Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լուսավոր մարդիկ խոսում են «մութ» թեմաներից. հետահայաց Starmus III-ին

Լուսավոր մարդիկ խոսում են «մութ» թեմաներից. հետահայաց Starmus III-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտությունն ու արվեստը կարող են մարդկանց ավելի մոտեցնել գիտությանը ու ոգեշնչել նոր գիտական հայտնագործությունների ու բացահայտումների: Աշխարհի ամենահեղինակավոր գիտնականները, տիեզերագնացներն ու արվեստագետները 2016 թվականին կրկին հավաքվեցին Կանարյան կղզիներում՝ քննարկելու արվեստի ու գիտության, աստղագիտության ու Տիեզերքի առեղծվածները, խոսելու մարդկության ապագայի և գիտության նոր նվաճումների մասին:

Starmus III. «Հորիզոնից այն կողմ. Հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին»

Starmus-ի երրորդ փառատոնը կազմակերպվեց 2016 թվականին՝ արդեն ավանդական դարձած Կանարյան կղզիներում: Հունիսի 27-ից հուլիսի 2-ն անցկացվող գիտության ու երաժշտության փառատոնն այս տարի կրում էր «Հորիզոնից այն կողմ. Հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» խորագիրը/ Beyond The Horizon: A Tribute To Stephen Hawking:  Նախորդ տարիներին փառատոնի գրանցած հաջողության վառ ապացույցը մասնակիցների անդադար աճող թիվն էր:  Այս տարվա բանախոսների ցուցակը ևս պակաս ուշագրավ ու տպավորիչ չէր՝ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգ, խորհրդային տիեզերագնաց և պատմության մեջ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ Լեոնով, տիեզերքում քայլած առաջին կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդ, «Ապոլոն-9»-ի աստրոնավտ Ռասել Շվայքարտ, Space X ընկերության ավագ խորհրդատու Գարեթ Ռայսման, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոն, տիեզերագնաց Ռոման Ռոմանենկո, Kaspersky Lab-ի տնօրեն ու նախագահ Եվգենիյ Կասպերսկի, Նոբելյան մրցանակակիրներ՝ ֆիզիկոս Ռոջեր Փենրոուզ, աստղաֆիզիկոսներ Քիփ Թորն, Ադամ Ռիես, Բրայան Շմիդթ և Բերի Բարիշ, բիոքիմիկոս Էլիզաբեթ Բլեքբըրն, նեյրոգիտնական Էդվարդ Մոզեր, ֆիզիկոս Ռոբերտ Ուիլսոն, ֆիզիկոսներ Էրիկ Բեթցիգ և Դեյվիդ Գրոս, տնտեսագետ ժոզեֆ Շտիգլից և այլոք:

Փառատոնի երաժշտական հատվածն այս տարի ևս անօրինակ էր, քանի որ Starmus III-ին մասնակցում էին օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, նշանավոր թատերական երգչուհի Սարա Բրայթմանը և այլոք:

Փառատոնն աչքի ընկավ նաև նրանով, որ այս տարի առաջին անգամ Starmus-ի շրջանակում շնորհվեց Սթիվեն Հոքինգի անվան մրցանակը, որի մասին հայտարարվել էր 2015 թվականի դեկտեմբերին: Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը նախատեսված էր գիտությունը հանրայնացնողներին/ Science Communicator՝ երեք անվանակարգերում՝  գիտություն, արվեստ և ֆիլմ: Մեդալի մի կողմում պատկերված Սթիվեն Հոքինգի նկարի հեղինակը տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է: Մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող երաժիշտ Բրայան Մեյն է և նրա հայտնի կիթառը:  

Ինքը՝  Հոքինգը, խոսելով մեդալի մասին, նշել էր. «Ներգրավելով բոլորին՝ դպրոցականներից մինչև քաղաքական գործիչներ և թոշակառուներ, գիտությունը հանրայնացնողները գիտությունը բերում են ամենօրյա կյանքի կենտրոն:  Գիտությունը բերելով դեպի մարդը՝ մարդկանց ավելի մոտ ենք դարձնում գիտությանը: Սա կարևոր է ինձ, ձեզ, ողջ աշխարհի համար: Ուստի ես շատ ուրախ եմ աջակցելու և պատվելու գիտությունը հանրայնացնողների աշխատանքը»:

Նկարում՝ 2015 թվականի դեկտեմբերին Լոնդոնում Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհանդեսը

Այնտեղ, որտեղ կա կյանք, կա նաև հույս

«Ես ծնվել եմ 1942 թվականի հունվարի 8-ին՝ Գալիլեո Գալիլեյի մահվանից ուղիղ 300 տարի անց». այս խոսքերով Starmus III-ի շրջանակում «Իմ կյանքի համառոտ պատմությունը» խորագրով դասախոսությունը սկսեց Սթիվեն Հոքինգը: Իրեն բնորոշ հումորով համեմված դասախոսության ընթացքում Հոքինգը ներկայացրեց իր մանկությունը, համալսարանական կյանքն ու առօրյան, աստղաֆիզիկայով ու տիեզերագիտությամբ զբաղվելու առաջին փորձերը, ինչպես նաև հիվանդության հետ առերեսվելու առաջին տարիները. «Ես սկսեցի գնահատել այն ամենը, ինչ ունեմ: Այնտեղ, որտեղ կա կյանք, կա նաև հույս»:

