Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Կոմիտասյան երգը խորությամբ է ընկալվում աշխարհում. հարցազրույց Իսպանիայում բնակվող օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանի հետ

Կոմիտասյան երգը խորությամբ է ընկալվում աշխարհում. հարցազրույց Իսպանիայում 
բնակվող օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահրամ Թադեւոսյան, արտիստական անունը՝ Վաննո Թադեո. օպերային երգիչ, տենոր: Արմատներով՝ մշեցի: Ապրում, ստեղծագործում է Իսպանիայում: «ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ճանաչված երգչի հետ:

-Երգի, երաժշտության հանդեպ Ձեր նախասիրությունները գալիս են մանկությունի՞ց, թե՞

-Հայրս, որ նկարիչ է, շատ էր երազում, որ գնամ իր հետքերով եւ անգամ գերազանցեմ իրեն: Ես լսեցի հայրական հորդորը եւ ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Ավարտելով՝ մեկնեցի ծառայության, որից հետո վերադարձա եւ զգացի, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում. ես, որ երգել եմ կամ ինձ երգացրել են հինգ-վեց տարեկանից, այսինքն՝ ունեցել եմ այդ շնորհքը, այն կրկին արթնացել էր իմ մեջ: Եվ ասես դարձի եկա, սկսեցի լրջորեն զբաղվել ինձնով, աստիճանաբար զարգացնել կատարումներս, ավելի շատ երգել: Հայտնի երգիչներից ինձ առաջինը լուսահոգի Լուսինե Զաքարյանը լսեց: Դա մի հատված էր պատարագից: Անզուգական երգչուհին ոգեւորեց ինձ՝ ասելով, որ հրաշալի ձայն ունեմ, ձգտելու դեպքում գուցեեւ երկրորդ Արմենակ Շահմուրադյան ծնվի:

-Հետաքրքիր է Լուսինեի հետ հանդիպման հանգամանքը

-Հորս՝ Լեւոն Թադեւոսյանի, եւ հայտնի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանի որդու միջոցով եղավ դա: Նրանք շատ մտերիմ էին Լուսինեի եւ նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի հետ, ովքեր հաճախակի էին լինում հորս արվեստանոցում, որտեղ էլ ինձ լսեց սիրված երգչուհին: Այնուհետեւ նա միջնորդեց, որ ընդունվեմ կոնսերվատորիայի նախապատրաստական կուրս, որն ավարտելուց անմիջապես հետո արդեն երկրորդ կուրսի ուսանող էի: Երրորդն էքստեռն կարգով ավարտեցի: Դրա նախապայմանը նախապատրաստականում կատարելագործվածությանս լուրջ մակարդակն էր: Ավելին՝ արդեն նվաճել էի Վերդիի մրցանակը՝ Բարսելոնայում կայացած Վինյանսի անվան միջազգային մրցույթում: Ի դեպ, այդ մրցույթին մասնակցությունս հովանավորել էր Ամենայն հայոց Գարեգին Ա երջանկահիշատակ Վեհափառը:

-Եվ դա առիթ եղավ, որ մնայի՞ք Իսպանիայում:

-Թերեւս այո, որովհետեւ կապերս այնտեղ քիչ-քիչ ընդլայնվեցին, եւ ես շուրջ մեկ տարի մնացի այդ երկրում: Ունեի զբաղվածություն՝ դասեր էի տալիս տենորներին եւ սոպրանոներին: Ինձ հետ կար եւս մեկ հայ՝ Սերգեյ Բարսեղյանը: Նա էլ բասերին եւ բարիտոններին էր ուսուցանում: Սկսեցի նաեւ շրջագայել. եղա բասկերի երկրում, Անդալուզիայում, իսպանական այլ մարզերում: Հետո հրավեր ստացա՝ մասնակցելու մի շարք քննությունների, որպեսզի կարողանամ ընդունվել Միլանի՝ «Լա Սկալա»-ին կից ակադեմիան: Բայց դրա համար անհրաժեշտ էր կոնսերվատորիական լիարժեք կրթություն: Եվ ես եկա Հայաստան՝ կիսատը լրացնելու: Այստեղ ինձ օգնեց ռեկտոր Արմեն Սմբատյանը: Չորրորդ կուրսում էքստեռն կարգով ավարտեցի հայրենի կոնսերվատորիան եւ մեկնեցի Իտալիա: Այնտեղ ինձ լսեցին շատ հայտնի դեմքեր, ուսումնառությունս լիարժեք էր, ստացա դիպլոմ՝ համերգային երգչի որակավորումով: Եվ նորից սկսվեցին համերգային շրջագայություններս՝ այս անգամ՝ իտալական քաղաքներում:

