Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամփոփվեցին Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները

Ամփոփվեցին Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի 
փորձարկման արդյունքները

ԴԻԼԻՋԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները, որը մեկնարկել է 2021 թ. ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ և ֆինանսավորվել ԵՄ և ՀԲ-ի կողմից։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչներ։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին.

 «Այս օրը թող լինի միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որ կարողանանք առաջ գնալ։

Սիրելի՛ մանկավարժներ, այս մեկ տարվա ջանասեր աշխատանքի շնորհիվ դուք գտել եք խնդիրների լուծման ճանապարհը ոչ միայն ձեր, այլև ամբողջ երկրի բոլոր դպրոցների ու աշակերտների համար, քանի որ դուք եք առաջամարտիկները։ Եվ դուք հաջորդ փուլին մտածված գնալը դարձրել եք իրողություն։Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ կհասնենք մեր ակնկալած արդյունքին»,- ասաց նախարարի տեղակալը։

ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել ուսուցիչներին՝ անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը, ինչպես նաև վեր հանելու նոր մշակված առարկայական նյութերում առկա ու հնարավոր խնդիրներն ու բացերը։

«Փորձարկմանը նախորդել է հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական առարկաների նոր չափորոշիչների և ծրագրերի վերանայումը։ Մինչ փորձարկումը հումանիտար առարկաներ դասավանդող 260 ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, իսկ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) ավելի քան 600 ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել «Այբ» կրթական հիմնադրամը»,-ասաց Բաղդասարյանը

Նա ասաց, որ նշված  կազմակերպություններն ընտրվել էին մրցութային կարգով: «Այբ» կրթական հիմնադրամն իրականացրել է նաև մասնագիտական զարգացման ծրագիր մարզի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների համար` իրենց դպրոցներում բարեփոխումների գործընթացն արդյունավետորեն առաջնորդելու ուղղությամբ: Վերապատրաստումներին հաջորդել են ուսուցիչների շարունակական մենթորական աջակցությունը և դասավանդման մոնիթորինգը։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշեց, որ ուսուցչական վերապատրաստումները եղել են երկու բաժնով՝ մանկավարժական և առարկայական, որից հետո ամբողջ տարվա ընթացքում բոլոր ուսուցիչներին տրամադրել են մենթորական աջակցություն՝ լավագույնս կիրառելու նոր չափորոշիչը և այդ փոփոխությունը իրենց դասապրոցեսում ներառելու համար:

«Դպրոցների ղեկավարների հետ հիմնականում փորձել ենք փոփոխություններ իրականացնել հենվելով առաջնորդության վրա և զինել ենք նրանց գիտելիքներով ու հմտություններով, որպեսզի նրանք կարողանան իրենց թիմերին լավագույնս առաջնորդել այս փոփոխությունների գործընթացում: Նոր չափորոշիչը հիմք է դնում կարողունակությունների զարգացմանը և ուսուցչակենտրոն դասավանդման մոդելից վերափոխվում է աշակերտակենտրոն ձևաչափի: Նոր չափորոշչի նպատակն այն է, որ աշակերտները դպրոցներն ավարտեն ոչ միայն գիտելիքներով հարստացած, այլև այդ գիտելիքների, հմտությունների կարողությունների մակարդակում իմանան ինչպես մեծ կյանք մտնել»,- ասաց Սոնա Կոշեցյանը:

Տավուշի Մարզի Լիճքաձորի հիմնական դպրոցի «Ինֆորմատիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ Ռուզան Մալինյանը նշեց, որ իր դասավանդած առարկայի մասով կոնկրետ փոփոխություն տեղի չի ունեցել, բայց դասավանդման մեթոդների մեջ՝ այս նոր չափորոշչի ներդրմամբ բավականին մեծ փոփոխություն է իրականացվել:

«Կուզեմ  մատնանշել փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը՝ այսինքն՝ նախագծային աշխատանքը, որտեղ երեխաներն արդեն իրենք են ընտրում, թե ի՞նչ ճանապարհներով կարող են հասնել իրենց գաղափարի իրագործմանը և այդ ճանապարհին իրենց ի՞նչ գիտելիքներ ու ինֆորմացիա է անհրաժեշտ, այսինքն՝ ամեն ինչ անում են երեխաները, իսկ ուսուցիչները կողքից միայն ուղղորդում են: Օրինակ՝ շատ դեպքերում երեխաները դժվարանում են որոշ բաներ պատկերացնել, բայց այս դեպքում մենք ունենք մի շարք առցանց գործիքներ, որոնք այսօրվա աշակերտին դասապրոցեսում ներգրավելու համար խիստ անհրաժեշտ են»,- ասաց նա:

«ԵՄ-ն նորարարության համար. բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի կրթության փորձնական ծրագիրը» ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում Համաշխարհային բանկը, նախատեսված է բարելավելու Հայաստանի միջնակարգ դպրոցներում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) կրթության որակը: Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը վերամշակելու այդ առարկաների ուսումնական ծրագրերը, դրանց առնչվող մանկավարժական նյութերը, դասագրքերը, ուսուցիչների ուղեցույցները և քննությունները կամ քննական ցուցումները 5-12-րդ դասարաններում՝ օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ: Տավուշի մարզում տեղի ունեցած վերամշակված նյութերի փորձարկման արդյունքները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կտարածի ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման նպատակով:

Համաշխարհային բանկից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագիրը (EIP) ներառում է վեց առարկաների («Հայոց լեզու և գրականություն», օտար լեզուներ, հասարակություն և սոցիալական գիտություններ, ֆիզիկական դաստիարակություն և անվտանգություն, արվեստ և տեխնոլոգիա) առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերանայում: Այս ծրագրի շրջանակում վերանայված ուսումնական չափորոշիչները ներկայացվել են հանրային քննարկման և փորձարկվել Հայաստանի 20 դպրոցներում: Ավելի քան 7 000 ուսուցիչ իրազեկվել է ուսումնական ծրագրերի վերանայումների մասին՝ սեմինարների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]