1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՃՈ պետի նախկին տեղակալն ու ոստիկանության մեկ այլ պաշտոնյա պետությանը պատճառել են 67 մլն դրամի վնաս. բացահայտվել է նաև հարկեր չվճարելու դեպք

ՃՈ պետի նախկին տեղակալն ու ոստիկանության մեկ այլ պաշտոնյա պետությանը 
պատճառել են 67 մլն դրամի վնաս. բացահայտվել է նաև հարկեր չվճարելու դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս. քրեական գործի շրջանակում բացահայտվել է նաև 577 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու հանցագործության դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն:

Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018 թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր`  նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019 թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար:

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները:

Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018 թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019 թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3 342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4 380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ):

Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]