-Դուք համերգներ եք ունեցել նաեւ Ռուսաստանում, այո՞:

-Երեք ելույթ եմ ունեցել Մոսկվայում, մեկը՝ էստրադայի թատրոնում, երկու անգամ՝ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Այդ համերգների առիթով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել լուսահոգի մեծ բարերար Լեւոն Հայրապետյանին: Ելույթներ եմ ունեցել նաեւ մեր հայրենակցուհու՝ Ալեգրովայի, Մալինինի, Նիկոլաեւի, Ռոտարույի հետ:

-Դուք երգում եք նաեւ Կոմիտաս

-Իհարկե: Եվ երգում ինձ հոգեհարազատ երգերը: Նաեւ Եկմալյանի պատարագից հատվածներ՝ հատկապես ծանր համարվող տարբերակները: Դրանցից երգել եմ  եվրոպական երկրների եկեղեցիներում, մայր տաճարներում՝ Մադրիդ, Վալենսիա, Բարսելոնա: Եկեղեցիներից հրավերներ եմ ստացել մանավանդ այն օրերին, երբ նշվում էր ապրիլի 24-ը:

-Ի՞նչ կասեք աշխարհի տարբեր երկրներում հայ երգարվեստի տարածման, հանրայնացման առումով:

-Ինչ վերաբերում է իմ առաքելությանը, մշտապես ձգտել եմ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Իսպանիայում, ե՛ւ Իտալիայում, ե՛ւ Բելգիայում, ե՛ւ Գերմանիայում առավելագույնս ներկայացնել կոմիտասյան երգարվեստը: Եվ զարմացել եմ, թե ինչպիսի խորությամբ  են ընկալվում այդ երգերը:

-Իսկ արեւմտյան կիսագնդու՞մ

-Հրավերով եղել եմ Արգենտինայում, Չիլիում, Ուրուգվայում: Նաեւ այս երկրներում եմ երգել: Ծրագրել եմ լինել նաեւ Հյուսիսային Ամերիկայում: Տեսնենք:

-Դուք երգել եք Օթելլո, Պայացներ, այլ մեներգեր: Իսկ հայկական օպերաներից ի՞նչ կերգեիք:

-Ասենք՝ «Անուշ»-ում սիրով Սարոյի դերում կերգեի, բայց Սարոն իմ ձայնի բանը չէ: Իր անձը, կերպարը, կենցաղը կարող եմ ներկայացնել, իսկ ահա ձայնի առումով նույնը չէի ասի:

-Երգել եք աշխարհի տարբեր երկրներում, Ձեր ձայնը արդյոք հնչե՞լ է նաեւ հայրենի Արցախում:

-Ասեմ, որ տարիներ առաջ Հայաստանի մշակույթի եւ սփյուռքի, նաեւ Արցախի մշակույթի նախարարի նախաձեռնությամբ հրավիրվել եմ Արցախ եւ երկու համերգ ունեցել Ստեփանակերտում, եղել եմ այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հյուրը: Այդ օրերին փաստաթղթեր պատրաստեցին ինձ ինչ-որ կոչման ներկայացնելու համար, բայց երկրի քաղաքական ու պատերազմական բարդ իրավիճակը խանգարեց: Իսկ Երեւանում ունեցել եմ ութ մենահամերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որոնցից երկուսը՝ գալա համերգ: Հարցի շրջանակներում ավելացնեմ, որ արժանացել եմ Գյումրի քաղաքի Ոսկե մեդալի, համարվում եմ «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական երգիչը՝ հասարակական կարգով, երգերս եռակի հնչել են հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան միջազգային մրցաշարերի ժամանակ, մեծարվել եմ «Ռուսաստանի պատվավոր ձայն», «Ոսկե ձայն» տիտղոսավոր բնութագրումներով, բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով:

-Եվ Ձեր մոտակա ծրագրերի մասին:

-Նախ ասեմ, որ ջանացել եմ հնարավորինս օգտակար լինել 2016-ի քառօրյա պատերազմի մեր թանկ զոհերի ընտանիքներին: Դրան եմ ծառայեցրել բարսելոնյան բարեգործական համերգս: Նույն նպատակով մտադիր եմ համերգ ունենալ մեր մայրաքաղաքում՝ այս անգամ արդեն աջակցելու մեր վերջին եւ աղետալի պատերազմի նահատակների հարազատներին: Ունեմ նաեւ ծրագիր՝ կապված Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի քաղաքներում համերգային շրջագայությունների հետ:

-Մեզ մնում է անձնական եւ ազգաշահ հաղթանակներ մաղթել Ձեզ՝ որտեղ էլ որ լինեք:

-Զգացված եմ:

Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ

 

 

 

 

     








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]