Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Made in Armenia ՀԿ-ն նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը ՓՄՁ-ներին ուժեղացնելու միջոցով

Made in Armenia ՀԿ-ն նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը ՓՄՁ-ներին 
ուժեղացնելու միջոցով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Made in Armenia հասարակական կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել աջակցել ու նպաստել հայկական արտադրության ապրանքների վաճառքի առաջխաղացմանն ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում, ուժեղացնելով փոքր ու միջին ձեռնարկություններին՝ նպաստել  Հայաստանի տնտեսական զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին կայացավ 2021-ի վերջին հիմնադրված Made in Armenia ՀԿ-ի Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրի շնորհանդես-միջոցառումը, ինչը մեկ հարթակում համախմբեց պետական, մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ՓՄՁ վիճակի, արտահանման խնդիրների, վաճառքների ընդլայնման հնարավորությունների, ներդրումների և տնտեսության զարգացման հետ կապված այլ հարցեր:

«Գործունեության կարճ ընթացքում մենք սկսել ենք փորձագիտական աջակցություն տրամադրել փոքր ու միջին ձեռնարկություններին, աջակցել ենք տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կապերի ստեղծմանը: Վստահ ենք, որ ուժեղացնելով փոքր ու միջին ձեռնարկությունները՝ մենք նպաստելու ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ասաց Made in Armenia ՀԿ նախագահ Աշոտ Գրիգորյանը

Made in Armenia-ի նպատակների իրագործման հարցում աջակցում են Հայաստանում և արտերկրում հայկական արտադրանքի առցանց վաճառքով զբաղվող, լոգիստիկ և մարքետինգային ծառայություններ մատուցող ընկերությունները՝ հայ արտադրողներին հնարավորություն տալով ստանձնել համապարփակ աջակցություն՝ վերը թվարկված ուղղություններով: «Արդեն ունենք բավականին հաջողված փորձ՝ տարբեր ոլորտներում փոքր ու միջին արտադրողների ծառայություններ մատուցող ընկերությունների միջև բիզնես կապերի ստեղծման հարցում: Հուսով եմ, որ համախմբվելով հայկական արտադրության զարգացմանը համակողմանիորեն աջակցելու, հայկական արտադրանքը նախընտրելի դարձնելու գաղափարախոսության շուրջ՝ մենք կկարողանանք միասնաբար նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը»,-ասաց Գրիգորյանը:

Այժմ ակտիվ քայլեր են ձեռնարկվում կազմակերպության անդամներին համապարփակ աջակցության տրամադրման նպատակով բիզնես աքսելերատորի ստեղծման ուղղությամբ: ՀԿ-ն մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ քննարկում է արտադրողների համար բլոկչեյն նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսավորման նոր գործիքի ներդրման, թոքինիզացման ծրագրի իրագործման հնարավորությունը: Made in Armenia ՀԿ-ն Դուբայում հիմնված Blockcentro ընկերության հետ իրականացնելու է երկու ծրագիր՝ ի աջակցություն Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների: «Առաջինը փոքր ու միջին ձեռնարկությունների աքսելերատորի ծրագիրն է, մյուսը՝ փոքր ու միջին ձեռնարկությունների համար թոքինիզացման միջոցով միջոցների ներգրավման ծրագիրը: Մենք աջակցելու ենք՝ միջոցներ ներգրավելու և արտահանումն այլ երկրներ հեշտացնելու հարցում»,-ասաց Blockcentro ընկերության գործադիր տնօրեն Քրիստինո Վոլպին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մեծապես կարևորեց նման միջոցառումների անցկացումը երկրի համար՝ շեշտելով պետություն-մասնավոր երկխոսության կարևորությունը:  Անդրադառնալով ՓՄՁ-ին, կառավարության թիրախներին՝ փոխնախարարն ասաց. «Փոքր ու միջին ձեռնարկությունները մեզ համար կարևոր են ոչ թե որպես աշխատատեղեր ստեղծող կամ տնտեսական դիմակայունություն բարձրացնող ոլորտ, այլ առաջին հերթին դրանք կարևոր են, որովհետև մենք կարծում ենք, որ ներառական տնտեսությունը հիմք է ներառական քաղաքական համակարգի համար: Ժողովրդավարության կայացման համար առանցքային է փոքր ու միջին ձեռնարկությունների կայացումը, քանի որ դա ստեղծում է միջին խավ, ինչն էլ իր հերթին բերում է ներառական քաղաքական համակարգի»:

Կառավարության ներկայիս ծրագրով պետությունը որդեգրել է ՓՄՁ-ների կշիռը բարձրացնել ավելացված արժեքում ընդհուպ 50 տոկոս: Փոխնախարարը կարծում է, որ այդ ամենի հետևում դրված համապարփակ միջոցառումները հնարավորություն կստեղծեն մոտենալ այդ թիրախին: Նա նշեց օրինակ կառավարության աջակցության, սուբսիդավորման ծրագրերի մասին:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն էլ նշեց, որ, ցավոք, դեռևս չի հաջողվել ամբողջապես կայացել տնտեսական դիվանագիտություն ինստիտուտը: «Մենք այսօր ամբողջ ուժով այդ պրոցեսն ենք իրականացնում և փորձում ենք այդ ինստիտուտը զարգացնել»,-ասաց նա՝ շեշտելով տարբեր երկրներում առևտրային կցորդների ներկայության առավելության մասին:

Made in Armenia ՀԿ-ն հիմնադրվել է 2021-ի վերջին: Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել աջակցել, նպաստել հայկական արտադրության ապրանքների վաճառքի առաջխաղացմանը Հայաստանում և արտերկրում՝ բարձրացնելով դրանց մրցունակությունն ինչպես տեղում, այնպես էլ միջազգային շուկայում, նախընտրելի դարձնել հայկականը, սերմանել ազգայինն ընտրելու գաղափարը: Made in Armenia-ն գործունեություն է ծավալում մի քանի հիմնական ուղղություններով՝ հայկական արտադրանքի առաջմղում, վաճառքի աճի խթանում, փորձագիտական աջակցություն և շահերի պաշտպանություն, որոնց իրականացման նպատակով համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ:

Made in Armenia-ի կազմակերպած միջոցառումն անցկացվեց Omni, Telesis solutions,  Shopping Armenia, All in one ընկերությունների աջակցությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]