Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Ժաննա Անդրեասյանն ու Նեմանյա Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը

Ժաննա Անդրեասյանն ու Նեմանյա Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի 
համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման 
հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-սերբական համագործակցության ակտիվացումը: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ամրապնդել բարձրագույն կրթության ոլորտի փոխհամագործակցությունը, մասնավորապես առաջատար բուհերի միջև համագործակցության զարգացման նպատակով իրականացնել ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` նշելով, որ իրենք հետաքրքրված են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները` նախակրթարանից մինչև բարձրագույն կրթություն:  

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղարը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ փորձարկման փուլում գտնվող հանրակրթության նոր չափորոշչում արվեստի կրթությունը դիտվում է որպես առանձին բնագավառ: Նա նաև նշել է, որ պետության կողմից առաջնային նշանակություն է տրվում ԲՏՃՄ` բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավմանը:  

Նշվել է, որ փոխհամաձայնեցման փուլում է գտնվում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերբիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում» փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի իրականացնելու մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համագործակցությունը երիտասարդության բնագավառում` որպես առաջնահերթություն դիտարկելով շարժունության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]