Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային 
զարգացումներին և անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

Իրանի նախագահն, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։

Իրանի նախագահը պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները և ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]