Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Վարդենիսում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անվան պուրակը

Վարդենիսում բացվեց Արցախյան վերջին  պատերազմում հերոսացած Սենիկ 
Մովսիսյանի անվան պուրակը

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինվոր Սենիկ Մովսիսյանի անունը կրող պուրակը, ցայտաղբյուրը եւ հուշաքարը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը եւ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը,  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների ծնողներ եւ հարազատներ, Վարդենիս քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, Բանավան թաղամասի բնակիչներ։ Սենիկ Մովսիսյանի անվան պուրակի, ցայտաղբյուրի եւ հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսի հորը՝ Արա Մովսիսյանին։ Նա նաեւ ՀՀ Օրհներգի հնչյունների ներքո բարձրացրեց Հայաստանի Հանրապետության դրոշը։

Այնուհետ օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի   Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն  քահանա Հունանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք միասնաբար կանգնեցրինք այս հուշակոթողը եւ աղոթք հնչեցրինք առ Աստված, որ մեր հերոսների սրբացած հոգիներին երկնային լույսերի մեջ առնի։ Այս հուշաքարերն օգնում  են մեզ, որ  կյանքին ճիշտ հայացքով նայենք, որ սերունդներին հայրենանվեր գաղափարներով դաստիարակենք։ Նրանք իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի ու ժողովրդի  փրկության եւ գոյատեւման համար, ու մենք հպարտ ենք, որ հայ ժողովուրդը նման հերոս զավակներ է ծնել, որոնց սուրբ հիշատակի առջեւ խոնարհվում ենք այսօր»,-օրհնության խոսքում նշեց Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Հանդիսության մասնակիցներին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջույնի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։

«Սիրելի հայրենակիցներ, արտասահմանյան պաշտոնական այցի պատճառով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չկարողացավ մասնակցել այս կարեւոր միջոցառմանը, ուստի ես ներկաներին եմ փոխանցում նաեւ  նրա սփոփանքի եւ քաջալերանքի  խոսքը։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում մեր հերոս տղաները մաքառեցին մինչեւ արյան վերջին կաթիլը, գիտակցաբար գնացին մահվան, որպեսզի փրկեն հայրենիքը, իրենց հարազատներին։ Նրանց  մենք պիտի հիշենք անուն առ անուն ու պիտի կառուցենք այն հզոր, խաղաղ ու արարչագործ հայրենիքը, հանուն որի ընկան մեր աննման տղաները»,-նշեց Ռուբիկ Նավոյանը։

Ապա ներկաներին սփոփանքի եւ շնորհավորանքի խոսքերով դիմեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ «Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը շատ է մաքառել իր գոյության, իր ազատության ու անկախ պետականության համար։ Վերջին մաքառումը տվեցին մերօրյա հերոսները, որոնց շարքերում էին մեր հերոսներ Սենիկ Մովսիսյանը, Զավեն Հակոբյանը, Վազգեն Սիմոնյանը, Կարեն Խաչատրյանը, Նարեկ Աղոյանը, Արտակ Բադեյանը, Արտակ Սարգսյանը, Արման Ղասաբյանը, Գրիշա Գրիգորյանը, Վահան Բուդոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Մուշեղ Գալստյանը, Լեւոն Սեւոյանը, Վարդան Պողոսյանը, Արսեն Մադոյանը, Կամո Մինասյանը եւ Վարդան Թադեւոսյանը, ովքեր  հերոսի փառքով պսակեցին իրենց անունները։ Մենք ամեն օր պիտի աղոթենք նրանց համար, իսկ ամեն ժամ ու վայրկյան պիտի ապրենք եւ աշխատենք մեր հայրենիքի հզորացման ու բարօրության համար, որպեսզի ապրեցնենք նաեւ նրանց սրբացած անունները։ Այս պուրակը թեեւ կոչվում է Սենիկ Մովսիսյանի անունով, սակայն հուշաքարին փորագրված են Վարդենիս քաղաքի բոլոր հերոս նահատակների անունները, որպեսզի նրանց հերոսական գործն ամբողջանա, միատեղվի այսպես»,-ասաց Ահարոն Խաչատրյանը։

Հերոսների անունները փառաբանեցին Վարդենիսի թիվ  3 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ գրական-երաժշտական կատարումներով հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։ Միջոցառման ավարտին հերոսների ծնողները   փուչիկներ միջոցով երկինք առաքեցին   իրենց զավակների հոգիների հանգստության համար սրտահույզ աղոթքներ, իսկ Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները աղավնիներ օդ թռցրին՝ ի նշան մեր հայրենիքի խաղաղության  ու բարօրության։

Խոսրով Խլղաթյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]