Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինական հեղափոխության ակունքներում կանգնած Յանան քաղաքը՝ աղքատության հաղթահարման մեխանիզմների վառ օրինակ

Չինական հեղափոխության ակունքներում կանգնած Յանան քաղաքը՝ աղքատության 
հաղթահարման մեխանիզմների վառ օրինակ

ՅԱՆԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Յանան քաղաքը Շանսի նահանգի խոշոր քաղաքներից մեկն է, որը իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր չինացու կյանքում: Այս քաղաքը կարևոր դեր ունի չինական հեղափոխության մեջ և հիմա էլ ամբողջ երկրով մեկ հայտնի է բացառիկ համ ունեցող խնձորներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Չինաստանի Շանսի նահանգի Յանան քաղաք: Չինական լեգենդար Խուանխե (Դեղին գետ) գետի միջնամասում տեղակայված քաղաքի այցեքարտը Բոատաշան լեռան վրա գտնվող պագոդան է (հեղ. պագոդաները բազմահարկ աշտարակներ են, որոնք ծառայում են որպես տաճարներ):

Հիմնադրվելով դեռևս Տան դինաստիայի կողմից (618-907 թթ.)՝ այն հասել է մինչև մեր օրեր և քաղաքի խորհրդանիշն է: 44 մետր բարձրություն ունեցող աշտարակը Շանսի նահանգի դիտարժան վայրերից մեկն է, քանի որ այնտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Յանան քաղաք և դեպի չինական բազմերանգ լեռներ: 1937 թվականից սկսած, երբ Մաո Ցզե Դունը եղել է Յանան քաղաքում, աշտարակը` պագոդան, երիտասարդության շրջանում դարձել է հեղափոխական ուժերին միանալու «փարոս»:

Լուսանկարները` Վարվառա Հայրապետյանի

Գյուղական համայնքում կյանքը վարելու փայլուն օրինակ է համարվում Յանան քաղաքից մի քանի կիլոմետրի հեռավորության վրա գտնվող Ցյանցզյահե գյուղը, որտեղ երկար տարիներ աշխատել է Չինաստանի ներկայիս ղեկավար Սի Ծինփինը: Գյուղը, մնալով հավատարիմ «Մեկ համայնք-մեկ արտադրանք» գաղափարին, ներկայանում է ամբողջ Չինաստանով մեկ հայտնի խնձորի բացառիկ տեսակով, որն արդեն իսկ արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ:  Ցյանցզյահեն բազմաթիվ անգամ ճանաչվել է Չինաստանի լավագույն գյուղական համայնք և այն օրինակներից մեկն է, թե ինչպես Չինաստանին հաջողվեց հաղթահարել ծայրահեղ աղքատությունն ու սովը:

Չինական նեֆրիտի հայրենիք համարվող Յանան քաղաքում հարգանքով են հիշում նախնիներին, հարգում ներկան: Ժամանակին Յանանում ունենալով  անապատային բնություն՝ չինացիներն աշխատասիրության ու համառության շնորհիվ հասել են այնպիսի բացառիկ արդյունքի, որ այժմ քաղաքի 2,5 միլիոն բնակչությունն ապրում է սաղարթախիտ անտառներով և բերքատու այգիներով  շրջապատված:

Մեր շրջագայության ընթացքում Յանանը տպավորեց իր աշխատասեր բնակչությամբ, որոնք անցյալի գաղափարների հպարտ կրողներն են և ապրում են ապագայի մեծ հույսով:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]