Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հայաստանում մի շարք դեսպանատների հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրանը» յուրատիպ ֆիլմեր կցուցադրի

Հայաստանում մի շարք դեսպանատների հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրանը» 
յուրատիպ ֆիլմեր կցուցադրի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, համագործակցելով ՀՀ-ում արտասահմանյան մի շարք դեսպանությունների հետ, կնախաձեռնի ցուցադրություններ՝ նվիրված տարբեր երկրների ֆիլմարտադրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներից Սուսաննա Հարությունյանը շեշտեց, որ փառատոնին աջակցում են և՛ պետական, և՛ միջազգային կառույցները:  Նա ընդգծեց, որ 19-րդ փառատոնն է, երկար ճանապարհ է անցել:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Ֆրանսիայի դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գիյոմ Նարժոլեի խոսքով՝ դեսպանատան համար կարևոր է աջակցել փառատոնին, և համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանում արվեստի տարբեր ճյուղերի զարգացմանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ «Նոր ֆրանսիական կինո» ծրագրում կներկայացվեն Կլեր Դընիի «Կեսօրյա աստղերը», Ժան-Պիեռ Դարդեն/Լյուկ Դարդենի «Թորին և Լոքիտան» ֆիլմերը, իսկ կարճամետրաժ մրցույթում է հայ-ֆրանսիական համարտադրությունը Առնո Խայաջանյանի «Մենավոր գիշերը» կինոնկարը:

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի դասական Ալեն Ռենեին: Կցուցադրվեն նրա «Հիրոսիմա, իմ սեր», «Պատերազմն ավարտված է», «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմերը։ «Հարգանքի տուրք» ծրագրում նաև կցուցադրվեն համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասի ֆիլմերը։ Կներկայացվի ACid Cannes Spéciale ծրագիրը։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։ Նիդերլանդների փոխդեսպան Ջորջ Մոնսանտոնն ընդգծեց՝ կարևորում են «Ոսկե ծիրանը», քանի որ այն ներկայացնում է և՛ տեղական, և՛ միջազգային ֆիլմեր, կինոնկարներ, որոնք կարող են հուզել մարդկանց: «Կինոն մարդու սրտին հասնելու և նոր բան ասելու հեշտ ճանապարհ է: Փառատոնի՝ միջմշակութային հաղորդակցության, միջազգային հարաբերությունների զարգացման առաքելությունը կբերի մշակույթների երկխոսության»,-նշեց նա:

ԱՄՆ դեսպանատան հետ  փառատոնը համագործակցում է 2006 թվականից: 2022-ին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կներկայացվի Սանդենս կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը։ Այն կբացվի Սառա Դոսայի «Սիրո կրակ» ֆիլմով։ Մրցութային ծրագրում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը», կցուցադրվի նաև Կառլոտա Պերեդայի «Խոզուկը»։

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջենիֆեր ՄքԷնդրյուն հիշեցրեց, որ այս տարի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, և «Ոսկե ծիրան» փառատոնին աջակցելը բեղուն համագործակցության, երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու խորացման ապացույցներից է:

Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին կարևորում է փառատոնի անցկացումը, քանի որ դրա շրջանակում ցուցադրվում են լավագույն ֆիլմերը աշխարհի տարբեր երկրներից: 2022-ին Գերմանիան ներկայանալու է «Արտադրված է Գերմանիայում» ծրագրով, որի շրջանակում կցուցադրվեն Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները», Անդրեաս Դրեզենի «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Շաուքաթ Ամին Քորքի «Քննությունը», Դիանա Էլ Ժիրուդի «Լռության հանրապետությունը» կինոնկարները:

«Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանն ուրախ է ու հպարտ է, որ հիմնադրամը  փառատոնի աջակիցներից է: «Մեծ աշխատանք է տարվում այս փառատոնը, կինոտոնը կազմակերպելու ուղղությամբ: Մեծ աշխատանք է տարվում տարվա ընթացքում հայկական կինոարտադրությունը զարգացնելու, սահմաններն ընդլայնելու, աշխարհին հայկական ֆիլմի գերազանցության նոր ալիքը ներկայացնելու  համար: Մենք կիսում ենք այս առաքելությունը: Հաճելի է տեսնել, որ մեր հիմնադրամի բազմաթիվ արվեստագետների ու կինոգործիչների անուններ ընդգրկված են այս փառատոնում»,-ասաց Տեր-Խաչատրյանը:

«Ոսկե ծիրանը» 2022-ին կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]