Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Թքել ու կպցնել. ինքնատիպ ընթացակարգ՝ Թունիս մուտք գործելիս

Թքել ու կպցնել. ինքնատիպ ընթացակարգ՝ Թունիս մուտք գործելիս

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանից Թունիս 4 ժամ տևողությամբ ավիաթռիչքից հետո զբոսաշրջիկներն անհամբերությամբ սպասում են օդանավակայանից ելքին, որ որքան հնարավոր է՝ շուտ մեկնարկի հանգիստը։ Բայց մի շտապեք, Թունիսի օդանավակայանում սպասարկումը կարող է դանդաղ լինել. տրամադրվեք, որ կարող է ժամերով սպասեք։

Այս օրերին Թունիսում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը զգուշացնում է՝ պատրաստ եղեք, փաստաթղթերի ստուգման գործընթացում ինքնատիպ պահ է սպասվում։ Նախ, ձեզ կփոխանցեն մուտքի արտոնագիրը, որը նամականիշի տեսք ունի։ Հաջորդ պատուհանի մոտ ձեզ կասեն՝ դե թքի, որ այն կպցնես անձնագրում։

Այո, այո, Թունիսում մուտքի արտոնագիրն այդ ճանապարհով է միայն փակցվում անձնագրում։

Օդանավակայնից դուրս գալուց հետո, ձեր ընտրած հյուրանոցի ճանապարհին չշտապեք կարծիք կազմել առաջին տպավորությամբ։ Թունիսի գողտրիկ անկյունները, շատ տպավորիչ պատմամշակութային վայրերը կջերմացնեն ձեր սիրտը։ Կարող է լինեն պահեր, որ մտածեք, թե այս ուր եք եկել, բայց հավատացեք՝ շատ շուտով սիրահարվելու եք այս երկրին։

Թունիսում քաղաքն ու հյուրանոցն ընտրելիս հաշվի առեք ձեր նախասիրությունները։ Ե՛վ ակտիվ, և՛ պասիվ հանգստի սիրահարների համար այլընտրանքներ կան։ Այստեղ 5 աստղանի հյուրանոց ընտրելը պարտադիր չէ, 4 աստղանի հյուրանոցները նույնպես նորմալ ծառայություն են առաջարկում։ Իհարկե, եթե ունեք հնարավորություն, ապա նախընտրելի է ընտրել 5 աստղանի հյուրանոց՝ ուսումնասիրելով արձագանքները։

Ինչպես Եգիպտոսում, Թունիսում ևս հյուրանոցներն ունեն անիմացիոն խմբեր, որոնք հանգստացողների համար տարբեր ծրագրերով են հանդես գալիս։ Հյուրանոցներից դուրս հանգիստ կարող եք զբոսնել, անվտանգության խնդիր չկա։ Ինչ վերաբերում է գնումներին, ապա, ինչպես շատ արաբական երկրներում, այստեղ ևս անպայման սակարկեք։

Թունիսում կազմակերպած հանգստի ամենաառանցքային բաղադրիչն ափերն են։ Գերնրբությամբ ավազով ափերն ու Միջերկրական ծովն անտարբեր ու դժգոհ չեն թողնի ոչ մեկին։

Միջերկրական ծովը Կարմիր ծովի նման հանգիստ չէ. այստեղ մշտապես ալիքներ կան ու խորությունը նկատելի է մի քանի քայլ անց։ Ստիպված չեք երկար քայլել սուզվելու համար։

Ծովը վայելելուց զատ ձեզ դիմավորած տուրիստական ընկերության ներկայացուցիչները կառաջարկեն տուրեր, որոնք հետաքրքիր կլինեն ամենաքմահաճ զբոսաշրջիկներին՝ Էլ Ջեմի հնագույն ամֆիթատրոն, Սահարա անապատ, զբոսանք Սիդի Բու Սաիդ քաղաքում և այլն։

Առաջարկվող տուրերի մանրամասները՝ հաջորդիվ։

Աննա Գզիրյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]