Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Մարկ Արենի «987» գիրքը նոր լույս կսփռի Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման վրա

Մարկ Արենի «987» գիրքը նոր լույս կսփռի Կիևյան Ռուսիայում քրիստոնեության 
ընդունման վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «987» գրքում Մարկ Արենը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII-ի քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։ Վեպի համար հիմք են ծառայել իրական պատմական իրադարձությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը, հանրության լայն շրջանակին ներկայացվեց հուլիսի 1-ին Ավետիք Իսահակյանի գրադարանում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Գրքում ներկայացվում է Աննայի և իշխան Վլադիմիրի սիրո պատմությունը: Աղբյուրները հիմնականում պատմական են՝ հարուստ գեղարվեստական լուծումներով: Չեմ կարող պնդել կամ ապացուցել, որ գրքում նկարագրված ամեն բան իրական է, սակայն ոչ ոք չի կարող նաև հակառակն ապացուցել»,-նշում է Մարկ Արենն ու հավելում, որ օգտվել է և՛ ռուսական, և՛ հայկական, և՛ եվրոպական աղբյուրներից:

Խոսելով գրքում տեղ գտած այն փաստերի մասին, որոնց գուցե հանրության լայն շրջանակը ծանոթ չէ, հեղինակն ասում է՝ բոլորը գիտեն, որ Կիևյան Ռուսիայում քրիստոնեությունն ընդունվել է 988 թվականին, սակայն նրա ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ կան բավականին լուրջ գիտական աղբյուրներ, որ դա տեղի է ունեցել 977 թվականին: «Որոշեցի հենց այդ տարեթիվն ընդունել որպես հիմք, քանի որ պատմական փաստերն ակնհայտ են: Շատերը զարմանում են այդ փաստերից, ուսումնասիրում են ու համոզվում, որ իսկապես հստակ  չէ, որ Կիևյան Ռուսիայում քրիստոնեությունն ընդունվել է 988 թվականին»,-շեշտում է նա:

Մարկ Արենի խոսքով՝ հնարավոր է՝ գիրքը հրատարակվի ուկրաիներեն, քանի որ Արենի ստեղծագործությունների հանդեպ այնտեղ հետաքրքրություն կա: «Ինձ համար անսպասելի էր իմանալ, որ Ուկրաինայի դպրոցական ծրագրերում  համաշխարհային գրականության մեջ նաև իմ գործերն են ներառել»,-նշում է նա:

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ նշում է՝ Մարկ Արենը վառ անհատականություն է: «Նա  տարբերվում է  բոլորից: Ամեն մեկս աշխարհին նայելու մեր պատուհանն ունենք, մեր աշխարհայացքն ու տեսակետը: Նրանն այլ է:  Նրա՝    «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը շատ հետաքրքիր է: Այն կտրվածքով, որով նա է մոտենում Հայոց ցեղասպանությանը, ոչ ոք չի մոտեցել: Հարցականներով գնում է ու հարցականներով էլ ավարտվում է այդ գործը: Դա բազմաթիվ անհայտներով հավասարում է, որի լուծումը միանշանակ չէ»,-ասում է Վարդանյանն ու հիշեցնում, որ  այդ գիրքն արագ է վաճառվել ու  վերահրատարակել է մի քանի անգամ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]