1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Մանսուրյանը, Ալեքսանդր Լիբրայխը և երիտասարդ դաշնակահար Եվա Գևորգյանը կներկայանան մեկ բեմում

Տիգրան Մանսուրյանը, Ալեքսանդր Լիբրայխը և երիտասարդ դաշնակահար Եվա 
Գևորգյանը կներկայանան մեկ բեմում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ դաշնակահար Եվա Գևորգյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թին 2 կոնցերտը՝ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հուլիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Այս կոնցերտը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Ռախմանինովի ստեղծագործական ժառանգության մեջ: Շնորհիվ իր գեղարվեստական բարձր արժեքի, երաժշտական թեմաների գեղեցկության ու արտահայտչականության՝ այն դարձել է Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունը: Երաժշտական գրականության մեջ դժվար է գտնել խոշոր կտավի մեկ այլ ստեղծագործություն, որտեղ այս աստիճան գերիշխում է երգա-մեղեդային հենքը:

Կոնցերտի մենակատար Եվա Գևորգյանը միջազգային տասնյակ մրցույթների հաղթող է, 2021-ին դառնալով Շոպենի դաշնակահարների միջազգային մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆինալիստը՝ նրան անվանել են մրցույթի «հայտնություն»: Վերջերս Մոսկվայում կայացած Ռախմանինովի միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր է: Եվան հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Լյուցեռնի սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Աշխատել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոսթերի, Գերհարդ Ցիմմերմանի, Էդուարդ Թոփչյանի և այլոց հետ: 2019-ին ստացել է ICMA (International Classical Music Award) հատուկ մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում: 2020-ին Եվգենի Կիսինն ընտրել է նրան որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: 2021-ին արժանացել է «Yamaha ընկերության երիտասարդ արտիստ» կոչմանը:

Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը Եվա Գևորգյանը, որը կիսով չափ ռուս է, ասաց՝ միշտ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ իր երկրորդ հայրենիք: Նա նշեց, որ սիրով երաժշտասերների համար կկատարի Ռախմանինովի բարդագույն և շատ գեղեցիկ ստեղծագործությունը:

Համերգի երկրորդ բաժնում կհնչի Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը: Այն համերգի ծրագրում ներկայացվել է դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի առաջարկությամբ: Մանսուրյանը 2011-ին Ռեքվիեմը գրել է հենց Լիբրայխի պատվերով, որն էլ առաջին անգամ կատարվել  է վերջինիս ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի կատարմամբ՝ Բեռլինում: Ռեքվիեմի ձայնագրությունը 2018-ի «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխության հավակնորդ է 3 անվանակարգերում՝ «Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիտոր»՝ Տիգրան Մանսուրյան, «Խորալ երաժշտության լավագույն դիրիժոր»` Ալեքսանդր Լիբրայխ և «Լավագույն ձայնագրություն»։

Ալեքսանդր Լիբրայխը խոստովանեց՝ ոգևորված և հուզված է, որ առիթ է ընձեռնվել Հայաստանում կատարելու  Ռեքվիեմը, ստեղծագործությունը, որը պատկանում է հայերին ու նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այսօրվա փորձին Հայաստանի ազգային ֆրլհարմոնիկ նվագախմբի  և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ ստացել ենք յուրահատուկ գույներ, ստեղծագործությունը  բացահայտող տրամադրություն և երանգներ: Շատ գոհ եմ փորձից»,-նշեց նա:

Անդրադառնալով դաշնակահար Եվա Գևորգյանին՝ դիրիժորը նշեց, որ առաջին անգամ է հանդես գալու նրա հետ, սակայն  դաշնակահարի մասին շատ է լսել:

Տիգրան Մանսուրյանն էլ կարևորեց իր և Լիբրայխի երկարատև համագործակցությունն ու մասնագիտական մտերմությունը՝ նշելով, որ այն վերածվել է բարեկամության:

Մանսուրյանի Ռեքվիեմի կատարմանը մասնակցում են Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) և Երևանի պետական կամերային երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինե Ոսկանյան), մենակատարներն են Մերի Մովսիսյանը (սոպրանո) և Ակսել Դավեյանը (բարիտոն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]