Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սերունդ» ծրագիրը դպրոցներ է բերել դասավանդման նոր մոտեցում՝ դառնալով աշակերտների մոտիվացիայի աղբյուր

«Սերունդ» ծրագիրը դպրոցներ է բերել դասավանդման նոր մոտեցում՝ դառնալով 
աշակերտների մոտիվացիայի աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Նոր մոտեցում՝ կրթական համակարգում, ուսուցիչ, աշակերտ և ծնող հետաքրքիր համագործակցություն, տեղափոխություն համերի, գույների և հույզերի աշխարհ. ահա այն, ինչը բերել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագիրը Թաղտա համայնքի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի մասնաճյուղին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը նշեց, որ համաձայն «Դասավանդիր Հայաստան»-ի 2050 թվականի խոստման՝ նպատակ է դրված ձևավորել քաղաքացիներ՝ որոնք լինելու են ակտիվ, ներգրավված իրենց համայնքներում և դառնալու են առաջնորդներ: Այսինքն՝ դպրոցի միջոցով  ձևավորելու են առաջնորդների սերունդ:

Ծրագրի ղեկավարը նշեց՝ ծրագրի մոդելը ենթադրում, է որ յուրաքանչյուր դպրոցում լինելու է մեկ առաջնորդության զարգացման ղեկավար և երկու դասավանդման առաջնորդ: Առաջնորդության զարգացման ղեկավարը ձևավորում է ծրագիրը տվյալ դպրոցի կարիքների հիման վրա, հարմարեցնում է և՛ գործիքները, և՛ բովանդակությունը, իսկ դասավանդման առաջնորդներն ուղղորդում են և  կազմակերպում են դասեր, որի միջոցով ցույց են տալիս՝ ինչպես անցկացնել դասը:

«2020 թվականի աշնանը «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը Թախտայի տարրական դպրոցում մեկնարկեց «Սերունդ» փորձնական ծրագիրը՝ 5 գործող ուսուցիչների և 47 աշակերտների հետ: Ընդամենը երկու ամսվա ընթացքում ներգրավված աշակերտների քանակը գրեթե կրկնապատկվեց: Ահա, մեկ տարի անց այսօր դպրոցում ընդգրկված է թվով 100 աշակերտ, և ծրագիրն այժմ էլ ավելի ընդլայնվելով՝ մեկնարկել է ևս երկու հանրակրթական հաստատություններում՝ Իջևանի վարժարանում և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում: Ընդհանուր առմամբ, այժմ ծրագրում ներգրավված են շուրջ 50 ուսուցիչներ և ավելի քան 300 սովորողներ»,- ասաց Քրիստինա Ծատուրյանը:

Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի դասվար, «Սերունդ» ծրագրի մասնակից Գայանե Գասպարյանը նշեց, որ դպրոցում ծրագրի ներդրումից հետո ուսուցումը դարձրել են կարիքահեն: «Սերունդ» ծրագրի ներդնումից հետո դասընթացում երեք բաղկացուցիչ մաս դարձել է պարտադիր՝ առավոտյան շրջան, համագործակցային ուսուցում, հրաժեշտի շրջան:

«Ի սկզբանե կարող են թվալ, որ այս երեք գործողություններն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց դրանք շատ կարևոր են. առավոտյան շրջանի ժամանակ երեխաները բոլորը լսելի են դառնում, նրանք կարողանում են իրենց հույզերն արտահայտել: Համագործակցային ուսուցումը կարևորում ենք նրանով, որ խմբում երեխաներն ավելի հեշտ են ինքնադրսևորվում, օգտագործում են իրենց ուժեղ կողմերը բարելավելու, մյուսների թույլ կողմերը շտկելու համար: Իսկ հրաժեշտի շրջանը մեր օրվա ամփոփումն է, որպեսզի տեսնենք մեր այսօրվա դրված նպատակները՝ ուր էինք և օրվա վերջում ո՞ւր հասանք և հետագայում որտե՞ղ պիտի հասնենք»,- ասաց նա:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Դասվարի խոսքով՝ «Սերունդ» դպրոցի հիմնական առաքելությունն է դասական դասապրոցեսին ավելացնել նոր, հետաքրքիր ու մոտիվացնող գործընթացներ, որում, բացի աշակերտներից ու ուսուցիչներից, շատ ակտիվ ներգրավված են նաև ծնողները: Աշակերտները ակադեմիական գիտելիքներ ստանալուց զատ նաև միասին նկարում են, պատրաստում են շոկոլադ, թխում են հաց, խմբային տարբեր աշխատանքներ են իրականացնում և այս ամենին ներգրավված են նաև ծնողները: Ուսուցիչը փաստեց, որ այս նախագծի ներդրման շնորհիվ երեխաները շատ երջանիկ են իրենց զգում, որ իրենց ծնողները ոչ թե միայն կողքից դիտում են, այլ այդ ամենի անմիջական մասնակիցն են: Ավելի ինքնավստահ են դառնում, երբ տեսնում են, որ իրենց ծնողը միշտ կանգնած է իրենց կողքին, այլ ոչ թե միայն հարցնում են՝ ինչ ես ստացել:

Էրիկա Ալիխանյանը, ով ապագայում պատրաստվում է դառնալ հոգեբան, մասնագիտության ընտրությունը վերջնական կատարել է, երբ  «Սերունդ» ծրագրի շրջանակում առիթ է ունեցել զրուցելու հոգեբան մասնագետների հետ:

Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհու խոսքով՝ «Սերունդ» ծրագրի ներդրվելուց հետո սկսել է ավելի լավ ճանաչել  ինքն իրեն և ընկերներին:

«Ինձ համար «Սերունդ» ծրագիրն առանձնանում է նրանով, որ դասավանդման առաջնորդները միշտ զրուցում են մեզ հետ, հասկանում են մեր խնդիրները, և փորձում ենք դա միասին լուծել: Ինչպես նաև հիմա մենք բացի մեր հիմնական դասերից իրականացնում ենք մի շարք զարգացնող ու թիմային աշխատանքներ՝ տարբեր բաներ ենք պատրաստում, երգ, պար, նկարչություն, ինչպես նաև ունենք հանգստի սենյակ, որտեղ հավաքվում ենք, զրուցում»-ասաց Էրիկան:

«Սերունդ» ծրագրում ընդգրկված  առաջնորդության զարգացման ղեկավարը և դասավանդման առաջնորդները «Դասավանդիր Հայաստան»-ի շրջանավարտներն են:

«Սերունդ» ծրագիրն իրականացվում է բացառապես ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան։ Ծրագրի շրջանակում տրամադրվում են գործիքներ, ռեսուրսներ կրթական ծրագրի լիարժեք իրագործման և դյուրացման համար։

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]