Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի Պատգմավորների կոնգրեսի նախագահը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի Պատգմավորների կոնգրեսի նախագահը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետը կարևորել են  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծել, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ու խորհրդարանականների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև՝ բարեկամական խմբերի աշխատանքի միջոցով։ Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։

Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության առաջմղմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ 2018թ․-ից ի վեր Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ուղով, և չնայած պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի հետևանքներին՝ կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

Երկուստեք կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել է, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել:

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրատապությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը նաև զրուցակցին է ներկայացրել Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]