1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության փոփոխությունները դժվարություններ են ստեղծել միգրանտների համար

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության փոփոխությունները դժվարություններ են 
ստեղծել միգրանտների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2021 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության փոփոխություններով պայմանավորված միգրանտները դժվարությունների առաջ են կանգնել: Համաձայն նոր կարգավորումների՝ բոլոր օտարերկրացիները ՌԴ մուտք գործելուց հետո 30-օրյա ժամկետում պարտավոր են անցնել բուժզննում որոշ հիվանդությունների գծով, այնուհետև հանձնել մատնահետք: Միայն դրանից հետո կարող է երկարացվել միգրացիոն հաշվառումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ընդգծեց, որ բուժզննման գործը շատ կարևոր է և պարտադիր: Եթե միգրանտն օրինական կարգով հաշվառման կանգնի, բոլոր փաստաթղթերը ներկայացնի, սակայն չանցնի բուժզննում և տեղեկանքը չներկայացնի տարածքային միգրացիոն ծառայություն ու մատնահետք չհանձնի, ապա նրա միգրացիոն հաշվառումը կչեղարկվի: Բուժզննման փաստաթուղթն ուժ մեջ է մեկ տարի, սակայն այն դեպքում, երբ միգրանտը տվյալ տարածքում է շարունակում բնակվել: Եթե այդ մեկ տարվա ընթացքում բնակության տարածքը փոխեց, ապա բուժզննումը նորից պետք է անցնի: 

«Հակառակ դեպքում միգրանտը շատ արագ կդառնա անօրինական դրանից բխող բոլոր հետևանքներով: Կլինի մուտքի արգելք, այս դեպքում 5 տարուց սկսած»,- մանրամասնեց նա:

 Ռուսաստանում միգրանտներին իրավական խորհրդատվություն տրամադրող «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկի խոսքով, ասել, որ միգրանտներն ընդհանրապես տեղեկացված չեն միգրացիոն նոր կարգավորումների մասին, ճիշտ չէ: Պարզապես շատերը մատերի արանքով են նայում փոփոխություններին: Շատերը սահմանված 30 օրվա ընթացքում չեն անում այդ գործընթացը, մյուսները որոշում են, որ հենց 30-րդ օրը կգնան բուժզննում անցնելու: Որոշներն էլ անցնում են բուժզննումը, սակայն պատասխանները չեն տանում միգրացիոն տարածքային գրասենյակ:

«Մեզ մոտ մի երիտասարդ էր եկել, բնականաբար, ուղղորդել ենք բուժզննում անցնելու: Նա գնացել է, գումարը վճարել է, սակայն բուժզննում չի անցել, բնակաբանար, պատասխաններն էլ չի տարել միգրացիոն տարածքային գրասենյակ:  Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ շատերը լուրջ չեն վերաբերվում այս գործընթացին, սակայն կարծում եմ, որ շուտով այդ մոտեցումը կփոխվի, որովհետև համապատասխան կառույցները խստացված ստուգումներ են անցկացնում, և շատերը միգրացիոն կանոնակարգին չհետևելու համար ստանում են մուտքի արգելք: Երբ նման մարդկանց թիվը մեծանա, արդեն միգրանտների շրջանում զգոնությունը կավելանա»,-ասաց Վալենտինա Չուպիկը:

Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված՝ հիմա մի միտում է նկատվում, ըստ որի, գործատուները, ընկերությունները փորձում են շրջանցել հարկերը և արդեն իսկ պայմանագիր ունեցող և օրինական աշխատող միգրանտներին համոզում են լուծարել պայմանագիրը:

«Այսինքն՝ իրենց կամքով դիմում գրել և աշխատանքից ազատվել՝ խոստանալով, որ միևնույն է աշխատավարձը ստանալու են: Ցավոք, կան միգրանտներ, որոնք համաձայնվում են: Փորձը ցույց է տալիս, որ այն պահից սկսած, երբ դադարում է գործել աշխատանքային պայմանագիրը, միգրանտները չեն վճարվում: Եվ ամենակարևորը, աշխատանքային պայմանագիրը դադարեցնելով, վերանում է այն հիմքը, ինչի համար միգրանտը կարող է երկարաժամկետ գտնվել ՌԴ-ում»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Վալենտինա Չուպիկն էլ հավելեց, որ ՌԴ-ում աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծարելը, մարդուն աշխատանքից ազատելը շատ բարդ գործընթաց է: Նույնիսկ եթե գործատուն կսպառնա, որ կազատի, միևնույն է խորհուրդ է տրվում ինքնակամ չդադարեցնել պայմանագիրը, աշխատանքից չազատվել:

Մասնագետները համոզված են, որ միգրացիոն կարգավորումներին ոչ պատշաճ վերաբերմունքը կհանգեցնի մուտքի արգելք ունեցողների թվի ավելացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]