Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է 
Կրթության փոխակերպման գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ:

«Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ հանձնառությունները, ներկայացվելու են ազգային խորհրդատ­վությունների նախնական արդյունքները:

Նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում, առանցքային հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներից բացի, պատվիրակները 2030 թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում ներկայացնելու են կրթության զարգացման լավագույն փորձը։

Թեմա­տիկ քննարկումները ծավալվելու են ներառա­կան, արդար, անվտանգ և առողջ դպրոցների, ուսուցիչների, մասնագիտական ուսուցման, աշխատանքի և կայուն զարգաց­ման հմտությունների, թվային ուսումնառության, կրթության ֆինանսավորման խնդիրների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկման արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Գագաթնաժողովին ընդա­ռաջ, կրթության փոխակերպման ազգային հանձ­նառությունները մշակելու նպա­տա­կով, անդամ երկրները պետք է նախա­­ձեռնեն ազգային ներառական խորհրդակցու­թյուններ՝ բոլոր ոլորտների և գործըն­կերների ներգրավմամբ:

Ստեղծվելու է հարթակ երեխաների, երիտասարդների, ծնողների և ուսուցիչների համար՝ իրենց տեսակետները լսելի դարձնելու նպատակով: Սա հնարավորություն է տալու միավորելու կրթության համակարգը վերափոխելու ջանքերը` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և շահառուներին:

Նշվում է, որ նախապատրաստական գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային խնդիրներին առնչվող կրթության փոխակերպման թեմատիկ քննարկումներ, որոնցից անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:

«Հայաստանը մշակել է 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք գագաթնաժողովում ներկայացվող հարցերի նախնական բովանդակությունը: Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են հետևյալ սկզբունքներով՝ մոբիլիզացնել գործողությունները, գտնել լուծումներ՝ նպատակ ունենալով վերափոխել կրթությունը մինչև 2030 թվականը:

Յուրաքանչյուր երկիր հանձնառու է լինելու ժամանակակից մարտահրավերների պայմաններում (տարատեսակ համավարակներ, գլոբալ կլիմայական ճգնաժամ, արագ տեխնոլոգիական փոխակերպում և այլն) ապահովել որակյալ կրթություն և ցկյանս ուսուցում:

Հունիսի 29-ին նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ելույթը փարիզյան գագաթնաժողովում»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։ Հանդիպումների ընթացքում Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները։

Քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրման առնչվող հարցեր։ Ստեֆանիա Ջիանինին և Դոն Լինչը կարևորել են Հայաստանում կրթության ոլորտի փոփոխությունները, վերահաստատել իրենց պատրաստակամությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]