Հոքինգը ներկայացրեց Տիեզերքի առաջացման, սև խոռոչների ու դրանցում ինֆորմացիայի պահպանման վերաբերյալ իր հիպոթեզերը՝ կարծիք հայտնելով, որ մարդկության ապագան Երկիր մոլորակից դուրս է:

«Մենք պետք է շարունակենք գնալ դեպի Տիեզերք՝ հանուն մարդկության ապագայի: Ես չեմ կարծում, որ մենք կկարողանանք գոյատևել ևս 1000 տարի՝ առանց մեր փխրուն մոլորակից հեռանալու: Այդ պատճառով ես ցանկանում եմ խրախուսել հանրության շրջանում հետաքրքրությունը Տիեզերքի նկատմամբ...
Փառահեղ ժամանակահատված էր՝ ապրել ու ուսումնասիրություններ անել տեսական ֆիզիկայի ոլորտում: Մեծ հաղթանակ է այն, որ մենք՝ մարդիկ, որ ինքներս բնության հիմնարար մասնիկների հավաքածուներ ենք, կարողացել ենք այսքան մոտ լինել հասկանալուն այն օրենքները, որոնք կառավարում են մեզ ու մեր տիեզերքը:
Հիշեք նայել վերև՝ աստղերին, այլ ոչ թե ներքև՝ ձեր ոտքերին: Փորձեք իմաստավորել այն, ինչ տեսնում եք ու հասկանալ, թե ինչն է ստիպում Տիեզերքին գոյություն ունենալ: Եղեք հետաքրքրասեր: Ու որքան էլ դժվար թվա կյանքը, դու միշտ կարող ես ինչ-որ բան անել ու հաջողել: Կարևոր է չհանձնվել»,- այս խոսքերով եզրափակեց իր ելույթը Հոքինգը:

Նկարում՝ Հոքինգը «Իմ համառոտ պատմությունը» խորագրով ելույթում ցուցադրում է Օքսֆորդի համալսարանում իր ուսանողության տարիների լուսանկարը

 

Աշխարհի մեծագույն բացահայտումները գալիս են փորձերի ու սխալների միջոցով

Starmus III-ի կենտրոնական բանախոսներից մեկը կանադացի աստրոնավտ Քրիս Հեդֆիլդն էր, ով Տիեզերքում անց է կացրել 166 օր: Նա առաջին կանադացին էր, որ քայլեց բաց տիեզերքում, առաջին կանադացին, ով 2013 թվականին դարձավ Միջազգային տիեզերակայանի հրամանատար: Հեդֆիլդը հատկապես մեծ հեղինակություն սկսեց վայելել տիեզերակայանում անցկացրած առօրյան նկարահանելով ու դրանք Twitter, Facebook, Google և Tumblr սոցիալական ցանցերում հրապարակելով՝ հետաքրքիր տվյալներ ներկայացնելով անկշռության մեջ իր առօրյայի մասին:

Փառատոնի շրջանակում Հեդֆիլդը խոսեց Տիեզերքում իրականացրած առաքելությունների, տիեզերագնացության կարևորության մասին: Նա հայտարարեց, որ մարդու մասնակցությամբ տիեզերական ճամփորդությունը մարդու՝ ուսումնասիրելու հիմնարար ցանկության կենսական մասն է: Ելույթից հետո լրագրողներից մեկը դիմեց Հեդֆիլդին՝ հարցնելով, թե  ի՞նչ խորհուրդ կտա գիտության հանդեպ սեր ունեցող երեխաներին, ովքեր, սակայն, իրենց փորձերի ժամանակ հաճախ հայտնվում են փակուղում, ինչին ի պատասխան նա ասաց.

«Ցանկացած գիտնական պետք է ընդունի, որ ամեն բան կարող է մշտապես սխալ ուղղությամբ ընթանալ: Գալիլեոն անգամ չէր պատկերացնում, թե ինչ է տեսնելու, երբ առաջին անգամ նայեց աստղադիտակով: Արդյունքում, նա վերաշարադրեց մեր բոլոր ընկալումներն այն մասին, թե ինչպիսին է Տիեզերքը: Աշխարհի մեծագույն բացահայտումները գալիս են փորձերի ու սխալների միջոցով: Ճիշտ այդպես մենք սովորում ենք քայլել, խոսել, օգտագործել մեր կարողությունները: Պետք է սովորել սխալներից»:

Միջազգային տիեզերակայանում գտնվելու ժամանակահատվածում, ի թիվս հրապարակվող մյուս լուսանկարների ու տեսանյութերի, հատկապես մեծ տարածում էր ստացել Հեդֆիլդի կողմից Դեյվիդ Բոուիի Space Oddity երգի կատարումը, որի դիտումները YouTube-ում գերազանցել էին մի քանի տասնյակ միլիոնը: Starmus III-ի մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան բեմում կենդանի կատարմամբ լսել երգը կանադացի աստրոնավտի մատուցմամբ: 

