1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր անասնապահական ֆերմա ստեղծելով`վարակիչ օրինակ կլինենք մյուս ֆերմերային տնտեսությունների համար. Դավիթ Երեմյան

Նոր անասնապահական ֆերմա ստեղծելով`վարակիչ օրինակ կլինենք մյուս ֆերմերային 
տնտեսությունների համար. Դավիթ Երեմյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավարաբուծություն, խոզաբուծություն, կաթնամթերքի արտադրության ընդլայնում, կերախառնուրդի պահեստ և սպանդանոց մեկ ֆերմայում. Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվելու է 29 հեկտար մակերեսով խոշոր անասնապահական համալիր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալիրը կառուցվելու է ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի միջև ստորագրված  համագործակցության հուշագրի շրջանակում:

Խոշոր անասնապահական համալիրը  ներառելու է 1200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների և 580 գլուխ մայրացու խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի:

Ջերմուկի արդեն գործող տավարաբուծական ֆերմա

Լրատվամիջոցների ներկայացուցիչները ճանաչողական այցի շրջանակում հնարավորություն ստացան  այցելել «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ Վայոց ձորում գործող ֆերմա և Արարատի մարզի «Արալեզ» կերաղաց՝  ծանոթանալու «Սերմից՝ սեղան» հայեցակարգով փակ ցիկլի գործունեությանը, որը հիմք է դարձել նոր համագործակցության համար:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վայոց Ձորի ֆերմայում տեղի է ունեցել նաև ժամանակի պարկուճի տեղադրումն առաջին քարի բլոկում, որը հետագայում դրվելու է նոր կառուցվող ֆերմայի հիմքում։

Վայոց Ձորում գործող միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած ֆերմայում բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս և ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր:

Ֆերմայում ապահովված են կենդանիների կեցության, կերակրման, վերարտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Անասնապահական համալիրում կենդանիները խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով. իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ և այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ։ Ֆերմայի առանձնացված սրահից կաթը փակ ցիկլով և 2 հատուկ ֆիլտր անցնելով հոսում է դեպի սառնարան, ապա հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանի «Արցախ» գործարանի կաթի վերամշակման արտադրամաս: Այստեղ կաթն անցնում է լաբորատոր մի շարք հետազոտություններ և անհրաժեշտ մշակումներ՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում:

Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվելիք նոր ֆերմա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդգծեց, որ ծրագիրը անասնապահական ոլորտի ամենախոշոր ծրագրերից մեկն է, և, բնականաբար, կառավարությունը փորձում է ընդհանուր տնտեսության արտադրողականությունը բարձրացնել, և դա գյուղատնտեսության մեջ հնարավոր է անել միայն խոշոր ֆերմաների և ծրագրերի միջոցով:

«Այս նոր ծրագրի իրականացումը շատ մեծ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության արտադրողականության  և ապրանքների որակի բարձրացման համար:  Ինչպես նաև նոր նշաձող է սահմանելու գյուղատնտեսական ստանդարտների մեջ»,-ասաց նա։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ  Տաշիրում կառուցվող նոր համալիրը մեկ վայրում ունենալու է բոլոր ենթակառուցվածքները՝ տավարաբուծարան, խոզաբուծարան, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի: Տավարաբուծարանը նախատեսված է լինելու 1200 կաթնատու անասունների համար, որը նշանակում է, որ ստանալու են  30 տոննա և ավել բարձրորակ կաթ: Այն հագեցած է լինելու վերջին սերնդի տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալու աշխատել որակով և արդյունավետ:

«Այս ծրագրով մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու, քանի որ ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ։ Դրանով զարկ ենք տալու տավարաբուծության զարգացմանն ու վարակիչ օրինակ ենք լինելու մյուս ֆերմերային տնտեսությունների համար։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակում մենք կտեսնեք այս ծրագրի արդյունքներն ու կապացուցենք, որ Հայաստանում մրցակցային անասնապահություն և կաթնարտադրություն ունենալ հնարավոր է»,-ասաց նա։

