Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Պատրաստեք ճամպրուկները, հարմար տեղավորվեք. դեպի Թունիս զբոսաշրջային ուղղության այս տարվա մեկնարկը տրված է

Պատրաստեք ճամպրուկները, հարմար տեղավորվեք. դեպի Թունիս զբոսաշրջային 
ուղղության այս տարվա մեկնարկը տրված է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարգելի զբոսաշրջիկներ, պատրաստեք ձեր ճամպրուկները, հարմար տեղավորվեք, Հայաստանից մեկնարկում է դեպի Թունիս զբոսաշրջային ուղղության այս տարվա առաջին ուղիղ թռիչքը։ Այն իրականացնում է «Նուվել էյր» ավիաընկերությունը, որը հայաստանյան շուկա մուտք գործեց «Անռիվա-Տուր» ընկերության հետ համագործակցությամբ։

Այս տարվա առաջին թռիչքը մեկնարկում է մեդիատուր նախաձեռնությամբ, որի շրջանակում Հայաստանի մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողները Թունիսի զբոսաշրջային հնարավորություններին ծանոթանալու ու այդ ամենը հանգամանալից ներկայացնելու  հնարավորություն կունենան։

Դեպի Թունիս զբոսաշրջային ուղղությունը շատ հայաստանցիների համար, թերևս, չբացահայտված է։ Այս ուղղությունը Հայաստանի զբոսաշրջիկների շրջանում պահանջարկ չի ունեցել ուղիղ չվերթների ու տուրիստական առաջարկների բացակայության պատճառով։ Թունիս մուտքի համար նախատեսված է նաև վիզա, որը ստանալը բարդ ընթացակարգ էր ենթադրում։ Նախկինում Թունիսի մուտքի արտոնագիրը ՀՀ քաղաքացիները ստանում էին Մոսկվայում գտնվող Թունիսի դեսպանությունից։ Այսօր այդ բարդ գործընթացների միջով անցնելու կարիք չկա. եթե Թունիս մեկնել պատրաստվող Հայաստանի զբոսաշրջիկը գնում է «Անռիվա-Տուրի» առաջարկած փաթեթները, որոնք վաճառում են հայաստանյան բոլոր տուրիստական ընկերությունները, ապա արտոնագիրը տրվում է հենց օդանավակայանում, ինչպես արվում է Հուրգադայի (Եգիպտոս) պարագայում։ Դեպի Թունիս թռիչքի տևողությունը 4 ժամ է։ Թռիչքները Երևանից նախատեսված են շաբաթական մեկ անգամ: Այս տարվա վերջին թռիչքը սեպտեմբերի 30-ին է։

Մինչ համավարակը՝ Թունիսը բավական ակտիվ զբոսաշրջային ուղղություն է եղել աշխարհի տարբեր երկրների համար: Թունիսը տարեկան մի քանի միլիոն զբոսաշրջիկ է ընդունում բազմաթիվ երկրներից։ Այն հայտնի է ինչպես իր ծովափնյա հանգստով, այնպես էլ մշակութային, պատմական վայրերով։  Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Թունիսի ափերը ողողում է Միջերկրական ծովը։ Զբոսաշրջիկները գալիս են վայելելու թունիսյան լողափերը, ծանոթանալու պատմական ու տեսարժան վայրերին, գնումներ կատարելու արևելյան շուկայում, ուղտերի օգնությամբ լինելու աշխարհի ամենամեծ անապատում՝ Սահարայում, որը նաև այդ երկրի այցեքարտերից է։ Ըստ էության՝ Թունիսը հայաստանցիների համար կարող է դառնալ եգիպտական հանգստավայրերին այլընտրանք։

Ի՞նչ պետք է հաշվի առնել Թունիս մեկնելիս, ի՞նչ տուրիստական վայրեր պետք է այցելել Թունիսում, ինչպիսի՞ն են տեղի լողափերը, ինչպիսի՞ ծառայություններ են առաջարկում հյուրանոցները, ի՞նչ կարելի է գնել Թունիսում՝ այս և այլ հարցերի պատասխանները կլինեն առաջիկա մեր հրապարակումներում։ Հանգամանալից կներկայացնենք Թունիսի զբոսաշրջային առաջարկներն ու հնարավորությունները։

Աննա Գզիրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]