Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և հայրենիքին. ԱԺ բակում վարչապետի մասնակցությամբ նշվեց ՌԱԿ հիմնադրման 100- ամյակը

Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և 
հայրենիքին. ԱԺ բակում վարչապետի մասնակցությամբ նշվեց ՌԱԿ հիմնադրման 100-
ամյակը

ԵՐԵՎԱՆ,25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովուրդների պատմության մեջ հազվադեպ է պատահում, երբ մրցակից կազմակերպությունները միահամուռ և միաձույլ պայքարում են հանուն ազգային նպատակների իրագործման: Այդուհանդերձ, 1921 թ. հոկտեմբերի 1-ին հայկական երեք ազդեցիկ քաղաքական, հեղափոխական հոսանքների, մասնավորապես՝ 1885 թ. հիմնված հայկական առաջին քաղաքական կազմակերպության՝ Արմենական կուսակցության, ինչպես նաև՝ Վերակազմյալ Հնչակյան և Հայ սահմանադրական կուսակցությունների միավորման արդյունքում ստեղծվեց հայկական սփյուռքի և հայ իրականության երեք ավանդական քաղաքական ուժերից մեկը՝ Ռամկավար ազատական կուսակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի բակում մեծ շուքով նշվեց Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-րդ հոբելյանական տարեդարձը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկա էին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պաշտոնատար այլ անձինք, ԱԺ պատգամավորներ և քաղաքական դաշտի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ՌԱԿ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ՝ վարչապետն իր խոսքում շեշտեց, որ անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

«Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կազմակերպություններից մեկը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության ու լեզվի պահպանման, Մայր հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ռամկավար-ազատականներին մաղթելով կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն և համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու են զգալ Ռամկավար ազատական կուսակցության զորակցությունն ու աջակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին՝ նրան հանձնելով իր միջնորդության հիմքով ՀՀ նախագահի կողմից հաստատված Երախտագիտության մեդալ:

Ելույթներով հանդես եկան նաև կուսակցության ատենապետ Միքայել Խարապյանը և փոխատենապետ Վազգեն Էսքիջյանը:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերն ունկնդրեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունների հրաշալի կատարումները Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կողմից՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Ռամկավար ազատական կուսակցությունը հիմնադրման օրից մեծ դեր է խաղացել սփյուռքի կազմակերպման և հայապահպանության գործում: Տարագիր արևմտահայության ազգային ձգտումները կազմակերպելով և համադրելով՝ նա վերածվեց քաղաքական ուժեղ գործոնի, որ եկավ կարգավորելու և ապահովելու ջարդից փրկված ու տեղահանված հայ ժողովրդի նորաստեղծ համայնքների կարիքները:

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]