Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուշացումները պայմանավորված են վարորդների մի մասի արձակուրդներով և հին ավտոբուսների պահեստամասերի համալրման խնդիրներով

Ուշացումները պայմանավորված են վարորդների մի մասի արձակուրդներով և հին 
ավտոբուսների պահեստամասերի համալրման խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վերջին շրջանում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների ավտոբուսների ուշացումների հետ կապված խնդրին: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության  վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը նշեց, որ ավտոբուսների՝ ոչ հաճախ երթուղի դուրս գալը պայմանավորված է առանձին երթուղիների որոշ վարորդների արձակուրդներով և հին ավտոբուսների պահեստամասերի համալրման անհրաժեշտությամբ: 

«Խնդիրը պայմանավորված է երկու հանգամանքով: Առանձին երթուղիների որոշ վարորդները, եղանակային պայմաններից ելնելով, արձակուրդում են, որը նրանց իրավունքն է: Երկրորդը՝ սպասում ենք հին ավտոբուսների պահեստամասերի խմբաքանակի ներկրման»,- նշեց Գևորգյանը:  

Նրա խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով ճիշտ չի լինի վարորդներին թույլ չտալ արձակուրդ մեկնել: «Նրանք օրվա կտրվածքով աշխատում են 12-14 ժամ և իրավունք ունեն տարվա մեջ մի քանի օր արձակուրդ վերցնել: Ամառային ամիսներին, որպես կանոն, ուղևորահոսքը որոշակի նվազում է, և դա այն միակ ժամանակահատվածն է, երբ հնարավոր է վարորդներին արձակուրդ տրամադրել»,-պարզաբանեց Գևորգյանը: 

Գևորգյանն ընդգծում է, որ հնարավոր չէ բացակայող վարորդների շարքերը նոր վարորդներ ընդունելով համալրել: Քաղաքապետարանն առանց այն էլ դժվարանում է  հիմնական աշխատանքի ընդունելու համար D կարգի վարորդներ գտնել: Խնդիրը փորձում են լուծել՝ ուղեգծում աշխատող մեքենաների՝ երթուղի դուրս գալու միջակայքերն օպտիմալացնելով:

«Մի ավտոբուսը կարող է գալ 15 րոպե միջակայքով, մյուսը՝ 25 րոպե, կփորձենք միջակայքերի միջև բալանս ապահովել: Բայց դա ևս ամբողջությամ մեզանից կախված չէ՝ ելնելով փողոցների ծանրաբեռնվածությունից»,- նշեց Տարոն Գևորգյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում: 

Անդրադառնալով պահեստամասերի խնդրին՝ նա նշեց, որ հին ավտոբուսների պահեստամասերի ներկրման խնդիր կա, սպասում են պահեստամասերի նոր խմբաքանակի ներկրմանը: Քաղաքապետարանից վստահեցրին՝ ամեն բան անում են, որ եղած իրավիճակի մեջ նվազագույնի հասցնեն քաղաքացիներին պատճառվող անհարմարությունը: 

«Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը: Կարծում եմ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, և մենք նորից կվերադառնանք մեր  հնարավորությունների սահմաններում եղած նորմալ սպասարկմանը»,- նշեցին քաղաքապետարանից: 

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]