Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատերազմի հետևանքով ՀՀ է տեղահանվել և ապաստան ստացել շուրջ 91 000 մարդ, 88%-ը՝ կանայք և երեխաներ. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Պատերազմի հետևանքով ՀՀ է տեղահանվել և ապաստան ստացել շուրջ 91 000 մարդ, 
88%-ը՝ կանայք և երեխաներ. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում հայտնել է, 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստան է տեղահանվել և ապաստան ստացել ավելի քան 91. 000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովը հրապարակել է պատգամավորի ելույթի տեքստը:

«20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, եւ, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, ով ներկայում Ստրասբուրգի քաղաքապետն է: Մեկ այլ հայ ուժեղ կին` Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչեւ 1921 թ.` նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը»,-նշել է Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբեւէ, բայց դեռեւս բավարար չէ. 35 տոկոս է: Պատգամավորը շեշտել է, որ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` ակտիվորեն մասնակցում են նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում:

«Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին»,-նշել է նա:

Պատգամավորը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը` վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերում:

Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին եւ մարտահրավերներին:Ագրեսիվ պատերազմի հետեւանքով Հայաստան է տեղահանվել եւ ապաստան ստացել ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են:

«Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց եւ աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց եւ աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետեւանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց եւ աղջիկների վրա: Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները եւ հարեւան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի եւ բռնության օգտին` գտնելով արդարացումներ»,- եզրափակել է Ղազարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]