1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միրզոյանը վստահեցրել է՝ Հայաստանը հետևողական է խաղաղության հաստատման իր օրակարգում

Միրզոյանը վստահեցրել է՝ Հայաստանը  հետևողական է խաղաղության հաստատման 
իր օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը  հետևողական է խաղաղության հաստատման իր օրակարգում, ինչի մասին բազմիցս հայտարարել է  և՛ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չեն համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով հայկական կողմի պատկերացումներով:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն՝ հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին»,- ասել է Միրզոյանը:

 Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ են ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները:

Միրզոյանը նաև անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը մեկուկես տարի անց էլ ամբողջությամբ չի կատարվել, հատկապես տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը դեռևս լուծված չէ:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել»,- նշել է ԱԳ նախարարը:

Ըստ նախարարի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ:  

Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Միրզոյանն ընդգծել է, որ իրենք բազմիցս նշել են, որ Հայաստանն ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ: 

Նրա խոսքով՝ գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն:

Խոսելով ապաշրջափակման մասին՝ Միրզոյանը վստահեցրել է, որ  քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս է հայտնել, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]