Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Սեւանա լճի ափին տեղի է ունեցել քայլարշավ-քննարկում  

Սեւանա լճի ափին տեղի է ունեցել քայլարշավ-քննարկում

 

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկմանը՝ ուղղված Սեւանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։

Քննարկվել են Սեւանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները եւ պետական գերատեսչություն-համայնք-հասարակական կազմակերպություններ համագործակցության միջոցով դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման եղանակները։

«Սեւանա լճի պահպանությանն ուղղված բոլոր ծրագրերի ու միջոցառումների առանցքում լճի վրա մարդածին ճնշման նվազեցումն է։ Մենք այսօր խնդիր ունենք նվազագույնի հասցնել մարդու միջամտությունը բնական գործընթացներին եւ ապահովել լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը։ Պետք է ճիշտ գնահատել Սեւանա լճի հարակից հատվածների, համայնքների զբոսաշրջային հնարավորությունները եւ համատեղ ջանքերով դրանք արդյունավետ իրացնել, դա կօգնի հասնել լճի վրա ճնշման նվազեցման մեր տեսլականին։ Մարզի հարուստ բնական եւ պատմամշակութային ժառանգությունը թույլ է տալիս զարգացնել զբոսաշրջության եւ հանգստի տարբեր ձեւեր։ Օրինակ՝ մարզում կարելի է զարգացնել քայլարշավային եւ գեոտուրիզմը։ Զբոսաշրջության այս տեսակների համար առկա է բավարար ռեսուրս, բայց դրանց զարգացման համար մշակված եւ հաստատված ծրագրերը դեռեւս թերի են։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստեղծել համալիր զբոսաշրջային փաթեթներ, որոնցով էքսկուրսիաներ կիրականացվեն լեռնային տարածքներում»,- նշել է նախարարի տեղակալը եւ խնդրել հասարակական դաշտի ներկայացուցիչներին՝ «Սեւան» ազգային պարկի հետ համատեղ ուժերով կազմել գրավիչ երթուղիներ, որոնք հետագայում հնարավոր կլինի ընդգրկել զբոսաշրջային փաթեթներում։

Քննարկվել են նաեւ Սեւանա լճի հանրային լողափերին հարակից համայնքների հետ կապի սերտացմանը վերաբերող հարցեր։

Նախարարի տեղակալը ներկայացրել է հանրային լողափերի սպասարկման համար հայտարարված մրցույթի արդյունքները եւ հորդորել՝  առավել ակտիվորեն համագործակցել հանրային լողափերի սպասարկումն իրականացնող տնտեսավարողների հետ։ Նախարարությունը խրախուսում է լճափնյա հանգստի գիշերակացը կազմակերպել համայնքներում գործող հյուրատներում, դա կօգնի զբոսաշրջային հոսքը համայնքներ ուղղորդելուն՝ լուծելով երկու խնդիր. կրկին լճի վրա մարդածին ճնշման կրճատում եւ համայնքների սոցիալական առաջընթաց։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կրկին արձանագրել է, որ հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ավելի արդյունավետ կյանքի կկոչվեն Շրջակա միջավայրի նախարարության՝ Սևանա լճի պահպանությանն ուղղված բարեփոխումները։

Խոսրով    Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]