Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Նախանշվել են Սերբիայի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ

Նախանշվել են Սերբիայի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի 
շարք հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի իրենց ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը, նախանշել երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

«Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության գործունեությանը և իրականացվող աշխատանքներին, ներկայացրել ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թվայնացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տեխնոլոգիական կրթությանը, տրամադրվող հարկային արտոնություններին, «Ինժեներական քաղաք» ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ

Ըստ աղբյուրի՝ Նեմանյա Ստարովիչը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբական  փորձը՝ առանձնացնելով թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տեխնոլոգիական կրթության ուղղությունները, ընդգծել արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որում նշանակալի ձեռքբերումներ ունի Սերբիայի Հանրապետությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ոլորտների վերաբերյալ երկու երկրների միջև համագործակցության մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին արբանյակին: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]