Դավիթ Երեմյանը նշեց, որ խոզաբուծական ֆերման նույնպես համապատասխանեցված է լինելու արտադրության և որակի սահմանված միջազգային չափանիշներին: Կենդանիները պահվելու են սանիտարական բոլոր պահանջներին համապատասխանող պայմաններում: Այստեղ պահվելու  և բուծվելու  են Եվրոպայից ներկրված կանադական մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ:  Ֆերման ունենալու է նաև կերի պատրաստման հատված և  պահպանման մեծ բունկերներ, իսկ կերակրման գործընթացն ավտոմատացված է։   Խոզաբուծական ֆերման նախատեսված է 580 խոզամայրի համար, ինչը հնարավորություն է տալու տարեկան 16500 գլուխ  խոզի մորթից  ստանալ 700 տոննայից ավել տեղական բարձորակ միս։

Նա հավելեց, որ նոր անասնապահական համալիրն ունենալու է նաև անհրաժեշտ ժամանակակից տեխնիկաներով հագեցած սպանդանոց, որը հնարավորություն կտա  իրականացնել  սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններին համապատասխան անվտանգ մորթ, խոզերի և խոշոր եղջերավորների համար նախատեսված  առանձին սառնարաններում մսի նախնական սառեցում, որտեղից միսն արդեն կտեղափոխվի գործարան՝ հետագա մշակման համար։

Կառուցվող տավարաբուծարանն ունենալու է 3 մասնաշենք, որոնցից 2-ը նախատեսված են կթու, մյուսը՝ ցամաք կենդանիների համար, ծնարանով  և խնդիրներ ունեցող կենդանիների համար նախատեսված հատվածով։ Համալիրը գերհագեցած է լինելու ավտոմատ համակարգերով, այդ թվում՝ գոմաղբի  ավտոմատ հեռացման համակարգով, որի միջոցով այն անմիջապես գոմերից խողովակների միջոցով տեղափոխվում է հատուկ հորեր՝ հետագայում հողերի պարարտացման նպատակով օգտագործելու համար։

Համալիրի կենտրոնական հատվածում շրջանաձև պտտվող կարուսել տեսակի կթարանն է՝ նախատեսված միաժամանակ 40 գլուխ եղջերավորի  կիթը կազմակերպելու համար: Այնտեղ են նաև կաթի բակերը, որտեղ հավաքվում է  թարմ կաթը, պաղեցվում, որից հետո մեքենայով տեղափոխվում Երևանում գործող կաթի վերմշակման արտադրամաս։

Կաթի տեղափոխումն ու բաշխումը դեպի Երևանի գործարան իրականացվելու է 30 տոննա տարողությամբ  հատուկ մեքենաների միջոցով։ Անասնապահական համալիրում կենդանիների  կերակրման գործընթացը լինելու է ավտոմատացված և  իրականցվելու է ինքնագնաց կերաբաշխիչ մեքենաների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ծրագրային հրահանգավորմամբ  ըստ ռացիոնի հավաքել կերը և բաշխել կենդանիներին։

Նոր ֆերմային հարակից լինելու են նաև կերային կուլտուրաների աճեցման համար հողատարածքները, որոնց շնորհիվ կենդանիները կապահովվեն որակյալ և սննդային բարձրորակ կերով։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական կրթության, գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է։ Իր գործունեության 15 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել և իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ և կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման գործում։ Գործունեության փակ ցիկլ ապահովելու նպատակով Ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և իրականացնում է բիզնես զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի վրա, որի շրջանակում Ընկերությունը բացել է Վայոց Ձորում տավարաբուծական և Տավուշի մարզում խոզաբուծական ֆերմաներ, կերաղաց Արարատի մարզում և «Արցախ» խոհանոց-գործարան Երևանում։ «Երեմյան Փրոջեքթսը» միավորում է հայտնի ռեստորանային բրենդերը՝ հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», կոնցեպտուալ «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում են նաև  Yeremyan Delivery առաքման ծառայությունը, Yeremyan Products կաթնամթերքի արտադրության գործարանը, գյուղատնտեսական նախագծերը ներառող «Երեմյան Ֆարմը», Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որը զբաղվում է սկսնակ և ոլորտում գործող մասնագետների ուսուցմամբ ու գիտելիքների խորացմամբ։ Ակադեմիայի կրթական ծրագրերը հաստատված և վավերացված են վերջինիս բացառիկ գործընկերոջ՝ Group City of Oxford College-ի կողմից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]