Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Ի՞նչ պետք է իմանալ կապիկի ծաղիկի մասին. «Արմենպրես»-ը ներկայացնում է ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները

Ի՞նչ պետք է իմանալ կապիկի ծաղիկի մասին. «Արմենպրես»-ը ներկայացնում է 
ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապիկի ծաղիկը նոր հիվանդություն չէ և էնդեմիկ է համարվում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրներում: Սակայն 2022 թվականի մայիսից, երբ կապիկի ծաղիկի դեպքեր սկսեցին գրանցվել այս տարածքներից դուրս և այն մարդկանց շրջանում, ովքեր չէին ճանապարհորդել նշված աշխարհագրական  շրջաններ, հիվանդությունը հայտնվեց մասնագետների ու հետազոտողների ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (CDC) տվյալներով՝ հուլիսի 5-ի դրությամբ աշխարհի 52 երկրում հաստատվել է կապիկի ծաղիկի 6924 դեպք: Հիվանդությունը հատկապես մեծ տարածում է ստացել Եվրոպայում, որտեղ գրանցվում է վարակումների ամենամեծ թիվը: Այս ցուցանիշով առաջին երեք հորիզոնականներում են Իսպանիան (1256), Գերմանիան (1242) և Մեծ Բրիտանիան (1235): Հայաստանում կապիկի ծաղիկի հաստատված դեպքեր չկան:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է մի շարք տվյալներ հիվանդության պատմության, ախտորոշման, ընթացքի, կանխարգելման, ինչպես նաև Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:  

Ի՞նչ է կապիկի ծաղիկը

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություն է, որի ախտանշանները նման են մարդու ծաղիկ վիրուսային հիվանդության ախտանշաններին, սակայն ի տարբերություն վերջինիս՝ կապիկի ծաղիկ հիվանդության ընթացքն ավելի թեթև է ընթանում: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն, ուժեղ արտահայտված ցան, որը կարող է անհարմար ու ցավոտ լինել: Հիվանդության ինկուբացիոն շրջանը սովորաբար 6-13 օր է, սակայն որոշ դեպքերում կարող է 5-21 օր տևել: Կապիկի ծաղիկը համարվում է ինքնուրույն բուժվող հիվանդություն, որի ախտանիշներն անցնում են 2-4 շաբաթվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին շրջանում հիվանդության մահացության ցուցանիշը կազմում է 3-6 տոկոս, ընդ որում՝ խոցելի են համարվում երիտասարդ տարիքային խմբի ներկայացուցիչները:

Ինչո՞ւ է հիվանդությունը կոչվում «կապիկի ծաղիկ»

Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին: Միայն 1970 թվականին հիվանդությունը հայտնաբերվեց մարդու մոտ. վարակը հաստատվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ մանկահասակ երեխայի մոտ:

Գոյություն ունի հիվանդության երկու խումբ՝  կենտրոնաաֆրիկյան կամ Կոնգոյի ավազանի, որն ավելի ծանր է և ունի մահացության ավելի բարձր մակարդակ, և արևմտաաֆրիկյան, որի մահացությունն ավելի ցածր է։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ ողջ աշխարհում կապիկի ծաղիկի ներկայիս բռնկումները պատկանում են վերջին խմբին:

Ինչպե՞ս է հիվանդությունը փոխանցվում մարդկանց միջև

Կապիկի ծաղիկը մարդկանց միջև փոխանցվում է սերտ շփման միջոցով՝ շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման հետևանքով։

Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը

Կապիկի ծաղիկն ախտորոշվում է մեկ կամ մի քանի վեզիկուլներից կամ խոցերից վերցված  նմուշի ՊՇՌ թեստի միջոցով:

Կարո՞ղ են երեխաները վարակվել կապիկի ծաղիկով

Երեխաների շրջանում սովորաբար հիվանդությունն ավելի ծանր է ընթանում, քան դեռահասների և մեծահասակների մոտ: Վիրուսը կարող է փոխանցվել նաև պտղին կամ նորածնին ծնունդի կամ վաղ ֆիզիկական շփման միջոցով:

