1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-գերմանական գործընկերության օրակարգը

ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-գերմանական 
գործընկերության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը:

Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի շուրջ:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ՀՀ կառավարության հռչակած խաղաղության օրակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին:

Վիկտոր Ռիխտերը ԳԴՀ կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

ՀՀ վարչապետը կարևորել է առաջադեմ միջազգային հանրության հասցեական արձագանքը հումանիտար և անվտանգային խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]