Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Հայաստանի զբոսաշրջային վայրերը կարող են տեղ գտնել աշխարհահռչակ վիրտուալ հարթակում․ կորեական ընկերությունը պատրաստ է համագործակցության

Հայաստանի զբոսաշրջային վայրերը կարող են տեղ գտնել աշխարհահռչակ վիրտուալ 
հարթակում․ կորեական ընկերությունը պատրաստ է համագործակցության

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում  լրջագույն նվաճումների հասած Հարավային Կորեայում քիչ չեն մարդկանց տարբեր ծառայություններ առաջարկող, նրանց կյանքը հեշտացնող, հետաքրքրությունները բավարարող հավելվածները։ Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Naver Z-ի ZEPETO  հավելվածը համարվում է Հարավային Կորեայի հիմնական բրենդներից մեկը։ Հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս վիրտուալ տիրույթում, այլընտրանքային իրականության մեջ ստեղծել սեփական կերպարը՝ ավատարը, և դրանով իր համար տարբեր բացահայտումներ անել, լինել վայրերում, որտեղ իրական կյանքում այցելել չի հաջողվել, օրինակ, Փարիզում, ծանոթանալ այլ երկրների զբոսաշրջային վայրերին, շփվել այլ մարդկանց հետ, ավտոմեքենա վարել, ամուսնանալ, մասնակցել երեկույթների, բավարարել տարբեր այլ հետաքրքրություններ։  Հավելվածը 300 միլիոնի հասնող օգտատերեր ունի աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերությունից պատրաստակամություն են հայտնում համագործակցել նաև Հայաստանի հետ, մասնավորապես, այնտեղ կարող են տեղ գտնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը և աշխարհի տարբեր երկրների օգտատերեր կարող են վիրտուալ տիրույթում տեսնել դրանք ու, ինչու ոչ, ցանկություն հայտնեն այցելել Հայաստան։

Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ը հանդիպել և զրուցել է Naver Z ընկերության բիզնեսի առաջխաղացման մենեջեր Այրիս Սոնի հետ։ Սոնն ընդգծեց, որ իրենց ամենահայտնի ծրագիրը ZEPETO հավելվածն է, որը մեծ թափով տարածում է ստանում աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավելով նորանոր և տարբեր հետաքրքրություններ ունեցող օգտատերերի։ Ընկերությունը ներդրումներ է ստանում ինչպես Հարավային Կորեայի կառավարությունից, այնպես էլ տարբեր մասնավոր կազմակերպություններից։

«ZEPETO-ն հարթակ է վիրտուալ իրականության մեջ, որտեղ մարդիկ կարող են հանդիպել միմյանց: Այնտեղ մարդիկ կարող են ստեղծել իրենց ավատարները, ստեղծել իրենց համար հարմար միջավայր։ Դա, այսպես ասած, նոր աշխարհ է վիրտուալ իրականության մեջ։ Հարթակի հիմնական օգտատերերը 13-22 տարեկան անձինք են: Օգտատերերի մեծ մասը կանայք են: Սա անսովոր երևույթ է խաղերի և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համար: Օգտատերերի 90 տոկոսն այլ երկներից են: Սա շատ զարմանալի է: Մենք նրանց անվանում ենք գլոբալ օգտատերեր: Նրանք սովորաբար Ասիայի երկրներից են՝ Ինդոնեզիայից, Թայլանդից, օգտատերեր կան նաև Ֆրանսիայից, Բրազիլիայից և այլն»,- մանրամասնեց Այրիս Սոնը:

Նա հավելեց, որ հարթակի կորեացի օգտատերերը, ի տարբերություն արտերկրի օգտատերերի, տարբեր տարիքային խմբերի օգտատերեր են։ Սոնը դա բացատրում է այն հանգամանքով, որ Naver Z-ը, համաշխարհային խոշոր ընկերություն է, ուստի կորեացիների մոտ վստահություն կա ընկերության առաջարկած ծառայությունների նկատմամբ։

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ ZEPETO հարթակում Հայաստանից ևս կան օգտատերեր, սակայն նրանց քանակը շատ քիչ է:  ZEPETO հարթակի ծառայություններից օգտվելու համար հարկավոր է ընդամենը սմարթֆոն, ինտերնետ և հավելվածը: Հավելվածը ներբեռնումն անվճար է:

Ընկերությունը համագործակցում է նաև Կորեայի պետական կառույցների հետ: Սոնը տեղեկացրեց, որ համագործակցել են Կորեայի Հանրապետության զբոսաշրջային գործակալության հետ․ համագործակցությունից առաջ հարցում են անցկացրել՝ հասկանալու համար, թե Կորեայում որն է ամենաշատ ժողովրդականություն վայելող վայրն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Եվ արդյունքը եղավ այն, որ ամենաժողովրդականություն վայելով վայրը երկրի մայրաքաղաք Սեուլ գետի մեջտեղով հոսող Հան գետի ափին գտնվող Հանգանգ այգին է: Հենվելով այդ արդյունքի վրա՝ ZEPETO-ն ստեղծել է այդ այգին այլընտրանքային իրականության մեջ: «Այնպես որ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք համագործակցել նաև Հայաստանի հետ: Դուք հավանաբար ունեք գեղեցիկ վայրեր, և մենք կցանկանանք, որ այդպիսի գեղեցիկ վայրերը լինեն մեր հարթակում: Այդ դեպքում մենք տնից, բազմոցին նստած, կարող ենք վայելել Հայաստանի գեղատեսիլ վայրերի գեղեցկությունը: Իրականում կորոնավիրուսի պատճառով շատերն էին միայնակ զգում, և մետավերսի համակարգում մարդկային շփումն անսահման պոտենցիալ ունի, դրա համար մարդիկ կարող են զգալ և անել այն, ինչ հնարավոր չէ անել իրական կյանքում»,- նշեց Սոնը:

Naver Z ընկերության բիզնեսի առաջխաղացման մենեջերը հայտնեց, որ իրենց ընկերությունը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nike-ը, Gucci-ն, Samsung-ը։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները իրենց հետ համագործակցում են՝ երկարաժամկետ հեռանկարում իրենց բրենդն առաջ մղելու նպատակով։ «Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչպես են Z սերնդի ներկայացուցիչները՝ ZEPETO հարթակի օգտատերերը, իրենց դրսևորում այլընտրանքային իրականությունում, ինչ են նրանք սիրում, ինչ նախասիրություններ ունեն, ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հենց դրա համար են նրանք համագործակցում մեր ընկերության հետ»,- մանրամասնեց Այրիս Սոնը:

Ընկերությունը պլանավորում է ընդլայնել հարթակի հնարավորությունները, ստեղծել նոր այլընտրանքային աշխարհներ վիրտուալ տիրույթում։ Սոնն ընդգծում է, որ շուկայում արդեն կան շատ նման հարթակներ, դրա համար ցանկանում են բոլոր այդ հարթակները միավորել, որպեսզի ավելի շատ մարդկանց համար այլընտրանքային իրականության մեջ հանդիպելու հնարավորություն ստեղծեն:

Եզրափակելով զրույցը՝ Այրիս Սոնը հայտնեց, որ վերջերս ZEPETO հարթակում նոր տարի են դիմավորել և հավելվածում հետհաշվարկ են արել աշխարհի տարբեր քաղաքներում:

Շանթ Խլղաթյան 

Լուսանկարները PENTA PRESS-ի

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]