Որքա՞ն ժամանակ պետք է կապիկի ծաղիկով վարակված անձը մնա մեկուսացման մեջ

Բոլոր այն անձինք, ում մոտ հաստատվել է կապիկի ծաղիկի հիվանդությունը, պետք է մեկուսանան: Հիվանդությունը սովորաբար տևում է 2-4 շաբաթ: Հիվանդը մեկուսացումից կարող է դուրս գալ միայն վերահսկող բժշկի թույլտվությամբ՝ մարմնի վրա բոլոր բշտիկների ու ցաների վերացման ու առողջ մաշկի ձևավորման պարագայում:

Կա՞ պատվաստանյութ կապիկի ծաղիկի դեմ

Կապիկի ծաղիկի դեմ հատուկ պատվաստանյութեր այս պահին չկան, սակայն մասնագետները նշում են, որ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութերն ու դեղամիջոցները կարողանում են որոշակի իմունային պաշտպանություն ապահովել հիվանդության դեմ: Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով` հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութը մոտ 85%-ով արդյունավետ է կապիկի ծաղիկի կանխարգելման համար: «Պատվաստման շնորհիվ հիվանդությունը կարող է ավելի մեղմ ընթանալ: 1980 թվականից բնական ծաղկի արմատական վերացման հետ կապված՝ բնական ծաղկի դեմ պատվաստանյութերի զանգվածային կիրառումը դադարեցվել է: Բնական ծաղկի վերջին դեպքը արձանագրվել է 1977 թվականին, իսկ 1980 թվականին հայտարարվել է հիվանդության արմատական վերացում՝ ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Մոտ 40 տարի է՝ ամբողջ աշխարհում զանգվածային պատվաստումները բնական ծաղկի դեմ դադարեցվել են, ուստի այդ պատվաստանյութերն այլևս հասանելի չեն լայն հասարակությանը:

«Բնական ծաղիկի դեմ նոր սերնդի պատվաստանյութերը ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության և Դեղերի եվրոպական գործակալության կողմից 2019 թվականին հաստատվել են որպես կապիկի ծաղիկի կանխարգելող պատվաստանյութ: Այն կենդանի թուլացված պատվաստանյութ է՝ նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, կիրառվում է ենթամաշկային՝ երկու դեղաչափ սխեմայով: Սակայն ԱՀԿ-ն դեռ երկրներին չի առաջարկում պատվաստանյութի կիրառումը»,-նշեց Գրիգորյանը:

Ի՞նչ է անում Հայաստանը վիրուսի մուտքը երկիր կանխելու ուղղությամբ

Հաշվի առնելով, որ վերջերս Վրաստանում կապիկի ծաղկի մեկ դեպք էր հաստատվել, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշում է, որ  Հայաստան վիրուսի մուտքը կանխարգելելու ուղղությամբ իրականացվում է բուժաշխատողների զգոնության բարձրացում և ուսուցում: «Սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը կասկածելի հիվանդների հայտնաբերման համար, արգելվել է էկզոտիկ կենդանիների մուտքը Հայաստան»,-հայտնում է նա:

Ի՞նչ անել, եթե կասկածներ ունես, որ վարակվել ես կապիկի ծաղիկով

Եթե կան կասկածներ կապիկի ծաղիկով վարակվելու վերաբերյալ, ապա անհրաժեշտ է անհապաղ կապվել տեղամասային բժշկի հետ, հայտնել նրան ախտանշանների, ինչպես նաև վերջին շրջանում իրականացրած ճամփորդությունների մասին: Հիվանդության համար էնդեմիկ երկրներ ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում խուսափել հիվանդ կենդանիների և վիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումներից:

 

Անի Դանիելյան

Արաքս Կասյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]