Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․  Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն

Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․  Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով հունիսի 26-ին Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանից։

«Փառատոնի առանցքում Սասնա պարերն էին, իսկ  ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու եռանդուն արարում է․ ինչպես Գևորգ Էմինն է ասել՝ չի՜ հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ պարե՜լ գիտի․․․

Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։

Ներկաներին ողջունեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Գևորգ Պապոյանը, Տավրոս Սափեյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում  ընդգծել է, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշել է, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։

 Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրել է, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։

Ելույթ են ունեցել Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները՝ պարերի շուրջ համախմբելով պետական այրերին ու փառատոնի մասնակիցներին։ Մարզպետի կողմից պատվոգրեր են ստացել լավագույն պարային խմբերն ու երգիչները։

Փ«առատոնն ամփոփվեց միասնական շուրջպարով։ ․․․Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․.»,- հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։

Նշվում է, որ նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն է եղել, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային  հասարակական կազմակերպությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]