Լուսավոր մարդիկ խոսում են «մութ» թեմաներից

Ֆիզիկոս Բրայան Շմիթը, ով 2011 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի՝ ևս երկու գիտնականների հետ բացահայտելով, որ Տիեզերքն ընդլայնվում է արագացմամբ, դասախոսություն ունեցավ «Մութ, մութ Տիեզերք»  խորագրի ներքո: Նա նշեց, որ իր համար աստղագիտության ուժը նրանում է, որ «այն թույլ է տալիս նայել ուղիղ դեպի անցյալ»: Շմիթը խոսեց Տիեզերքում մութ նյութի (dark matter) և մութ էներգիայի (dark energy) մասին: Ելույթում նա բացատրեց, թե ինչպես է եկել եզրակացության այն մասին, որ Տիեզերքն ընդլայնվում է արագացմամբ՝ ուսումնասիրելով հեռավոր գալակտիկաներում Ia տիպի գերնոր աստղերի տասնյակ պայթյուններ:

Նկարում՝ Բրայան Շմիթը՝ «Մութ, մութ Տիեզերք» դասախոսության ժամանակ

Նա նշեց, որ սկզբում իրենք չէին կարողանում հավատալ սեփական տվյալներին և ամիսներ են անցկացրել դրանք նորից ճշտելու համար: Շմիթը հավելեց, որ թեպետ իրենք չգիտեն, թե ինչ է մութ էներգիան, սակայն, ակնհայտորեն, այն ամենուր է:

 

Գիտությունը հանրայնացնողները՝ Հոքինգի մեդալակիրներ

Starmus III-ի բեմում առաջին անգամ հանձնվեցին Սթիվեն Հոքինգի անվան մեդալները: Գիտության անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը՝ գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար, արվեստի անվանակարգում` կոմպոզիտոր Հանս Ցիմերը՝ «Ինտերստելար» գիտաֆանտաստիկ ֆիլմի երաժշտության համար: Իսկ ֆիլմի անվանակարգում հաղթող դարձավ  Particle Fever գիտական փաստագրական ֆիլմը: Հաղթողների ընտրությունը կատարել էր անձամբ Հոքինգը, ով փառատոնի մեկնարկից առաջ, հայտնելով հաղթողների անունները, նշել էր, որ հաղթողները մեծ ներդրում են ունեցել հանրային կյանքում գիտության հանրահռչակման գործում:

Ջիմ ալ-Խալիլը, ընդունելով մրցանակը, նշել էր. «Սա հաստատումն է նրա, որ պրակտիկ հետազոտող գիտնականները նույնպես կարող են ընդունելի ու ճանաչելի դառնալ՝ որպես հաջողակ գիտության հանրայնացնողներ: Ինչպես Սթիվենը, ես ևս կարծում եմ, որ և՛ պարտավորություն, և՛ առավելություն է հնարավորինս ավելի լայն զանգվածների հետ կիսվել իմ զարմանքով առ այն, թե ինչպես է աշխատում Տիեզերքը և որն է մեր դերն այստեղ»:

«Մոռացեք օսկարը: Սա է ճիշտ վայրը». այս խոսքերով Starmus-ի բեմում իր մեդալը ստացավ հոլիվուդյան օսկարակիր ֆիլմերի կոմպոզիտոր Հանս Ցիմերը: «Ես հանդիպել եմ մեծ թվով գիտնականների, ովքեր աշխատելիս իմ երաժշտությունն են լսում, և ես շատ շոյված եմ դրանից: Միակ բանը, որ կարող է փրկել մեզ՝ այս մոլորակը, որը պարզապես մի փոքր կապույտ կետ է, գիտությունն է: Չկա երաժշտություն առանց գիտության»,- նշել էր կոմպոզիտորը:

Նկարում՝ Սթիվեն Հոքինգի անվան մեդալակիրները Starmus III-ի բեմում

 

Starmus III-ի 26 ելույթները՝ մեկ գրքում

Փառատոնի ավարտին հեղինակները Starmus III-ն ամփոփեցին «Սթարմուս. հորիզոնից այն կողմ» գրքում, որում ներառված է 26 ելույթ՝ նվիրված Հոքինգին, Տիեզերքի առաջացմանը, «մեծ պայթյունի» տեսությանը, Երկիր մոլորակը ու բնական ռեսուրսները կառավարելուն ու դրա ապագային: Գրքի բացման խոսքի հեղինակը ինքը՝ Հոքինգն է:

Նկարում՝ «Սթարմուս. Հորիզոնից այն կողմ» գրքում ամփոփված են փառատոնի մասնակիցների 26 ելույթներ

Կարդացեք նաև`

STARMUS I. Լուսնային մարդու վերջին ելույթից մինչև բաց տիեզերքում առաջինը քայլած տիեզերագնացի դիտարկումները

Մոծակի ոտքերով ռնգեղջյուրից մինչև սև խոռոչի գաղտնիքները. հետահայաց STARMUS II-ին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]