Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո՝ զուգորդված գեղեցիկ երաժշտությամբ, ամերիկյան հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպան Թրեյսին վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին։

«Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, առողջապահական ծառայությունների բարելավումը, ջրի հասանելիության մեծացումը, անվտանգային համագործակցությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանակման ծրագրերը և մարդասիրական նախաձեռնությունները։ Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների հետ և ԱՄՆ քաղաքացիների, մասնավորապես՝ հպարտ ամերիկահայերի հետ։ Այս համագործակցության ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է։ Այս փոխգործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովել այն նշանակալի առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում», - ասել է դեսպան Թրեյսին հյուրերին ուղղված իր խոսքում։

Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին` ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման օրը (1776թ.)։ Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:

Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ: Այս տարվա տոնակատարությունը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերությունների երեսնամյակին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]