղայնացված ներկայացումներ, որոնք արվեստի ու գիտության միաձուլում են, իրականության և թատրոնի սինթեզ

Խումբը հիմնադրվել է Լեհաստանի Տորուն քաղաքում 2009 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աստղագիտության միջազգային տարվա շրջանակներում, նկարիչ, աստղագետ և արվեստի համադրող Յան Շվիերկովսկու կողմից: Նրա կազմում գիտնականներ են, դերասաններ, երաժիշտներ, վիզուալ արտիստներ, մշակույթի կառավարիչներ, ովքեր ստեղծում են տեղանքով պայմանավորված ներկայացումներ և մուլտիմեդիա շոուներ՝ համատեղելով արվեստը, գիտությունն ու տեխնոլոգիան:

Իր հիմնադրման օրից խումբը 15 պրեմիերա է ունեցել, որոնք ներկայացվել են Լեհաստանում, Պորտուգալիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Հնդկաստանում: Այժմ հերթը Հայաստանինն է:

 

«Աստղերի էվոլյուցիան» ներկայացումը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում

Հայաստան եկած «Աստղերի էվոլյուցիան». խորհրդավոր ներկայացում՝ անսովոր բեմում

«Աստղերի էվոլյուցիան» ներկայացման կազմում ամեն անգամ ընդգրկվում են նաև այն երկրների արտիստները, որ երկրում խումբը հյուրընկալվել է։ Հայաստանյան ներկայացման մեջ զբաղվածություն կունենա մոտ 40 արտիստ. 20-ը՝ Լեհաստանից, 20-ը Հայաստանից։ Այս ներկայացմանը միանալու համար երաժշտական խումբ կգա նաև Հնդկաստանի Մումբայ քաղաքից։ Հայաստանյան հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն ունի 3 օր՝ սեպտեմբերի 7-10-ը, օրական 3-4 անգամ։ Տոմս չի վաճառվելու, հետաքրքրվողներն ուղղակի հնարավորություն ունեն առցանց գրանցվել և մասնակցել գիտական մոտեցմամբ ու ստեղծագործական մատուցմամբ աշխատանքին:

Դերասաններն ու հանդիսատեսը կժամադրվեն Հայաստանի Հանրապետության հրապարակում, միասին կնստեն խորհրդավոր դեղին ավտոբուսն ու կուղևորվեն հանդիսատեսի համար անհայտ ուղղությամբ՝ դեպի խորհրդավոր թատերաբեմ։

Լուսանկարում այն ավտոբուսն է, որով մասնակիցները կտեղափոխվեն խորհրդավոր բեմ 

 ... Ու այստեղ կսկսվի ամենակարևորը. նստած հանդիսատես ու բեմից խոսող դերասաններ չեք տեսնի, դասական թատրոն այստեղ չի լինի։ Ներկաները կքայլեն կշոշափեն, կլարեն բոլոր զգայարանները՝ դառնալով աստղերի էվոլյուցիայի ականատեսը։ 

«Աստղերի էվոլյուցիան» ներկայացումը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում

Ի դեպ, ներկայացումը կանցկացվի Երևանում Լեհաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի բարձր հովանու ներքո:

 Առաջին այցելություն՝ կարևոր պայմանավորվածություն

Հայաստանում գտնվող Յան Շվիերկովսկին ու Ալեքսանդրա Բեդնաժը հիացած են Թումո կենտրոնով։ Այս ընթացքում նույնիսկ հաջողացրել են կրթական ծրագրով կրկին Հայաստան վերադառնալու պայմանավորվածություն ձեռք բերել Թումո կենտրոնի հետ։ 

 Ամենահամեղ ուտելիքն արցախյան Ժենգյալով հացն է, արթնանալու լավագույն միջոցը՝ հայկական ձևով պատրաստված սուրճը

«Ի՞նչն եք հավանել մեր խոհանոցից» հարցին երկուսն էլ միաձայն պատասխանում են՝ «Ժենգյալով հացը»։ Բուսակեր  Ալեքսանդրան, սակայն, հայկական տոլմայի մոտով էլ չի կարողանում անտարբեր անցնել, հատկապես, երբ կողքին նաև լավաշ ու մեկ բաժակ սառը թան է լինում։ Սուրճի նկատմամբ երբևէ մեծ սեր չտածած արտիստները հիմա ոչ մի կերպ չեն կարողանում արթնանալ առանց դրա։ 

 

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]