1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Թռչող տաքսիները» Հարավային Կորեայի երկնքում կարող են հայտնվել 2025 թվականին

«Թռչող տաքսիները» Հարավային Կորեայի երկնքում կարող են հայտնվել 2025 
թվականին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորեայի Հանրապետության ցամաքային տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրում քաղաքային աէրոմոբիլության  (Urban air mobility) ոլորտի զարգացման ուղղությամբ։ Կորեան մտադիր է 2025 թվականին կյանքի կոչել, այսպես ասած, «թռչող տաքսիների» ծրագիրը։ Այսինքն, մտադրություն կա ստեղծել օդում տեղաշարժվող աէրոմոբիլներ։ Կորեայի ցամաքային տարածքների և տրանսպորտի նախարարությունն առաջին քայլով մտադիր է «թռչող տաքսիների» միջոցով երկրի մայրաքաղաք օդանավակայանը կապել Սեուլի կենտրոնի հետ։ Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Կորեայի Հանրապետությունը մոբիլիզացնում է երկրի խոշոր ընկերությունների կարողությունները։ Այս հարցում Կորեան համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ։

Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ը զրուցել է բջջային կապի և հեռահաղորդակցության ոլորտում Կորեայի խոշորագույն SK Telecom ընկերության ներկայացուցչի հետ․ ընկերությունը նույնպես ներգրավված է ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքներում։

SK Telecom-ի հաղորդակցությունների պլանավորման թիմի մենեջեր Իռեն Կիմը նշեց, որ Կորեան լուրջ ջանքեր է գործադրում երկրում քաղաքային աէրոմոբիլության  (Urban air mobility) ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ «Իրականում այս ոլորտը բավականին մեծ տեմպերով զարգանում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Կորեայում Ցամաքային տարածքների և տրանսպորտի նախարարությունը առաջնային դեր է խաղում այս ոլորտի զարգացման մեջ։ 2025 թվականին նախարարությունը ձգտում է օդանավակայանը կապել քաղաքի կենտրոնին «թռչող տաքսիների» միջոցով։ Այս պահին SK Telecom-ը, Hanwha Systems-ը և այլ ընկերություններ ստեղծել են կոնսորցիում։ Այս տարվա նոյեմբերին կստեղծվի փորձատեղ (testbed) Սեուլի Չոնգդամ շրջանում։ Եվ 2025 թվականին մենք մտադիր ենք հասնել այդ տեխնոլոգիայի կոմերցիալիզացիային։ Մեր երկիրը իսկապես ձգտում է զարգացնել այս ուղղությունը։ Այս հարցում համագործակցում ենք նաև ԱՄՆ-ի հետ»,- մանրամասնեց նա։

SKT-ի կենտրոնական գրասենյակում շրջայցի ընթացքում «վիրտուալ ճամփորդության» միջոցով հնարավորություն ստացանք ծանոթանալ ընկերության «Խելացի քաղաք» նախագծին։ Ընկերությունը ներկայացնում է ապագայի սեփական կոնցեպտը, մասնավորապես, թե ինչպիսին է լինելու կյանքը 2052 թվականին։ Թե որքան տպավորիչ էր երևակայական ճամփորդությունը, բառերով նկարագրելը դժվար է, այդ ամենը տեսնել ու զգալ է պետք։ Հենց այդ ճամփորդության ընթացքում կտեսնեք ապագայի «թռչող տաքսիները», որի իրագործումը, ինչպես ներկայացվեց, սարերի հետևում չէ։

«Ինչեոն» միջազգային օդանավակայանը գտնվում է 40 կիլոմետր հեռավորության վրա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից։ Սեուլի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորությունն ավտոմեքենայով տևում է 40 րոպեից մինչև 1 ժամ։ Տարբեր գնահատականներով՝ «թռչող տաքսիով» այդ ուղևորությունը կտևի ընդամենը 20 րոպե։ Օդային տաքսիների որոշ կոնցեպտներ արդեն իսկ փորձարկվել են մի շարք երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, նաև Հարավային Կորեայում: Աէրոմոբիլների առկա կոնցեպտները որոշ դեպքերում նման են փոքր ուղղաթիռի, որոշ դեպքերում՝ փոքր ինքնաթիռի, սակայն հնչող տարբեր գնահատականների համաձայն՝ դրանք ավելի անվտանգ են, էկոլոգիապես ավելի մաքուր: 

Իռեն Կիմը մանրամասներ ներկայացրեց նաև SKT-ի մյուս խոշոր ծրագրի՝ Ifland-ի մասին։ Դա ընկերության մետավերս ծառայությունն է, որն առաջարկում է մի շարք հնարավորություններ սոցիալական ցանցերի համար և գնալով վերածվում է գլոբալ ծառայության՝ տարբեր գործընկերների հետ համագործակցութան շնորհիվ։  Այն հարթակ է, որտեղ մարդիկ կարող են սեփական կերպարները ստեղծել վիրտուալ տիրույթում և շփվել միմյանց հետ։

«Այդ ծառայություններն արդեն գործարկվել են Կորեայում։ Կորոնավիրուսի համավարակի տարածման ընթացքում մարդիկ շատ էին շփվում այս հարթակում։ Համավարակի մեղմացումից հետո էլ այս ծառայությունները մեծ ժողովրդականություն են վայելում։ Շատ մարդիկ, հատկապես երիտասարդության շրջանում, շարունակում են օգտագործել Ifland-ը։ Եվ ընթացիկ տարվա վերջում մենք մտադիր ենք այս ծառայությունները գործարկել աշխարհի 80 երկրում»,- մանրամասնեց Իռեն Կիմը։

SKT ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին։ Այս պահին այն Հարավային Կորեայում բջջային կապի և հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերություններից ամենախոշորն է։ Երկրի բնակչության 50 տոկոսից ավելին օգտվում է հենց SKT-ի առաջարկած ծառայություններից։ Ընկերությունը մատուցում է ոչ միայն բջջային կապի, հեռահաղորդակցության ծառայություններ, այլ նաև աշխատում է տեխնոլոգիական անվտանգության, մետավերսի, արհեստական բանականության և այլ ուղղություններով։

Շանթ Խլղաթյան

Լուսանկարները PENTA PRESS-ի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]