Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները

Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորայի» հերոսներն ընտրել են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, հասանելի դարձնում բժշկական ծառայությունները եւ օգնում խոցելի համայնքներին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները: 2022 թ. երեք հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, որի անունը կհայտարարվի Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկիրը կունենա բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի մի մասը հատկացնելով առաջադրած կազմակերպություններին:

««Ավրորայի» հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Դա նշանակում է, որ մարդիկ, որոնց օգնության ձեռք են մեկնել դժվարին պահին, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ նմանատիպ օգնություն առաջարկելով մեկ ուրիշի: Արժանին մատուցելով մարդասիրական համաշխարհային համայնքին եւ գնահատելով նրա ազդեցությունը՝ այս առիթով մենք ուրախ ենք աշխարհին պատմելու 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունների մասին եւ բարձրացնելու «Ավրորա» շարժման վերաբերյալ իրազեկումը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսները որոշել են աջակցել կազմակերպությունների, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, օգնում խոցելի եւ տեղահանված համայնքներին, ինչպես նաեւ հասանելի դարձնում բժշկական օգնությունը:

Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը խաղաղության ակտիվիստ է եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը, 25 տարի պայքարել է կրթությունն Աֆղանստանի կանանց հասանելի դարձնելու համար, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝

Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության (WILPF),       

«Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպություն (NECDO):

Հադի Ջումանը (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող, որը, պարբերաբար վտանգելով սեփական կյանքը, կազմակերպում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերում զոհվածների մարմինները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝

«Օգնություն Եմենին» կազմակերպություն (Yemen Aid),

«Եմենի գործընկերներ» կազմակերպություն (Partners Yemen):

Մահինուր Էլ-Մասրին (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ, որը պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար՝ կազմակերպելով բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանելով քաղբանտարկյալների իրավունքները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝

«Գործել հանուն հույսի» կազմակերպություն  (Action For Hope),

«Մերսալ» հիմնադրամ (Mersal Foundation):

«Մարդասիրության համաշխարհային օրը հիանալի հնարավորություն է մեծարելու «Ավրորայի» հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը՝ փրկելու այլոց: Այս տարվա հերոսների առաջադրած կազմակերպությունները ու նրանց կատարած կենսական աշխատանքն արդեն փոխել են հազարավոր մարդկանց կյանքեր: Եվ մենք հույս ունենք, որ «Ավրորայի» աջակցությամբ նրանք կկարողանան էլ  ավելին անել»,- նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը:

2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: «Ավրորան» կհամախմբի մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարներին՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]