Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-28/22. Նար-Դոս, Ֆիցջերալդ, Դեն, Սոլ

«Նոր գիրք»-28/22.  Նար-Դոս, Ֆիցջերալդ, Դեն, Սոլ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն Նար-Դոս
«Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը»

Նար-Դոսն իր գրական գործունեությունը սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը»

Ամերիկյան «ջազի դարաշրջանի» խորհրդանիշ Ֆիցջերալդի այս գրքի հերոսները իրականի ու երևակայականի խառնարանում ապրել փորձող մարդիկ են։

Գրքի թերևս ամենահայտնի գործը, որով էլ վերնագրված է ժողովածուն, երիտասարդության և ծերության մասին հետաքրքրական պատմություն է, որը գրողի ձայնը տարբերվող ու աղմկահարույց դարձրեց համաշխարհային գրականության մեջ։ 1860 թվականի ամառային մի օր նախապատերազմական Բալթիմորում ծնվում է Բենջըմին Բաթընը, որը լույս աշխարհ գալու պահին յոթանասուն տարեկան ծերունու տեսք ուներ։ Կյանքը Բենջըմինի համար նորանոր անակնկալներ էր պատրաստել։ Նա դեռ պետք է երիտասարդանար, պատերազմեր, գործարար դառնար, ամուսնանար ու երեխաներ ունենար, համալսարան ընդունվեր, դպրոց հաճախեր և, ի վերջո, վերադառնար օրորոց։ Այս պատմվածքի հիման վրա 2008 թվականին ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը նկարահանել է համանուն ֆիլմ, որի գլխավոր դերերում են Բրեդ Փիթն ու Քեյթ Բլանշետը։ Թարգմանիչ՝ Սամվել Խաչատրյան, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Փաստավավերագրական գրականություն
 Սենոր Դեն, Սինգեր Սոլ, «Ինչպես է կայանում պետությունը»

Գրքում փորձ է արվում բացահայտելու Իսրայել պետության զարգացման խթանիչ ուժը՝ պատմական, մշակութային, ազգային առանձնահատկություններից մինչև ստարտափ մտածողության դրսևորումներ: Տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների և նախաձեռնությունների հիմնարար դերը Իսրայելի կայացման և զարգացման գործում: Անգլերենից թարգմանեց՝ Լիլիթ Անտոնյանը։ Խմբագիր՝ Վահագն Խաչատուրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]