Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի պետական նախարարը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Արցախի պետական նախարարը  քննարկել է առողջապահության ռազմավարության 
նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին հանդիպում է ունեցել Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտի առկա իրավիճակը և հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների ղեկավարների կիսամյակային ամփոփ հաշվետվությունները, հետաքրքրվել առկա հիմնախնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով առողջապահության համակարգի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է.

«Ռազմավարության նախագծի մեջ պետք է հստակ սահմանված լինեն առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների ու զարգացման բոլոր ուղղությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ներառյալ՝ շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանխարգելիչ առողջապահության և այլ կարևոր հարցեր: Նախատեսվում է ռազմավարությանը կից ունենալ միջոցառումների պլան, որոնցից յուրաքանչյուրը պետք է սահմանի հստակ նպատակներ, գործողություններ, ժամանակացույց և այլ տվյալներ: Դրա համար անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային խմբեր՝ ռազմավարական բոլոր ուղղությունների ծրագրերի մշակման և իրագործման համար: Այլ կերպ ասած՝ պետք է հատվածական ու կարճաժամկետ ջանքերից անցում կատարենք ռազմավարական ու երկարաժամկետ լուծումների»:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև տեղային և կարճաժամկետ բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները, որոնք վերաբերում էին բուժհիմնարկներում հերթերի կառավարմանը, մասնաշենքերի օպտիմալ օգտագործմանը, էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ կիրառմանը և այլ հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]