Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 2-ը սովորական տարվա միջին օրն է, քանի որ տարվա սկզբից անցել է 182 օր եւ ավարտին մնացել է նույնպես 182 օր։

-1714 թ. հուլիսի 2-ին ծնվել է Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկը՝ գերմանացի կոմպոզիտոր (մահ.՝ 1787 թ.)։

-1729 թ. հուլիսի 2-ին մահացել է Կարապետ Բ Ուլնեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս 1726-ից:

-1778 թ. հուլիսի 2-ին մահացել է Ժան Ժակ Ռուսոն՝ շվեյցարացի փիլիսոփա եւ կոմպոզիտոր:

-1877 թ. հուլիսի 2-ին ծնվել է Հերման Հեսսեն՝ շվեյցարացի գրող (մահ.՝ 1962 թ.)։

-1961 թ. հուլիսի 2-ին մահացել է Էռնեստ Հեմինգուեյը՝ ամերիկացի լրագրող եւ գրող (ծնվ.՝ 1899 թ.)։

-1977 թ. հուլիսի 2-ին մահացել է Վլադիմիր Նաբոկովը՝ ռուս գրող (ծնվ.՝ 1899 թ.)։

-1993 թ. հուլիսի 2-ին մահացել է Դմիտրի Նալբանդյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Ստալինյան երկու եւ Լենինյան մրցանակների դափնեկիր։ Ջավահառլալ Ներուի անվան մրցանակի դափնեկիր (1970), (ծնվ.՝ 1906 թ.)։

-1997 թ. հուլիսի 2-ին մահացել է Ջեյմս Ստյուարտը՝ ամերիկացի դերասան եւ երգիչ (ծնվ.՝ 1908 թ.)։

 

Հետաքրքրական է

Խաշխաշ կամ կակաչ (լատ.՝ Papaver)՝ կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Հայաստանում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ՝ կակաչ արեւելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիցավոր, սակավատերեւ եւ այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում եւ այլուր։ Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող։ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների։ Ծաղկակիցավոր եւ սակավատերեւ տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56 տոկոս ձեթ եւ մինչեւ 20 տոկոս սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի եւ պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ն համարժեք է 1.1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, եւ այդ վիճակում հավաքվում է։ Դեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց եւ աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոցներ։ Բայց քանի որ ափիոնը նաեւ շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։

Ա. Հ.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]