Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում  է Աստվածածնի վերափոխման տոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս կիրակի օգոստոսի 14-ին մեծ շուքով տոնում է  Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը ՝ Խաղողօրհնեքը: Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է, շարժական է և  նշվում  է օգոստոսի 15-ին մոտ ընկած կիրակի օրը, և, որպես տաղավար տոն, հաջորդ օրը մեռելոց է:

Տոնի առիթով «Արմենպրես»-ի  տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի  Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ: Հարցազրույցը լսեք պոդքաստում:

Ավանդության համաձայն Սուրբ Կույսը Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո:  Եվ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելում  է իր որդու գերեզմանին ու անդադար աղոթում:  Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին համբարձվում է երկինք, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Նրան թաղում են Գեթսեմանի պարտեզում, ինչպես  ինքն էր ցանկացել: Եվ մինչև օրս էլ այնտեղ է Տիրամոր Սուրբ տաճարը և այն գերեզմանը, որի միջից նա վերափոխվել է երկինք:  

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չի լինում: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգվում է եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:   Եվ նա վերցնելով այս պատկերը բերում է Հայաստան կառուցվում է Հոգիաց վանք վանական համալիր կուսանոցը և  այնտեղ էլ  ամփոփում է պատկերը:

 

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնը  տոնակատարումն է Մոր տոնի: Վերափոխման տոնին պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ և  քանի որ խաղողից առաջանում է գինի, իսկ գինով մատուցվում է Սուրբ պատարագ՝ որպես Հիսուսի արյան խորհրդանիշը, ուստի իբրև գինու մայր խաղողն է օրհնվում:  Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի համեմատելով խաղողի որթի հետ. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, իր փրկական արյան նյութը դարձրեց և իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

 

 

Հեղինակ և վարող Տաթև Զաքարյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]