Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Երեք համերգ, հանրահայտ կոմպոզիտորներ և մենակատարներ. մեկնարկում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

Երեք համերգ, հանրահայտ կոմպոզիտորներ և մենակատարներ. մեկնարկում է 
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ հուլիսի 9-19-ը Երևանում կանցկացվի ժամանակակից դասականների փառատոնը: Այն այսուհետ կրելու է հայկական արմատներով լեհ ճանաչված կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:

Փառատոնի մեկնարկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախումբը դիրիժոր Հանու Լինտուի ղեկավարությամբ կկատարի ֆին և էստոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կհնչեն Արվո Պյարտի, Կաիյա Սաարիահոյի, Սեբաստիան Ֆագերլունդի գործերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը հիշեցնում է՝ «Ժամանակակից դասականներ» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին:

Փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրվել է մեկ կոմպոզիտորի: Պատվավոր հյուրերից է եղել Քշիշտոֆ Պենդերեցկին, որը ջերմ վերաբերմունք ուներ Հայաստանի հանդեպ: Կյանքի ուշ շրջանում կոմպոզիտորի և նրա կնոջ՝ Էլժբետա Պենդերեցկայի կապը Հայաստանի հետ ավելի էր սերտացել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բարեկամության և Հայաստան կատարած նրանց այցերի շնորհիվ: 2019-ին Պենդերեցկու ժառանգությանը մի ամբողջ համերգ է նվիրվել, այս տարին բացառություն չի լինի:

«2019-ին համերգներ նվիրվեցին Կառլ Ջենկինսին, Տիգրան Մանսուրյանին, Ալեքսեյ Շորին, Ալեքսանդր Չայկովսկուն և այլոց: Մասնակցում էին լավագույն մենակատարները՝ ջութակահարներ Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, թավջութակահար Մարիո Բրունելլոն, դաշնակահար Բորիս Բերեզովսկին և այլք: Փառատոնի միջոցով հետաքրքիր միջավայր է ստեղծվում Հայաստանում. մեր երիտասարդ կոմպոզիտորները հնարավորություն են ստանում հաղորդակցվելու հանրաճանաչ ստեղծագործողների հետ, իսկ մենք կարողանում ենք ցույց տալ, որ համաշխարհային երաժշտարվեստում իր ուրույն տեղն ունի նաև հայկական կոմպոզիտորական արվեստը։ Նախորդ փառատոնի համերգների մեծ մասը հեռարձակվել է Medici.tv-ով»,-տեղեկացնում է Բալբաբյանն ու հավելում, որ փառատոնը, որը մեծ հետաքրքրություն է վայելում երաժշտասերների շրջանակում, ամենամյա է լինելու:

Համավարակի պատճառով կազմակերպիչները չեն կարողացել 2020-2021-ին փառատոնը կյանքի կոչել, իսկ 2022-ին դասական երաժշտության հետաքրքիր երեկոներ են խոստանում ունկնդիրներին։ Բալբաբյանի խոսքով՝ Հայաստան է ժամանելու հայտնի ջութակահար Լետիցիա Մորենոն, որը հուլիսի 16-ի համերգին կկատարի Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը, նույն համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Պենդերեցկու 4-րդ սիմֆոնիան և Adagietto-ն «Կորուսյալ դրախտը» օպերայից:

Փառատոնի կարևոր առաքելություններից է պրեմիերաների իրականացումը: Փակման համերգին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, պրեմիերաների շարք է ներկայացվելու: Կկայանա ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան, հնչելու է նաև Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան՝ երգչախմբի և նվագախմբի համար: Հեղինակն այն գրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խնդրանքով: Ստեղծագործությունը նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Կհնչեն նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթքը սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից՝ բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։ Փակման համերգը կրում է «Աղոթքներ» խորագիրը:

Խոսելով հանրության լայն շրջանակին անծանոթ կոմպոզիտորների գործեր ներկայացնելու ռիսկայնության մասին՝ Սարգիս Բալբաբյանն ասում է, որ հասարակությունը ցանկանում է լսել հայտնի կոմպոզիտորների, դասականների գործեր, սակայն Սիմֆոնիկ նվագախմբի կարևոր առաքելություններից է հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստը հանրահռչակելը:

«Նվագախումբն ընդգրկում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ոչ միայն 2010 թվականից անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում, այլև համերգաշրջանների ընթացքում պարբերաբար անդրադառնում է մեր հեղինակների գործերին: Պետք է ճիշտ կարողանանք հասկանալ ունկնդրին, նրա սպասելիքները, պահանջմունքները։ Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի ներգրավենք հնարավորինս լայն լսարան, որ համերգասրահներ այցելեն նաև ուսանողներ, պատանիներ: Համերգներին կարևոր է նաև այն կոմպոզիտորների ներկայությունը, որոնց ստեղծագործություններն այդ օրը հնչում են: Յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա հայ կոմպոզիտորական արվեստի տարածման գործում: Բոլորն էլ ցանկանում են հանրամատչելի երաժշտություն լսել, բայց չպետք է սահմանափակվենք միայն հայտնի կոմպոզիտորների հանրահայտ գործերը ներկայացնելով, ունկնդրին պետք է պատրաստել, նրա հետ աշխատել, որպեսզի պատրաստ լինի ընկալելու դասական երաժշտությունն իր ամբողջ խորությամբ։ Մենք իրականացնում ենք «Դասական Ջեքսոն», «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Հոլիվուդ» և համանման այլ ծրագրեր, որոնց նպատակն է երիտասարդներին բերել դահլիճ, գրավել այն մարդկանց, որոնք երբևէ սիմֆոնիկ երաժշտություն չեն լսել: Նրանք գալիս են համերգի, Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ունկնդրում են հայտնի հիթերը, այդպիսով կապվում դասական արվեստի հետ»,-պատմում է Սարգիս Բալբաբյանը:

Նրա հավաստիացմամբ՝ նման ծրագրերի ունկնդիրը հետագայում կարող է նաև դասական երաժշտության ունկնդիր դառնալ: Նա նշում է՝ փառատոնները անհրաժեշտ են դասական երաժշտության տարածման համար: Դրանք լուսաբանվում են տարբեր միջազգային լրատվամիջոցներում, համերգների ձայնա և տեսանյութերը խմբագրվում են ու տեղադրվում լավագույն մեդիահարթակներում, կոմպոզիտորների ու նրանց ստեղծագործությունների մասին հոդվածներ են գրվում: Այս ամենը նպաստում է դասական երաժշտության հանրայնացմանը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնն անցկացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]