1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին պատմող ֆիլմով Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին պատմող 
ֆիլմով Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով հուլիսի 10-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, 19-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպասված կինոփառատոնի պաշտոնական մեկնարկից առաջ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող և ստեղծագործող հյուրերը քայլեցին կարմիր գորգով, զրուցեցին լրագրողների և երկրպագուների հետ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Ամերիկացի» ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Մայքլ Գուրջյանը, որը «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, ասաց՝ երջանիկ է, որ Հայաստանում է: Նա նշեց, որ իր ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը փրկվել է Հայոց ցեղասպանությունից՝ կորցնելով ընտանիքը, և փորձում է գտնել իր արմատները:

Ռեժիսորը, որն ապրում է ԱՄՆ-ում, նաև խոստովանեց, որ համավարակի ընթացքում է եղել Հայաստանում և շատ վայրերում լինելու հնարավորություն չի ունեցել, սակայն շատ լավ ճանաչում է Երևանի կենտրոնը: Այս այցի ընթացքում կփորձի յուրովի բացահայտել Հայաստանը, քանի որ պատրաստվում է աշխատել հայկական ևս մեկ նախագծի վրա:

Կինոփառատոնի պատվավոր հյուրերից է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը, որը հինգ տարի առաջ է մասնակցել «Ոսկե ծիրանին»:

«Եթե չսիրեի այս փառատոնը, չէի գա: Ցանկանում եմ, որ այն առավել զարգանա, ծաղկում ապրի: Մեր երկրին պետք է այնպիսի կինոարտադրություն, որը մեզ հնարավորություն կտա ներկայանալ նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում: Հինգ տարի առաջ այստեղ դժվար էր աշխատել. խոստանում էին, որ կնախաձեռնեն ինչ-որ գործ, հետո մոռանում էին: Իսկ հիմա շատ լավ են աշխատում կինոյի բնագավառում և ամեն ինչ գիտեն: Բոլորը պրոֆեսիոնալներ են, և դա ինձ շատ է ուրախացնում»,-շեշտեց Դավիթյանն ու լուսանկարվեց երկրպագուների հետ:

Մինչ կցուցադրվեր «Ամերիկացի» ֆիլմը, բեմ բարձրացավ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ըստ նրա՝ փառատոնը մեր երկրի և մայրաքաղաքի այցեքարտն է դարձել, քանի որ հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր ունի:

«Փառատոնի շնորհիվ տարիների ընթացքում Երևանը դարձել է կինոյի համաշխարհային կենտրոններից մեկը, և մեր պարտքն է կանգնել նախաձեռնության կողքին՝ Երևանը համաշխարհային կինոքարտեզի վրա արժանավույնս դիրքավորելու համար»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ փառատոնի պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամ է Երևանի քաղաքապետարանը ստանձնել «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորի պարտականությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Ոսկե ծիրանը»-ը Հայաստանի կարևորագույն մշակութային ծրագրերից մեկն է համարում: Նրա խոսքով՝ 19 տարվա ընթացքում այն շուրջ 13 հազար հայտ է ստացել ավելի քան 130 երկրից, փառատոնին անդրադարձել են ոչ միայն տեղի, այլև միջազգային լրատվամիջոցները:

«Փառատոնն ընդլայնում է կինոշուկայի, մասնագիտական շփումների և փորձի փոխանակման սահմաններն»,-ընդգծեց Խզմալյանը:

Երեկոյին կինոփառատոնի պատվավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնվեց իսպանացի կինոռեժիսոր Ալբերտ Սեռային և օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջին։ Թերի Ջորջը երրորդ անգամ է Հայաստանում, 19-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է և «Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի» ժյուրիի նախագահը: Նա մեր երկիր առաջին անգամ եկել է «Խոստումը» ֆիլմին առնչվող աշխատանքներ իրականացնելու համար, հետո՝ ֆիլմի պրեմիերային։ Նա և իր գործընկերներն արդեն հասցրել են մեկ ֆիլմ դիտել:

«11 կինոնկար ենք դիտելու փառատոնային անցուդարձի ընթացքում, և ես առաջնահերթությունը տալու եմ այն ֆիլմերին, որոնք մարդկային են և որոնցում պատմություն կա»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ կինոյի երկրպագուները «Ոսկե ծիրան»-ի ընթացքում հնարավորություն կունենան դիտելու նաև իր ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեց իր ուսուցիչներից մեկին, որը ժամանակին ասել է՝ փառատոնը կարելի է ստացված համարել, եթե այն ընդգրկի լավագույն ֆիլմերը, հրավիրի լավագույն ժյուրիին, ունենա լավագույն հանդիսատեսը: Խաչատրյանը համոզված է, որ «Ոսկե ծիրանն» ունի այդ երեք բաղադրիչները: Նա բեմ հրավիրեց կինոփառատոնի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին, որոնք էլ ազդարարեցին 19-րդ փառատոնի մեկնարկը:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 10-17-ը: Փառատոնին կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ: Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք պատվավոր հյուրեր, որոնցից են իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։

Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին. կցուցադրվեն հեղինակների մի քանի ֆիլմեր ինչպես փառատոնի օրերին, այնպես էլ փառատոնից հետո: Ֆիլմերը ցուցադրվելու են վերականգնված տարբերակներով: Իսկ Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվեն Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի աստղերը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]